ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՀԱՋՈՂԱԿ ՁԵՌՆԵՐԵՑ ԴԱՌՆԱԼՈՒ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՀԱՋՈՂԱԿ ՁԵՌՆԵՐԵՑ ԴԱՌՆԱԼՈՒ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

2761

«Ժամանակ- ինֆորմացիա-արժեք-կապեր-փող. ձախողում են նրանք, ովքեր սկսում են փողից»,- Alvarium դասընթացային և խորհրդատվական ընկերության համահիմնադիր Կարեն Վարդանյանի կարծիքով՝ սրանք այն 5 թալիսմաններն են, որոնք անհրաժեշտ են հաջողակ ձեռներեց լինելու համար։

Հոկտեմբերի 13-ին Էլիտ պլազա բիզնես կենտրոնում անցկացվեց մեծ բիզնես կոնֆերանս: Թեման վերաբերում էր Հայատանում բիզնես սկսելու հնարավորություններին ու նախադրյալներին, ինչպես նաև հաջողակ ձեռներեց դառնալու գաղտնիքներին:

Բիզնեսում հաջողություն գրանցած բանախոսները ներկայացնում էին իրենց անցած ճանապարհը, իրենց ապրանքանիշը կամ ծառայությունը և ելնելով սեփական փորձից՝ խորհուրդներ տալիս սկսնակներին:

«Պետք է առաջին հերթին ճիշտ կառավարել ժամանակը, անդադար ինֆորմացիա ստանալ ու ձեռք բերել հմտություններ, այնուհետև կիրառել դա արժեք ձևավորելու համար, որն իր հերթին կապահովի կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը, վերջինս էլ շահույթ կբերի»,-ասաց Կարեն Վարդանյանը։ Նրա խոսքով՝  սա փակ շղթա է, քանի որ վերջին օղակը՝ փողը, հնարավորություն կտա ստանալ նոր ինֆորմացիա, հմտություններ և արժեքներ:

«Զանգի» ընկերության հիմնադիր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը կարևորում է գաղափարը. «Պատկերացրեք աշխարհում 7 միլիարդից ավել մարդ կա, և նրանցից յուրաքանչյուրը քնելուց առաջ գոնե 15 րոպե մտածում է, թե ինչ բիզնես սկսել, իսկ առավոտյան որոշում՝ ինչից սկսել»։:

Վ. Մարտիրոսյանը բացատրում է, որ այս մեծ թվով գաղափարների մեջ սկսնակ ձեռներեցը պիտի կարողանա առաջարկել տարբերվող ու օգտակար ապրանքանիշ կամ ծառայություն, որը պահանջարկ կունենա:

«Մակիչյան Քընսալթինգ» ընկերության հիմնադիր տնօրեն Գրիգոր Մակիչյանն էլ կարծում է, որ բիզնեսմենի առաջին հատկանիշը կարգապահությունն է. նա պիտի իր խոսքի տերը լինի. «Օրվա գրաֆիկից հետ չընկնելու, գործերը վերահսկելու, նշումներ անելու և հիշեցումներ ստանալու համար կարող եք օգտվել trello.com կայքից կամ հավելվածից»,- առաջարկում է Գ.Մակիչյանը:

Նշենք նաև, որ ներկաները թողեցին իրենց ինքնակենսագրականները, որոնք կփոխանցվեն ձեռներեցներին:

Միլենա Մովսեսյան

2-րդ կուրս

Կիսվել