ԳՅՈՒՄՐԻՆ՝ «ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳՐԻ ԹԻՐԱԽԱՅԻՆ ՔԱՂԱՔ

ԳՅՈՒՄՐԻՆ՝ «ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳՐԻ ԹԻՐԱԽԱՅԻՆ ՔԱՂԱՔ

2824

Սեպտեմբերի 8-ին «Իմ Հայաստան» մշակութային ժառանգության և զբոսաշրջության ծրագիրը կազմակերպել էր լրատվամիջոցների այց Գյումրի։

«Իմ Հայաստան» ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և իրականացվում Սմիթսոնյան Ինստիտուտի կողմից, փորձում  է թիրախային մարզերը ներկայացնել զբոսաշրջիկների համար գրավիչ կողմերով, աջակցել տեղական տնտեսությունների զարգացմանն ու օգնել տեղացի վարպետներին արդյունավետ աշխատել շուկայում։

«Մեր հիմնական թիրախներն են՝ թանգարանները, գինեգործներն ու վարպետները։ Աշխատելով վերջիններիս հետ՝ փորձում ենք նրանց ներգրավվել քաղաքի զբոսաշրջային կյանքին, նրանց արտադրանքը  զբոսաշրջիկի համար դարձնել հասանելի ու հետաքրքիր։ Օրինակ, անցած տարի ծրագրին մասնակցող վարպետների թիվը 66 էր, բայց այս տարի կրկնապատկվել է»,-նշում է ծրագրի հաղորդակցության մասնագետ Նունե Հայրապետյանը։

Ամեն տարի «Իմ Հայաստանը» Կասկադ համալիրում կազմակերպում է ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որտեղ ծրագրին մասնակցող վարպետները վաճառում են իրենց արտադրանքները։

Թիրախային մարզերում համագործակցելու պատրաստակամ վարպետների գտնելու համար «Իմ Հայաստանը» համագործակցում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետազոտողների հետ, ովքեր կատարում են ուսամնասիրություններ՝ հավաքագրելով տեղեկություններ վարպետների և նրանց կատարած աշխատանքների մասին։ Այնուհետև «Իմ Հայաստանը» կապ է հաստատում վարպետների հետ և փնտրում համագործակցության եզրեր։

Այդ վարպետներից է գյումրեցի քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Ալբերտ Վարդանյանը։ Զբոսաշրջիկներին Գյումրու քաղաքային արվեստին, քանդակների, հուշարձանների պատմությանն է ծանոթացնում վարպետի որդին՝ Ավետիք Վարդանյանը։ Զբոսաշրջիկները հնարավորություն ունեն անձամբ շփվելու վարպետի հետ, այցելել նրա տուն-արվեստանոց՝ ծանոթանալու, մասնակցելու քանդակների պատրաստման գործընթացին։

«Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը» «Իմ Հայաստան» ծրագրի հետ համատեղ ևս մշակել է զբոսաշրջային նոր փորձառություն։ «Զբոսաշրջիկները կարող են մասնակցել խեցեգործության վարպետության դասին, պատրաստել հուշանվեր և տանել իրենց հետ»․-նշում է պատկերասրահի տնօրեն Վահագն Ղուկասյանը։

Գյումրի այցելելու ժամանակ քաղաքի պատմության ու կոլորիտի մասին էին պատմում «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակներում տեղի երիտասարդներից վերապատրաստված զբոսավարները։ 90 րոպե տևողությամբ քաղաքային տուր-փաթեթը մշակվել է Քաղաքային հետազոտությունների կենտրոնի հետ։ Զբոսավարները ներկայացնում են քաղաքի պատմությունը, ճարտարապետական առանձնահատկությունները, առանձին հետաքրքրաշարժ դրվագներ՝ կապված այս կամ այն շինության պատմության հետ։

ՀՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ Ալբերտ Վարդանյան 
Տուն-արվեստանոցի վարպետներից
Ձուլման մեծ վառարան
Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ

Ալբերտ Վարդանյանի որդին՝ Ավետիք Վարդանյանը հոր պատրաստած քանդակի կողքին

 

Սոնա Աբունց

3-րդ կուրս

Կիսվել