ԻՆՉՈՒ՞ ՀԱՅԵՐԵՆԻ ՄՐՑՈՒՅԹԸ ՉԻ ԳՐԱՎՈՒՄ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ

ԻՆՉՈՒ՞ ՀԱՅԵՐԵՆԻ ՄՐՑՈՒՅԹԸ ՉԻ ԳՐԱՎՈՒՄ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ

2003

Մեկնարկել է «Մեղու» հայերենի մրցույթը, որին կարող են մասնակցել 3-12-րդ դասարանների բոլոր ցանկացող աշակերտները: Այս տարի մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին:

Մրցութային փաթեթ-հրավերներն արդեն ուղարկվել են Հայաստանի և Արցախի ավելի քան 1250 դպրոցներին: Փաթեթներն ընդգրկում են դպրոցի մասնակցության հայտը, մրցույթի անցկացման մանրամասն կարգը և այլ անհրաժեշտ նյութեր:

Սևանի Խաչատուր Աբովյանի անվան ավագ դպրոցը այս տարի, ցավոք, մասնակցության հայտ չի ներկայացրել: Դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Էմմա Իսրայելյանը այս իրողությունը բացատրեց նրանով, որ մրցույթը ավելի շատ ցածր դասարանների համար է․ «Ավագ դպրոցի երեխաները ավելի շատ են զբաղված, նրանց հետաքրքրությունը մեծ չէ «Մեղու» մրցույթի նկատմամբ։ Կարծում եմ` այստեղ նաև ֆինանսական հարցն է` սեպտեմբերին գրքերի վճարները, տետրեր գնելու ծախսերը․ կարող է՝ ծնողները դժվարանում են»։ Իսկ այն հարցին, թե որպես հայոց լեզվի մասնագետ, ինքն ինչպես է գնահատում մրցույթը, նա նշեց․ «Առհասարակ ես մրցույթը հավանում եմ, երեխաները ճիշտ կանեին, եթե մասնակցեին։ Ընդհանուր առմամբ՝ աշակերտների ինքնաստուգման համար ընտրված ճիշտ մեթոդ է»։

Աշակերտներն էլ խոստովանեցին, որ մրցույթը չի գրավում իրենց, մրցակցությունը այդքան էլ մեծ չէ։ 10-րդ դասարանի տնտեսագիտական հոսքի աշակերտուհի Նարինե Քոչարյանն ասաց, որ չի սիրում մասնակցել այնպիսի մրցույթների, որոնց համար պետք է վճարի․ «Ավելի ճիշտ կլիներ, եթե հայտարարվեր մրցույթ, իսկ ցանկացողները ինքնակամ դիմեին, առանց վճարում կատարելու»։

«Մեղու» հայերենի մրցույթը ստեղծվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից: Մրցույթը 2014 թվականից ամեն տարի անցկացվում է Հայաստանի ու Արցախի դպրոցներում: Նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել Հայոց լեզու առարկայի հանդեպ, այն առավել գրավիչ ու սիրելի դարձնել երեխաների համար, նորովի մատուցել հայոց լեզուն` ցույց տալով նրա ողջ հմայքն ու գեղեցկությունը, զարգացնել երեխաների լեզվամտածողական եւ լեզվագիտական ունակությունները:

2015 թվականին «Մեղու»-ին մասնակցել են ընդհանուր թվով 41.606 դպրոցականներ` հանրապետության բոլոր մարզերի և Արցախի 1001 դպրոցներից: Մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել 1 աշակերտ, իսկ մրցույթում լավագույն արդյունք է ցուցաբերել 308 աշակերտ:

 

Ստեփանյան Լիաննա

2-րդ կուրս

Կիսվել