ԵՊՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ԴԱՍԸՆԹԱՑ

ԵՊՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ԴԱՍԸՆԹԱՑ

1922

Հոկտեմբերի 10-ից ԵՊՀ-ում մեկնարկվեց «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի և ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի հետ համատեղ կազմակերպած «Մարդու հոգեկանի և ինֆորմացիոն հոսքերի կառավարումը` արտակարգ և պատերազմական իրավիճակներում» խորագիրը կրող սեմինար-դասընթացը, որը տևեց մինչև հոկտեմբերի 14-ը:

Դասընթացը մեկնարկվեց «Էթնոհոգեբանություն և միջէթնիկական լարվածություն» թեմայով, որի ընթացքում բանախոսեցին ԵՊՀ հոգեբանության 4-րդ կուրսի ուսանողուհիներ Անահիտ Գևորգյանն ու Սիաննա Մովսիսյանը: Նրանք անդրադարձան այն կարծրատիպերին ու դիրքորոշումներին, որոնք առկա են հայկական ու ադրբեջանական էթնոսում: Անդրադարձ կատարվեց նաև մշակույթի մի շարք տարրերի ազդեցությանը և դերին հասարակության գիտակցության ու ձևավորման վրա, մասնավորապես` ազգային հեքիաթներին ու էպոսներին: Ուսանողուհիները խոսեցին նաև ազգագրական պարերի և անձի հուզական ոլորտի վրա դրանց ազդեցության մասին:

Սեմինարի հաջորդ օրը խոսվեց «Հայ-ադրբեջանական բախումեր, պատերազմասերունդներ» թեմայի շուրջ: Հրավիրված բանախոսն էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հանդիպման սկզբում նա խոսեց պատերազմների դասակարգման մասին և բացատրեց, թե ինչ է ասել «պատերազմասերունդ»: Բանախոսը խոսեց նաև պատերազմների հարուցած հետևանքների մասին` առանձնացնելով մասնավորապես հոգեբանական ճնշումները, որոնց լուծումը ըստ պարոն Հովհաննիսյանի մեկն է` նախապես իրազեկ պահել և պատրաստել հասարակությանը:

Երրորդ օրը բանախոսեց հոգեբան, արտակարգ իրավիճակների մասնագետ` Հրաչյա Հովհաննիսյանը «Մարդու հոգեկանի կառավարումը պատերազմական իրավիճակում» թեմայով: Հոգեբանը հատկապես անդրադարձ կատարեց մարդու հոգեկանի փոփոխմանը պատերազմական իրավիճակներում, և թե ինչպես կարող է ազդել մարդու հոգեկանի վրա առհասարակ պատերազմը` իր բոլոր դրսևորումներով:

Դասընթացի նախավերջին օրը հրավիրված բանախոսն էր տեղեկատվության անվտանգության մասնագետ, կիբերփորձագետ Սամվել Մարտիրոսյանը, իսկ թեման` Ինֆորմացիոն հոսքերի կառավարումը պատերազմական «իրավիճակներում»: Բանախոսը իր ելույթի սկզբում նախ նշեց, որ անկախ նրանից պատերազմական իրավիճակ է, թե`ոչ, ինֆորմացիան պետք է ճշտել: Հատկապես պատերազմական իրավիճակներում գործը էլ ավելի է բարդանում: Ըստ նրա` այդպիսի իրավիճակում վստահելի աղբյուր առաջին հերթին պիտի լինի առաջնագծում գտնվող լրագրողը, ով պարոն Մարտիրոսյանի խոսքով շատ կարևոր է, որ կարողանա տանկը БТР(զրահափոխադրիչ)-ից տարբերի: Հաջորդ կարևոր աղբյուրն է իհարկե Պաշտպանության նախարարությունը, այնուհետև ռազմական փորձագետները (որոնց պակասը ըստ մասնագետի, մեր երկիրը շատ ունի) և իհարկե արտասահմանյան լրագրողը, ով գործին նայում է «ուրիշի աչքերով»: Որպես լեգալ աղբյուրներ նշվեցին նաև ԱԻՆ-ը, Արտգործ նախարարությունը, Առողջապահության նախարարությունը: Իր խոսքը ամփոփելով` փորձագետն ուրախությամբ նշեց, որ քառօրյա պատերազմից հետո մեր երիտասարդությունը շատ է կարևորում մեդիագրագիտությունը, ինչը շատ ողջունելի է:

Սեմինարի վերջին օրը խոսվեց ոչ պակաս կարևոր և հետաքրքիր թեմայի` ադրբեջանական տիրույթում վիրտուալ դիվերսիաներ կատարելու մասին: Այս անգամ էլ բանախոսն էր միջազգայնագետ Էդգար Էլբակյանը, ով հենց հանդիպման սկզբում նշեց, թե հատկապես ինչ նպատակի են ծառայում տեղեկատվական դիվերսիաները: Նրա խոսքով այդ դիվերսիաները բնակչությունը, որպես պատերազմող ռեսուրս թուլացնելու նպատակին են ուղղված: Պարոն Էլբակյանն իր խոսքը եզրափակեց` թեմայի վերաբերյալ նշելով 2 կետ. առաջին` դիվերսիաները «աջակցող կրակ են» և երկրորդ կարևոր դրույթը` պետք է ինֆորմացիոն գործողությունները համապատասխանեցնել առաջնագծում տիրող իրավիճակի հետ:

Խոսելով «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի նախագահ Դավիթ Թորոսյանի հետ` մենք փորձեցինք ճշտել դասընթացի կազմակերպման նպատակը: Նա նշեց, որ նպատակը մեկն էր. որոշակի թվով մարդկանց բազային գիտելիք տալը, տեղեկատվական հոսքերի կառավարման, հավաստիության ճշտման խաղաղ և մանավանդ պատերազմական կամ էսկալացիոն իրավիճակներում: Մեր այն հարցին, թե արդյոք նպատակը հկ-ն իրագործված է համարում, պարոն Թորոսյանը ուրախությամբ ավելացրեց. «Գրեթե արեցինք այն, ինչ պլանավորել էինք: Արդեն առանձնացրել ենք մասնակիցների այն հիմնական «հարվածային ուժին», որը պետք է սկսի աշխատել»: Եզրափակելով նշեմ, որ հանդիպումներից յուրաքանչյուրն էլ անցավ ակտիվ հարց ու պատասխանի մթնոլորտում: Սեմինար-դասընթացի ավարտին մասնակիցները պարգևատրվեցին հավաստագրերով:

 

Մերի Կիրակոսյան

2-րդ կուրս

 

Կիսվել