ԹԱՏԵՐԱԿԱՆ ՕՐԵՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՕՐԵՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

1647

Հոկտեմբերի 15-ին տրվեց ամենամյա թատերական փառատոնի մեկնարկը Աբովյան համայնքում, որն անց է կացվում համայնքի 55-րդ ամյակի հետ զուգահեռ։

Փառատոնի հանդիսավոր բացմանը ներկա էին Կոտայքի մարզպետը, Աբովյան համայնքի ղեկավարը, Աբովյան համայնքի նախակրթական և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները, թատերասեր հասարակությունը:

Նախքան ներկայացման բեմադրությանը՝ Աբովյանի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Սարգսյանն իր խոսքում նշեց, որ Աբովյան համայնքի թատերական կյանքը նոր շունչ առավ արվեստասեր հասարակության շնորհիվ, իսկ համայնքի ղեկավարը վերհիշեց, թե ինչպես ծնվեց թատերական փառատոն ունենալու գաղափարը.

«Երեք տարի առաջ, իմ լավ բարեկամ Հակոբ Ղազանչյանին էի հանդիպել և խոսում էինք թատրոնին նոր շունչ տալու, զարգացնելու մասին: Քանի որ Աբովյանը մոտ է գտնվում մայրաքաղաքին՝ գաղտնիք չէ, որ Երևանի մշակութային կյանքը կլանում է աբովյանցուն, այդ իսկ պատճառով որոշեցինք Աբովյան քաղաքում ստեղծել մշակութային բաց հարթակ և հրավիրել ՀՀ լավագույն թատրոններին»:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն էլ ցավով նշեց, որ Կոտայքի մարզում գործում են միայն երկու թատրոններ և հույս հայտնեց, որ մոտ ապագայում Կոտայքի մարզի քաղաքային և գյուղական համայնքներում թատրոնները նույնպես կգործեն:

Ներկաներին ողջունեցին նաև ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թատերական գործիչների միության ղեկավար Հակոբ Ղազանչյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Ժիրայր Դադասյանը:

Թատերական փառատոնի առաջին ներկայացումն էր Հրաչ Բեգլարյանի «Արծվաբույն»-ը, որը ներկայացրին Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանական կազմը:

Աբովյանի ամենամյա թատերական փառատոնը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 23-ը:

Մարիամ Մարգարյան

3-րդ կուրս

Կիսվել