ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՖԱՐՅԱՆԸ՝ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԹՅՈՒՐՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՖԱՐՅԱՆԸ՝ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԹՅՈՒՐՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

1853

Analitik.am-ի զրուցակիցն է  ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը.

Ինչպե՞ս եղավ մասնագիտության ընտրությունը, ինչու՞ որոշեցիք նվիրվել թյուրքագիտությանը:

Պատմաբանասիրական հակումներ ունեցել եմ պատանեկությունից, նույնիսկ բանաստեղծություններ էի գրում, որոնցից մի քանիսը հետագայում տպագրվեցին «Գարուն» ամսագրում՝ գրեթե հարյուր հազար տպաքանակով: Արևելագիտության ֆակուլտետ ընդունվել եմ 38 տարի առաջ, այն ժամանակ արաբական, իրանական և թուրքական բաժինների ընդունելությունն ընդհանուր էր: Երբ ընդունվեցի, ֆակուլտետի դեկան, երջանկահիշատակ Մերի Հրաչյայի Քոչարը, իմանալով, որ դպրոցն ավարտել եմ ոսկե մեդալով, հորդորեց ընտրել թուրքական բաժինը, որտեղ ամենաբարդ տեսական առարկաները հենց ինքն էր դասավանդում:

Այսօր խոնարհումով եմ հիշում մեծ հայրենասերին՝ պրոֆեսոր Մերի Քոչարին, ով հետագայում դարձավ նաև թեկնածուական ատենախոսությանս գիտական ղեկավարը, ամեն ինչ արեց ինձ Մոսկվա և Դամասկոս ստաժավորումների գործուղելու, նախկին ԽՍՀՄ առաջատար թյուրքագետների հետ ծանոթացնելու, ասել է թե, իմ մասնագիտական կայացման համար: Երախտագիտությամբ եմ հիշում  իմ երջանկահիշատակ Մեծ Ուսուցիչներին՝ պրոֆեսորներ Ջոն Կիրակոսյանին և Հակոբ Փափազյանին, ով այնպիսի անօրինակ վարպետությամբ-թեթևությամբ էր կարդում օսմաներեն, պարսկերեն, արաբերեն ամենախրթին ձեռագրերը, որ արտերկրի գործընկերներից ստացել էր «արևելագիտության Մոցարտ» անունը: Արևշատություն, երկար տարիների կյանք ու նորանոր ստեղծագործական հաջողություններ եմ մաղթում սիրելի Ուսուցչիս՝ պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին, ով հիրավի, կրթել ու դաստիարակել է սերունդներ: Վստահ եմ՝ իր բազմահազար աշակերտներն ի խորոց սրտի հիմա միանում են այս բարեմաղթանքիս:

Ի՞նչ հիմնախնդիրներ ու մարտահրավերներ ունի հայ արևելագիտությունը և ի՞նչ խորհուրդներ եք տալիս Ձեր ուսանողներին, ովքեր որոշել են զբաղվել թյուքագիտությամբ:

Կան հիմնախնդիրներ ու մարտահրավերներ, որոնք կանգնած են ընդհանրապես մեր գիտության կամ հումանիտար գիտության առաջ: Կան նաև յուրահատուկ խնդիրներ…

Ամեն դեպքում, պետք է արձանագրել, որ մեր օսմանագիտությունը և թյուրքագիտությունը նորանկախ Հայաստանում, չնայած մշտական անբավարար ֆինանսավորմանը, հարատև վերելք են ապրել: Մեր թյուրքագիտության խնդիրը շատ լայն ու պատկերավոր ձևակերպմամբ օբյեկտիվորեն գոյություն ունեցող «թյուրք-մահմեդական աշխարհի» հանդեպ Հայաստանի ու համայն հայության «ադապտացիոն մեխանիզմների» մշակումն ու բյուրեղացումն է, որից բխում են բազում-բազում կոնկրետ խնդիրներ, գիտակրթական ու մշակութային  աշխատանքներ, տարաբնույթ, հաճախ ոչ ասիմետրիկ լուծումներ-ալգորիթմներ… Անշուշտ, ինձ հատկապես մտահոգում է երիտասարդ, տաղանդավոր մասնագետների արտագաղթը, հայ ժողովրդի ամենամեծ հարստության՝ ուղեղների արտահոսքը, այսուհանդերձ, փաստ է նաև, որ եթե իմ երբեմնի ասպիրանտները՝ օսմանագետ-դոկտորներ Տիգրան Պետրոսյանն ու Անի Սարգսյանն այսօր աշխատում են Բեռլինի և Համբուրգի առաջատար համալսարաններում, դա խոսում է մեր արևելագիտական դպրոցի միջազգային մասշտաբով մրցունակության մասին:

Ամենևին գաղտնիք չէ, որ մեր բարին չկամեցողներն Ադրբեջանում և Թուրքիայում, այսօր ոչ միայն ահռելի-անասելի ֆինանսական ռեսուրսներ են ծախսում  հակահայաստանյան  պայքարում, այլև փորձում են ձևավորել հայի բացասական իմիջ: Սրան հակազդելը նաև ասիմետրիկ լուծումներով գերհագեցած, բարդ, նուրբ, միանշանակորեն ոչ արհեստավարժ և «աղմկոտ» մոտեցումներ չհանդուրժող մի գործընթաց է: Հայ թյուքագետի անգամ պատահական  սայթաքումը կարող է վտանգել ոչ միայն նրա մասնագիտական ռեյտինգը և կարիերան, այլև վնասել մեր ժողովրդին: «Մի վնասիր» պատգամը հայ արևելագետներիս համար ավելի պակաս ակտուալ-պրագմատիկ չէ, քան բժիշկների համար: Ավելորդ է ասել, թե որքան կարևոր է թյուրքագետի համար թուրքերենի, օսմաներենի, ադրբեջաներենի, այլ արևելյան լեզուների, և իհարկե, ռուսերենի և անգլերենի հնարավորինս հիմնարար իմացությունը, վերլուծական ունակությունների և թարգմանչի հմտությունների  ձևավորումը: Հատուկ ուզում եմ ընդգծել ռուսերենի բացառիկ կարևորությունը թյուրքագիտության ոլորտում: Թերևս  գիտության  այն բացառիկ ոլորտը, որտեղ ռուսերեն տեղեկատվությունը գերակշռում է անգլերենին, հենց թյուրքագիտությունն է, ինչը պատմական ու քաղաքական խոր արմատներ ունի, թյուրքական տարբեր ժողովուրդներ ներկայացնող գիտնականների ու մշակույթի գործիչների համար ռուսերենը պատմականորեն եղել և մնում է հաղորդակցման հիմնական միջոց…

Շատ կարևոր է ամենօրյա քրտնաջան աշխատանքը, աշխատասիրությունը, ինչը ես և մեր թյուրքագետ դասախոսները փորձում ենք ներարկել մեր սիրելի ուսանողներին հեևողականորեն՝ նրանց նախապատրաստելով աշխատաշուկայում առավել մրցունակ լինելուն:

Ձեր աշակերտների ի՞նչ ձեռքբերումներով եք հպարտանում, որոնք քիչ լուսաբանված լինելով հանդերձ մեծ դեր են խաղացել հայ թյուրքագիտության զարգացման մեջ:

Աշակերտներով հպարտանալը, իմ կարծիքով, ամենաարդարացված հպարտությունն է և որևէ աղերս չունի գոռոզության հետ:

Սիրելի գործընկերոջս և նախկին աշակերտիս՝ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Սողոմոնյանի, ճանաչված պոսլահայ լրագրող Տիրան Լոքմագյոզյանի հետ համահեղինակած մեր թուրքերենի դասագիրքը հայաստանյան ամենամեծ հրատարակչություններում արդեն իսկ հրատարակվել է վեց անգամ, այս գրքի մասին Հայաստանում և Թուրքիայում լույս է տեսել շուրջ երկու տասնյակ դրական գրախոսություն, որոնցից մեկն էլ գրել է երջանկահիշատակ սիրելի ընկերս՝ Հրանտ Դինքը:

Անթաքույց հպարտանում եմ իմ՝ վաղուց տասից ավելի ասպիրանտներով, ովքեր այսօր առաջատար դիրքեր են զբաղեցնում ոչ միայն հայաստանյան, այլև համահայկական թյուրքագիտության և օսմանագիտության ասպարեզում: Արևելագիտության ֆակուլտետի ներկայիս դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը ոչ միայն ճանաչված է մեր գիտական ու մշակութային հանրության կողմից, այլև, որ ոչ պակաս կարևոր է, հիրավի, սիրված է ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի  կողմից: Վերջերս նա հրատարակեց թուրք գրականության՝ հայ իրականության մեջ առաջին, այդքան սպասված բուհական դասագիրքը: Մինչ այդ նա ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի, Վահրամ Տեր-Մաթևոսյանի, Արթուր Դումանյանի, Հակոբ Չաքրյանի, Անուշ Հովհաննիսյանի հետ համատեղ հրատարակել էր «Թուրքիայի հանրապետության պատմություն» հույժ արդիական և արժեքավոր դասագիրքը:

ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-օսմանական առնչությունների բաժնի վարիչ և թյուրքագիտության ամբիոնի դոցենտ Լուսինե Սահակյանը հայաստանյան առաջատար օսմանագետներից, աղբյուրագետներից և լեզվաբաններից մեկն է: Պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, Լուսինե Սահակյանը և նվաստս մի քանի հոդվածներ ենք հրապարակել Հայաստանի, Ռուսաստանի և Ղազախստանի առաջատար համալսարաններում, զեկուցումներ ներկայացրել մի շարք միջազգային գիտաժողովներում՝ նվիրված հայատառ ղփչաղերեն ձեռագրերի լեզվաբանական ուսումնասիրության առավել բարդ, անշուշտ նաև, հասարակական-քաղաքական արտակարգ մեծ հնչեղություն ունեցող հիմախնդիրներին: Իհարկե, հայատառ ղփչաղերեն ձեռագրերի ուսումնասիրության և դրանց թյուրքական լեզուների պատմության վիճահարույց հիմնահարցերի լուսաբանման ասպարեզում հայ արևելագետների վաստակած գերակայության մասին  Ռուսաստանի Դաշնությունում, Ղազախստանում, Թուրքմենստանում անհամեմատ ավելի շատ է գրվել ու խոսվել, քան մեր ԶԼՄ-ներում:

ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-օսմանական առնչությունների բաժնի վարիչ Լուսինե Սահակյանի, նույն բաժնի գիտաշխատող Անի Սարգսյանի և նվաստիս բազմամյա ստեղծագործական համագործակցության արդյունքում վերջերս հրատարակվեց  նաև հայ իրականության մեջ առաջին բուհական «Օսմաներենի դասագիրքը»:

Հպարտ եմ նաև գիտության մեջ իմ «թոռներով»՝ արդեն իմ ասպիրանտների ասպիրանտներով: Բանասիրական գիտությունների թեկնածու Նաիրա Պողոսյանը բազմիցս հանդես է եկել միջազգային տարբեր գիտաժողովներում՝ դառնալով մրցունակության «կրկնօրինակման տիպար»:

Ռուբեն Մելքոնյանի, Լուսինե Սահակյանի, Անի Սարգսյանի,  Նաիրա Պողոսյանի և մեր մյուս թյուրքագետների  աշխատանքներն այսօր տարբեր լեզուներով պարբերաբար հրատարակվում են Ֆրանսիայում, Գերմանիայում, Կանադայում Թուրքիայում, Ռուսաստանում, Չինաստանում, Ղազախստանում, Թուրքմենստանում, Իրանում և այլ երկրներում: Աշխարհագրությունը շատ-շատ լայն է…

Հարկ է հավելել, որ մեր շրջանավարտներն այսօր մեծ հաջողությամբ աշխատում են ԱԳՆ-ում, ՊՆ-ում, այլ գերատեսչություններում, ճանաչված լրագրողներ ու վերլուծաբաններ են:

Տարիներ շարունակ  դասավանդել եք ԵՊՀ-ում և արտերկրի տարբեր ԲՈւՀ-երում, հետաքրքիր է իմանալ, ըստ Ձեզ, ինչո՞վ է առանձնանում ներկայիս՝ անկախության սերունդը:

Ազատ-անկաշկանդ մտածելակերպով: Սա մեծ արժեք է, անասելի մեծ ներուժ ունի մեր երիտասարդությունը: Տաղանդավոր հայ երիտասարդներ միշտ եղել են, կան ու կլինեն: Սա նաև ռեկրիացվող ռեսուրս է, բայց այն երբևէ չի կարելի մսխել: Եթե որևէ գիտաշխատող-մանկավարժ համոզված չէ, որ իրենից հետո եկողներն իրենից լավն են, ապա նա համալսարաններում  անելիք չունի:

Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում հայ-թուրքական հարաբերություններում՝ կապված Թուրքիայում վերջերս կայացած ընտրությունների հետ:

Մեր ընթերցողները լավ են տեղեկացված այն հարցում, որ Թուրքիան Արցախի շուրջ հակամարտության ողջ ընթացքում որդեգրել է միանշանակ ադրբեջանամետ դիրքորոշում, արցախյան հիմնահարցը ներառել է հայ-թուրքական հարաբերությունների առանց այդ էլ բարդ թնջուկում: Տարիներ առաջ, երբ ծավալվում էր «ֆուտբոլային դիվանագիտությունը», և մեր հասրակական-քաղաքական դիսկուրսում սուր վեճեր էին ծավալվում, ԵՊՀ փորձագետներս մի քանի հրապարակումներում արձանագրել ենք, որ Գյուլը և Էրդողանը սուր քննադատության էին ենթարկվում էլ ավելի ադրբեջանամետ դեվլեթբահչելիական և քըլըչդարօղլուական ընդդիմության կողմից «ադրբեջանցի եղբայրներին դավաճանելու համար»:

Ակնհայտ էր, որ չարչրկված հայտնի արձանագրությունները խորհրդարանական վավերացման որևէ հեռանկար չունեին: Առաջիկայում կանխատեսում եմ փոփոխություններ ներթուրքական իրականության մեջ, ավելի հեռահար հեռանկարում՝ հերթական «մակընթացություններն ու տեղատվությունները» նաև ռուս-թուրքական հարաբերություններում, բայց ոչ էական տեղաշարժեր հայ-թուրքական հարաբերություններու (առնվազն մինչև գլոբալ կամ տարածաշրջանային քաղաքականության հրամայականներում էական տեղաշարժերը): Գիտակցելով, որ Ձեր կայքի ընթերցողներն առավել իրազեկված են, պարզապես նրանց դատին  կներկայացնեի նաև ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի միջամբիոնային համագործակցության արդյունքում 2017թ.-ին հրատարակված «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը Թուրքիայի հասարակական-քաղաքական դիսկուրսում» կոլեկտիվ մենագրությունը, որի համահեղինակներն են մեր ամբիոնի ասիստենտ, պատմական գիտությունների թեկնածու Դավիթ Սաֆարյանը, ՀՀ վաստակավոր մանկավարժ, պրոֆեսոր, ԼՂՀ  ԶՈւ գնդապետ Գուրգեն Մելիքյանը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Վարդան Ոսկանյանը և նվաստս: Մենագրությունն ամփոփում է Թուրքիայի հասրակական-քաղաքական դիսկուրսում Արցախի հակամարտության, հայ-թուրքական հարաբերությունների թնջուկում նրա ներառման հիմնահարցերը, թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ներում «հայկական թեմատիկայի» համալիրի բազմամյա մշտազննման ու վերլուծության արդյունքները, համահեղինակների գիտագործնական առաջարկները:

Կարծում եմ՝ վերոհիշյալ կոլեկտիվ մենագրությունը, որի խմբագիրն է ակադեմիկոս  Ռուբեն Սաֆրաստյանը , իսկ գրախոսները՝ պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը և արաբագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Հայկ Քոչարյանը, կհետաքրքրի ոչ միայն արևելագետներին, քաղաքագետներին, միջազգայնագետներին, լրագրողներին, այլև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրներով հետաքրքրվող ընթերցողների առավել լայն շրջանակին:

 

Էդուարդ Գալստյան

Կիսվել