Արման Ղարիբյանը «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության համահիմնադիրն է: Կազմակերպության նպատակներից է՝ բարձրացնել հանրային իրազեկվածությունը մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և շահերի պաշտպանության վերաբերյալ: Արմանը հանդես է եկել տարբեր հասարակական նախաձեռնություններով, ուսումնասիրել մարդու իրավունքները Կենտրոնական եվրոպական համալսարանում, աշխատել «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» և «Coalition to Stop Violence against Woman» ՀԿ-ներում:
–Որքա՞ ն ժամանակ է՝ կազմավորվել է «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը: Ինչպե՞ ս է հղացել գաղափարը և ովքե՞ ր են եղել նախաձեռնողները:
-Կազմակերպությունը պաշտոնապես գրանցվել է 2016թ. դեկտեմբերի 28-ին: Մտահղացողները եղել ենք ես ՝ Արման Ղարիբյանս, Սոնա Հովակիմյանը և Անաիդա Միքայելյանը: Երեքս էլ ակտիվ ենք եղել հասարակական-քաղաքական դաշտում և տարբեր կազմակերպություններում ենք աշխատել։ 2016 թվականի ավարտին երեքիս մոտ էլ կար ինչ-որ նոր բան ստեղծելու գաղափար, որը կտարբերվեր դաշտում գործող մյուս հասարակական կազմակերպություններից։ Փոփոխությունները, որ մեր պատկերացմամբ պետք է լինեին երկրում, նախ պիտի լինեին մեր կազմակերպության ներսում։ Այսինքն, չպետք է լիներ մենիշխանություն, չպետք է լիներ դիրքի չարաշահում և ամենը կապվեր մեկ անձի հետ։ Մեր ներքին կանոնադրությամբ մենք ստեղծեցինք այդ կառուցվածքը: Կազմակերպությունը պետք է ղեկավարվեր համահիմնադիրների կողմից, չունենար նախագահ, ով միանձնյա որոշումներ կայացնի: Բոլոր որոշումները կայացնում ենք երեքով, բոլորի ձայները հավասար են: Այսպիսով փորձում ենք նաև ՀԿ դաշտում իրավիճակ փոխել։
-«Իրավունքի ուժ» ՀԿ–ն արժանացել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի» մրցանակին՝ դատական համակարգն առավել թափանցիկ դարձնելու ջանքերի համար։ Որո՞նք են եղել այդ քայլերը: Ի՞նչ նշանակություն ունի այս մրցանակը ձեր կազմակերպության համար:
-Քայլերը սկսել ենք դեռ 2016թ.-ի վերջից: Դեռ կազմակերպությունը չբացած, մենք մի ծրագիր էինք մշակել, որը վերաբերում էր դատական նիստերի թափանցիկությանը, դատական նիստեր լուսաբանող լրագրողների իրավունքներին։ Արդեն 2 տարի է զբաղվում ենք այդ խնդրով։ Օրինակ հեռուստալրագրողին կարող էին թույլատրել նկարել հինգ րոպե և ասել՝ բավարար է։ Հասկանալի է՝ հինգ րոպեն շատ քիչ ժամանակ է։ Դատական պրոցեսի առաջին հինգ րոպեի ընթացքում առանձնապես ոչ մի հետաքրքիր բան տեղի չի ունենում։ Այդ խնդրին լուծում տալու համար ծրագիր կազմեցինք` նախ երիտասարդ լրագրողներին սովորեցնում էինք իրենց իրավունքները, ապա սկսում էինք մշտադիտարկել բոլոր նիստերը, որոնց լրագրողները մասնակցում էին, հասկանալ ովքեր են այդ դատավորները, ինչ պատճառաբանությամբ են մերժում և արդյոք այդ պատճառաբանությունը լեգիտիմ է։
Հետազոտություն արեցինք՝ դաշտում գործող 40 լրագրողների հետ հարցազրույց անելով։ Մեծ մասը նշում էր՝ խնդիրը կապված է տեսանկարահանման, լուսանկարահանման հետ։ Արդյունքում արեցինք առաջարկություններ համապատասխան մարմիններին: Առաջարկություններից մեկն էր օրենսդրական բարեփոխումներ անելը։ Այդ ժամանակ բարձրագույն դատական խորհուրդը ձևավորված չէր, դրա համար մենք կենտրոնացել էին օրենսդրական փոփոխությունների վրա: Փորձում էինք աշխատել կառավարության հետ։
Այս տարի ազգային ժողովում փոխվեց վարչական դատավարության օրենսգիրքը: Այդտեղ որոշակի դրույթներ փոխվեցին: Բարեբախտաբար բարձրագույն դատական մարմինը մշակեց կանոններ լրագրողների համար: Մեր կազմակերպությունն էլ ոլորտում արդեն մեծ փորձ ուներ, և նրանք մեզ հրավիրեցին, որպեսզի մեր գնահատականը տանք ու առաջարկություններ անենք: Այս բոլոր ջանքերն էին, որ նկատվեցին ու մեզ շնորհվեց «Ոսկե բանալին»:
Մրցանակը կարևորության մասին խոսելիս պետք է շեշտել կազմակերպության երիտասարդ լինելը: Սա այնպիսի մրցույթ չէ, որտեղ դու դիմում ես ու քեզ ներկայացնում: Մենք իսկապես աշխատել ենք նվիրված ու խնդիրն իրոք հուզել է: Կազմակերպությունը չի անում ծրագիր ուղղակի անելու կամ փող վաստակելու համար: Առհասարակ ուրախ կլինեի, եթե մի օր այսպիսի մրցանակ այլևս չլիներ: Այն առումով, որ Հայաստանում բոլոր քաղաքացիները լիարժեքորեն օգտվեն իրենց տեղեկատվություն ստանալու իրավունքից: Այսպիսով՝ դժվար լիներ մեկին ընտրել ու խրախուսել:
-Կարող ենք ասել՝ մրցանակը հետևողական աշխատանքի արդյունք էր:
-Այդպես է : Շատ հետևողական ենք եղել: Նույնսիկ գուցե շատերին ենք ձանձրացրել՝ անընդհատ խոսելով, ֆեյսբուքում գրառումներ կատարելով: Նրանք գուցե հոգնել են, բայց մենք չենք հոգնել: Շատ ուրախ կլինենք, եթե քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ լինեն: Վերջերս փոքրիկ հաջողություն ենք ունեցել: Մեր զեկույցներում միշտ հստակ նշում ենք ՝այս դատավորը սա է արել ու դա իրավաչափ չէ: Լոռու մարզում էր մի դեպք եղել: Երկու անգամ չպատճառաբանված կերպով սահմանափակվել էր նկարահանումը նիստերի ժամանակ: Երկու եռամսյակ արձանագրեցինք, այս եռամսյակ արդեն թույլ տրվեց: Ամեն դեպքում մեր աշխատանքն արդյունք ունենում է. ոչ միայն իրավական ակտերն են փոխվում, այլև դատավորների վարքագիծը:
-«Ոսկե բանալի» մրցանակ առաջին անգամ ստացել եք 2011 թվականին, երկրորդը տրվեց արդեն կազմակերպությանը 2018թ.-ին: Այս ժամանակահատվածում ինչպիսի՞ աշխատանքային դժվարությունների եք բախվել:
-2011 թվականին որպես անհատ լրագրող ստացա այդ մրցանակը: Այն ժամանակ քաղաքապետարանի հետ էր բախումը՝ պայմանավորված հանրային տեղեկատվության բաժնի վատ աշխատելաոճով: Ոչինչ չի փոխվել: Չնայած ընտրություններից հետո գուցե փոխված լինի: Նրանցից տեղեկատվություն ստանալը դյուրին չէր: Այն ժամանակ խնդիր կար հանրային տրանսպորտի հետ կապված: Ես «Արժանապատիվ տրանսպորտ» ծրագրի համահիմնադիր էի ու անդադար նրանցից տեղեկատվություն էի պահանջում երթուղայինների չվացուցակի հետ կապված: Ես դրանք պահանջում էի մոնիթորինգի համար, որպեսզի ապացուցեինք իրենց վատ աշխատանքը: Այս տեղեկատվության բաժինը օրենքի խախտմամբ էր տեղեկատվություն տրամադրում, իսկ ես անընդհատ բարձրաձայնում էի դա: Դրա համար էլ ստացա մրցանակ: Բայց այդ ամենը նրանց չսթափեցրեց:
Ամենից դժվարը 2018 թվականի սկիզբն էր: Հեղափոխությունից առաջ քաղաքապետարանը որոշեց՝ ավագանու նիստերին լրագրողները ներկա չեն լինելու դահլիճում: Նույն օրը Ազգային ժողովը օրենք անցկացրեց՝ կառավարության նիստերը դռնփակ են լինելու: Սա հսկայական հետընթաց էր ոլորտում: Մենք որպես կազմակերպություն սկսեցինք ակցիաներ իրականացնել: Վատատեսական էր իրավիճակը և մենք մտածում էինք ծայրահեղ քայլերի դիմելու մասին: Բայց իշխանափոխություն եղավ և փաստորեն դրանից հետո քաղաքապետարանը՝ չնայած օրենքի լինելուն, թողնում էր լրագրողներին ներս: Փաստացի այդ օրենքները կան, դեռ չեն վերացել: Հարկավոր է մտածել այդ ուղղությամբ:
– Կպատմե՞ք Ձեր մրցանակների մասին:
-Կազմակերպության համար սա առաջին մրցանակն էր: Ունենք մի շնորհակալագիր. Գավառում ծրագիր իրականացնելիս կազմակերպության շահառուների և մեր միջև այնպիսի մտերմություն էր ստեղծվել,որ շնորահալագիր ենք վերջում ստացել: Դա սիմվոլիկ մի բան էր: Մենք էլ շատ ուրախացանք: Այդ կերպ փորձել էին շնորհակալություն հայտնել:
Իսկ որպես Արման Ղարիբյան` տարբեր մրցանակներ եմ ունեցել: Մրցանակ եմ ստացել Կովկասյան հեղինակների դպրոցի կողմից կանանց իրավունքների թեմայով գրված հոդվածի համար, ապա հաշմանդամություն ունեցող անձանց, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մասին գրված հոդվածների համար: Ունեցել եմ ոչ միայն առաջին, նաև երկրորդ, երրորդ տեղեր: Բայց գլխավորն այն է, որ միշտ մարդու իրավունքների ոլորտին են առնչվել մրցանակաները: Ես դա անում եմ թե որպես լրագրող, թե որպես իրավապաշտպան:
– Իրականացրել եք «Ամառը գյուղում» ծրագիրը Ծավ գյուղում, «Զորեղ կանայք, ավելի ուժեղ հասարակություն» ծրագիրը Գեղարքունիքի մարզում : Ինչո՞վ է պայմանավորված վայրերի ընտրությունը:
«Ամառը Ծավ գյուղում» ծրագիրը քաղաքացիական նախաձեռնություն էր: Ծավի դեպքում վայրի ընտրությունը պայմանավորված էր հեռավորությամբ: Մենք որոշել էինք գնալ շատ հեռու գյուղ՝ կարծելով՝ որքան կտրված լինի, այնքան տեղեկատվությունը քիչ է մատչելի: Որոշեցինք այնտեղ ճամբար ստեղծել: Գավառի դեպքում վայրի ընտրությունը պայմանավորված էր դառը իրականությամբ: Գեղարքունիքի մարզը բավականին փակ հասարակություն ունի: Մենք գիտեինք, որ սեռով պայմանավորված այդտեղ բարձր է աբորտների թիվը, տղամարդկանց մեծ մասը արտերկրում է, կանայք տարվա կեսը մենակ են: Եվ դրա պատճառով ընտրեցինք հենց Գեղարքունիքի մարզը: Կոնկրետ Գավառ քաղաքը ընտրեցինք այնտեղ գործընկերներ ունենալու շնորհիվ: Նպատակ ունեինք կանանց աջակցելուց զատ, նրանց տնտնտեսապես զորեղացնել: Կարելի է տալ մարդուն ունակություններ, որոնցով կարողանա փող վաստակել: Արդյունքում այս պահի դրությամբ ունենք հինգ կին, ովքեր արդեն աշխատում են, և չորս կին, ովքեր ունեն աշխատանքի առաջարկ: Ի սկզբանե ծրագրի շահառուները 17-ն են եղել: Ծրագիրն իրականացվել մոտ ինը ամսվա ընթացքում:
-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր եք նախատեսում:
-Առաջիկա ծրագիրը նախատեսում ենք անցկացնել Գավառում: Փորձելու ենք աշխատել նույն կանանց հետ՝ մեկ աստիճանով բարձրանալու համար: Նրանց դարձնել անհատ ձեռնարկատերեր, որպեսզի գործատուից կախում չունենան, կարողանան ինքնուրույն բիզնես գործունեություն ծավալել:
Նաև այլ ծրագիր ենք իրագործում, որի շրջանակներում կոալիցիա ենք կազմել դաշտում գործող այլ ՀԿ-ների հետ: Ծրագրի շրջանակներում մշտադիտարկում ենք իրավապաշտաների, ակտիվիստների, լրագրողների նկատմամբ իրականացվող ճնշումները, հետապնդումները, բռնությունները, սպառնալիքները: Երեք ամիսը մեկ զեկույցներ ենք տալիս: Արդեն մեկ զեկույց ունենք: Զեկուցմամբ հանդես ենք գալիս ու շարունակում: Առաջարկություններով պիտի հանդես գանք: Հիմնական թիրախը օնլայն դաշտն է լինելու: Պիտի փորձենք նոր մոտեցումներ մշակել օնլայն տարածքում ատելության խոսքը, սպառնալիքը, բռնությունը նվազեցնելու համար:
Լուիզա Աբրահամյան, Արմանուշ Գևորգյան
3-րդ կուրս