ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ը ՆՇՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ԱՂՋԻԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ը ՆՇՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ԱՂՋԻԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

2580

Հոկտեմբերի 11-ը նշվում է որպես աղջիկ երեխաների միջազգային օր (International Day of the Girl Child):
Օրը հռչակել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, որի նպատակն էր ընդունել աղջիկների իրավունքները և միջազգային հանրության ուշադրությունը  հրավիրել ողջ աշխարհում աղջիկներին բախվող հատուկ խնդիրներին:
Օրն առաջին անգամ նշվել է 2012-ին, իսկ թեման եղել է աղջիկների վաղ ամուսնությունները:
Տարեցտարի հաջորդել են «Նորարարությունները աղջիկների կրթության համար», «Ընդլայնել աղջիկների իրավունքներն ու հնարավորութունները՝ վերջ տալ բռնության շրջապտույտին» խորագրերը:

Հայաստանում աղջիկ երեխաների առջև ծառացած մեծագույն խնդիրներից մեկն էլ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներն են:

2011 թվականին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը ՀՀ առողջապահության նախարարության եւ Ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ Հայաստանում մեծածավալ հետազոտություն է իրականացրել, ինչի արդյունքում պարզվել է, որ Հայաստանը հայտնվել է սեռով պայմանավորված հղիության ընդհատման վատագույն ցուցանիշներ ունեցող երկրների շարքում (Չինաստան, Հնդկաստան, Ադրբեջան, Ալբանիա):

Խնդիրը մեծամասամբ պայմանավորված է սոցիալական գործոնով:

«Սեռով պայմանավորված հղիության ընդհատումների պատճառը ինչ-որ տեղ ազգային մենտալիտետն է, սուղ ֆինանսական միջոցների պայմաններում շատ երեխաներ ունենալու և պահելու դժվարությունը, նաև մեծ ցանկությունը ունենալ և՛ տղա, և՛ աղջիկ», – նշեց Երևանի Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի գինեկոլոգ Նարինե Շատվերյանը:

«Հիմնական պատճառը ընտանեկան պայմաններն են, ինչպես նաև ամուսինների՝ տղա երեխա ունենալու ցանկությունը»,- ասաց Նաիրի բժշկական կենտրոնի գինեկոլոգ Լիլիթ Հակոբջանյանը:

«Կարծում եմ մարդու կենսամակարդակից է կախված: Խելացի մարդը երբեք չի գնա այդ քայլին, եթե իհարկե չկան սեռով պայմանավորված գենետիկ խնդիրներ»,- ասաց Էրեբունի բժշկական կենտրոնի գինեկոլոգ Նառա Ադամյանը:

Իշխում է նաև այն պատկերացումը, որ միայն արու զավակը կարող է հետագայում օգնել տարեց ծնողներին եւ ապահովել նրանց բարեկեցիկ ծերությունը:

Սեռային նորմալ համամասնությունը ենթադրում է 100 աղջկա դիմաց 105 տղայի ծնունդ, այն դեպքում, երբ Հայաստանում 100 աղջկա դիմաց ծնվում էր 115 տղա:
Ըստ ԱՎԾ տվյալների՝ սեռով պայմանավորված հղիության ամենամեծ թվով ընդհատումներ Երևանից հետո գրանցվել են Գեղարքունիքի, Արագածոտնի և Արարատի մարզերում, իսկ Սյունիքի, Տավուշի, Լոռու մարզերում համեմատաբար փոքր թիվ են կազմել:

Հատկանշական է, որ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության հետ 2014 թ. ֆեյսբուքում կազմակերպել էին «Իսկ դու ունե՞ս աղջիկ» ֆլեշմոբ, որտեղ հայ օգտատերերը, տեղադրելով լուսանկարներ իրենց աղջիկների հետ, դեմ արտահայտվեցին սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին:
Ֆլեշմոբի նպատակը աղջիկ երեխաների ծնունդը խրախուսելն էր:

Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ պայքարի շրջանակում 2016-ին Հայաստանում կատարվեցին օրենսդրական փոփոխություններ:
Նախագծով օրենսդրորեն արգելվեց սեռով պայմանավորված հղիության ընդհատումը, որը բացակայում էր ՀՀ օրենսդրության մեջ:
Մասնավորապես՝ 12-ից մինչև 22 շաբաթական ժամկետում բժշկի կողմից ցուցումների բացակայության, ինչպես նաև հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատումն արգելվում է:

ՀՀ Առողջապահության նախարարությունից տեղեկացանք, որ Հայաստանում նորածինների մոտ աղջիկ-տղա հարաբերակցությունը ցուցաբերում է նվազեցման միտում. եթե 2008-2012թթ. այն կազմել է 100/115, 2016թ.` 100/112, ապա 2017-ին 100/110:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ դրական միտումներ այնուամենայնիվ նկատվում են:

 

Գայանե Հարոյան

3-րդ կուրս

Կիսվել