ԼՍՈՂԱԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԸ «ԼՍՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ» ՄԵԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՆ ԲԱԽՎՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԿԱՆ...

ԼՍՈՂԱԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԸ «ԼՍՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ» ՄԵԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՆ ԲԱԽՎՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

7553

(Իմ անցկացրած մեկ օրը լսողական խանգարումներ ունեցող երեխաների համար հատուկ կրթահամալիրում)

Ես Մայան եմ։ Մի լրագրող, ով  փողոցով քայլելիս հանկարծ նկատեց, թե ինչպես են մարդիկ խոսելիս անընդհատ ժեստեր օգտագործում։ Հենց այդ պահին մի գաղափար առաջացավ՝ անդրադառնալ այն մարդկանց, ովքեր ժեստերի անմիջական օգտագործողներն ու կրողներն են։ Նույն օրն իսկ կապ հաստատեցի ժեստերի լեզվի մասնագետի հետ ու որոշեցի գնալ լսողական խանգարումներ ունեցող երեխաների համար նախատեսված հատուկ կրթօջախ։

Դպրոցը գտնվում է անմիջապես Նորք Մարաշ բժշկական կենտրոնի հարևանությամբ։ Չեմ ստի, երբեք չէի եղել Երևանի այս հատվածում, ու ամեն ինչ խորթ էր թվում։ Երբ հասա բժշկական կենտրոնի մոտ, տիկին Զուբեյդայի ցուցումներով (ով դպրոցի ուսուցիչներից է) մի քանի մետր ուղիղ քայլելուց հետո իմ ձախ կողմում նկատեցի կրթօջախը։ Մեծ ու գեղեցիկ մի շինություն, որի ճակատային հատվածում գրված է. «Ողջու՜յն, դպրոց»։

 Մոտ կեսօր էր, երբ արդեն կրթահամալիրի բակում էի։  Դպրոցի սաները միանգամից ջերմ դիմավորեցին ինձ։ Արագ համախմբվեցին շուրջս։ Անկեղծ, ինքս նման ընդունելության չէի սպասում։ Մի խումբ մանուկներ համախմբվել էին շուրջբոլորս ու մատնախոսում էին ինձ հետ։ Փորձում էի հասկանալ, բայց երբեք չէի առնչվել ժեստերի լեզվին, ու ինչն էլ միակ խնդիրն էր այս պարագայում։ Չէի կարողանում հաղորդակցվել։

Կեսօրին կրթահամալիրում նախաճաշի ժամն է։  Մի քանի րոպե անց վերսկսվում են դասերը։ Տիկին Զուբեյդայի դասաժամն է։ Աշակերտներն «Անառակ որդու վերադարձը» առակն են կարդում ու վերլուծում։

Կրթահամալիրում դասերն յուրահատուկ են անցնում։ Դպրոցում ոչ ֆորմալ կրթություն է ապահովվում։ Դասաժամին լսողական խանգարումներ ունեցող երեխաները երգում, արտասանում, բեմադրում են իրենց տնային աշխատանքը կամ հանձնարարությունները։

Կրթօջախի ներսում ամեն ինչ լավ է, բայց երեխաներն արդեն «լսողների աշխարհում» մի շարք խնդիրների են բախվում։ Կրթահամալիրի տնօրեն Հասմիկ Բադալյանի խոսքով, «Խոչընդոտներ, իհարկե, հանդիպում են։ Այսօր բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելիս երեխաները դասախոսների խոսքը հասկանալու խնդիր ունեն։ Այսինքն՝ նման հաստատություններում երեխաներին թարգմանիչ է անհրաժեշտ, ով ժեստերի լեզվով բանավոր խոսքը կթարգմանի։ Մենք կրթահամալիրում ուշադրություն ենք դարձնում շուրթերից կարդալու ուսուցման զարգացմանը, բայց հնարավոր չէ անծանոթ մարդու արագ խոսքը լսողության խնդիր ունեցող մարդը հասկանա»։

Կրթահամալիրի տարածքում երեխաների համար հաղորդակցվելը շատ հեշտ է։ Այստեղ բոլորը տիրապետում են ժեստերի լեզվին։ Պատկերը այլ է դպրոցից դուրս։ Չնայած այն հանգամանքին, որ հասարակության վերաբերմունքը վերջին տասը տարվա ընթացքում ինչ–որ չափով փոխվել է, այնուամենայնիվ, ինչպես նշում է կրթահամալիրի ուսուցիչ Զուբեյդա Մելիքյանը, դեռ պատահում են դեպքեր, երբ երեխաներին խեթ և տարօրինակ հայացքներով են նայում իրար հետ ժեստերով հաղորդակցվելու համար։

Կրթահամալիրում այս պահին սովորում է 122 լսողական տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող երեխա։ Նրանց հետ միասին նույն դպրոցում սովորում են նաև այնպիսի երեխաներ, ովքեր բացի լսողության խանգարումից ունեն նաև հենաշարժողական կամ մտավոր խնդիներ։

Աշխարհագրությունը բազմազան է։ Դպրոց են հաճախում Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից և Ջավախքից։

Տրամադրվում է չորսանգամյա սնունդ և գիշերակաց։ Կրթահամալիրը գործում է անվճար հիմունքներով։ Այն միակն է Հայաստանում։ Ընդունելությունը կատարվում է 5 տարեկանից։ Դպրոցը իրականացնում է տասներկուամյա միջնակարգ և նախամասնագիտական կրթություն։ Ավագ դպրոցում աշակերտներին ուսուցանվում են մի շարք մասնագիտություններ՝վարսահարդարում, մատնահարդարում, դիմահարդարում, կոշկակարություն և սեղանի ձևավորում։

Ինչպե՞ս են առաջանում լսողական խանգարումները

Լսողական խանգարումները կարող են առաջանալ մի քանի պատճառներով։ Տեսականորեն, դրանք բաժանվում են երեք խմբի։

Խուլ ծնողներ– խուլ երեխաներ. այստեղ էական նշանակություն ունի ժառանգական կապը։ Ինչպես նշում է Զուբեյդա Մելիքյանը, երկու խուլ ծնողներից խուլ երեխա ծնվելու հավանականությունը 10% է կազմում։ Հենց իրենք են այս մշակույթը վերցնողը, պահպանողը և փոխանցողը։

Երկրորդ խմբի մեջ են մտնում լսող ծնողները, ովքեր ունեն խուլ երեխաներ։ Այս խմբում ավելի շատ ներառական դպրոցներում ընդգրկված երեխաներն են, ում ծնողները լսում են։ Երեխայի մոտ լսողական խանգարումների պատճառները կարող են բազմազան լինել։ Հատուկ դպրոցի տնօրենը մանրամասնում է. «Եթե ծնողը հղիության ընթացքում հիվանդացել է կարմրախտով, գրիպով կամ գենտամիցին և այլ հակատաբակտերիալ դեղամիջոցներ է օգտագործել, ապա սա կարող է առաջացնել խլություն։ Ծնողների արյան անհամատեղելիության պատճառով էլ կարող է երեխայի մոտ խլություն առաջանալ։ Կան նաև երեխաներ, ում մոտ լսողական խանգարումը ձեռքբերովի է։ Մինչև մեկ տարեկանում թոքաբորբ, օդիտներ կամ այլ հիվանդություններ տարած երեխաները, ովքեր օգտագործել են ուժեղ հակաբակտերիալ դեղամիջոցներ, ձեռք են բերում խլություն, որը սակայն տեղի է ունենում աստիճանաբար։ Ծնողները հիմնականում չեն հասկանում երեխայի մոտ խնդրի առկայությունը։ Միայն որոշ ժամանակ անց, երբ երեխան չի արձագանքում կանչերին, այդ ժամանակ է նկատվում»։

Զուբեյդա Մելիքյանը նշում է, որ այս պարագայում ավելի շատ ծնողներն ունեն հոգեբանական խնդիր։  «Նրանք կայացած չեն։ Ավելի շատ նախընտրում են վերացնել խլությունը, ոչ թե երեխային օգնելով, որ նա հաղթահարի այն։ Իրենք ստիպում են երեխային խոսել՝ բաց թողնելով շատ կարևոր ժամանակաշրջան։ Խուլ երեխան «լսում է աչքերով»։ Նա ամեն ինչ տեսնում է, ու 3-7 տարեկանը այն ընթացքն է, երբ երեխան  պիտի հավաքի իր ժեստային բառապաշարը»։

Ընտանիքներում, որտեղ կան երկու կամ ավելի խուլ երեխաներ, բայց լսող ծնողներ, պատկերն այլ է։ Երեխաներն իրենք են ձևավորում խուլերի մշակույթը, իսկ ծնողները հիմնականում չեն արգելում նրանց։

Երրորդ խմբի մեջ են մտնում խուլ ծնողները և լսող երեխաները։ Այս դեպքում ամեն ինչ այլ է։ Կրթահամալիրի ուսուցչուհի Զուբեյդա Մելիքյանը հենց այս խմբին է պատկանում, բայց անկեղծանում է` «ես հարում եմ առաջին խմբին։ Ես այն սպիտակ ագռավն եմ, ով լսում է, բայց ապրում է խուլերի մշակույթով»։

Արդյո՞ք խլությունը բուժելի է

Ինչպես գրեթե բոլոր այլ հիվանդությունների դեպքում, լսողական խանգարումներն էլ լինում են մի քանի աստիճանի։ Գոյություն ունեն խլության մի քանի դրսևորումներ՝ լսողության թեթև, միջին, ծանր, խորը և լրիվ խանգարումներ։

Համապատասխանաբար, տարբեր խանգարումների դեպքում բուժումն այլ է։ Այսօր տարբեր երկրներում մի շարք վիրահատությունների արդյունքում է հնարավոր է դառնում լրիվ կամ մասնակի վերականգնել լսողությունը։

Հասմիկ Բադալյանը մանրամասնում է. «Եթե վնասվում է լսողական նյարդը, այն չի վերականգնվում։ Ինչպես մարդու օրգանիզմի մնացած բոլոր նյարդերը մահանալուց հետո չեն վերականգնվում, այնպես էլ լսողական նյարդը։ Այսօր արդիական է կոխլեար իմպլանտացիայի վիրահատությունը, որը բավականին մեծ ֆինանսական միջոցներ է պահանջում։ Յուրաքանչյուրը չի կարող վճարել 25000 եվրոյից սկսվող վիրահատության համար։ Ոչ բոլորը դրա հնարավորություն ունեն»։

Վիրահատության համար մի շարք հակացուցումներ ևս կան։ Տնօրենը ավելացնում է` «Մեր դպրոցում կան մինինգիտով հիվանդացած երեխաներ, որոնց հակացուցված է նման վիրահատությունը»։

Կրթահամալիրի երեխաների առօրյան

Հայաստանում միակ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար նախատեսված հատուկ կրթահամալիրում առօրյան լրիվ այլ է։  Եթե Երևանի, կամ առհասարակ, Հայաստանի այլ հանրակրթական դպրոցներում դասամիջոցների ժամին աղմուկ է ու խառնաշփոթ, ապա այստեղ ամեն ինչ հակառակն է։ Դասամիջոցի զանգը հնչելուց հետո էլ այստեղ լուռ է, ինչպես դասի ժամին։ Միայն մի տարբերություն կա. երեխաներն մի քանի րոպե ազատ ժամանակ ունեն հանգստանալու համար։

Ամեն դպրոցում դասի ընթացքում կարող է բուռն քննարկում սկսվել։ Այստեղ էլ բացառություն չէ։ Ինձ մի բան էր հետաքրքրում. եթե նման քննարկումներ են սկսվում և աշակերտները չեն նկատում ուսուցչի մատնախոսությունը, ապա ինչպես է հնարավոր դասարանում քննարկումներն ու խոսակցությունները ավարտել։ Հանրակրթական դպրոցներում ուսուցիչներից ոմանք օգտագործում են ձայնը բարձրացնելու կամ գոռալու մեթոդը, բայց չէ՞ որ այստեղ սա կիրառելն անհնար է։
Ուսուցչուհի Զուբեյդա Մելիքյանը ցույց տվեց, թե ինչպես է ինքը կրկին կարգուկանոն հաստատում։ Ասում է. «Ես արագ-արագ վառում և մարում եմ դասարանի լույսը։ Լսող մարդը երբեք չի նկատում լույսի փոփոխությունը, բայց խուլ մարդու դեպքում սա էական նշանակություն ունի։ Երբ ես վառում և մարում եմ լույսերը, նրանք գիտեն, որ պետք է հանդարտվեն։ Յուրաքանչյուր խուլ մարդու տանը սրան մեծ ուշադրություն է դարձվում։ Լույսը մեծ նշանակություն ունի»։

(Զուբեյդա Մելիքյանը)

Ի՞նչ են ակնկալում լսողական խանգարումներ ունեցող երեխաները հասարակությունից

 

Այն հարցիս, թե ինչ են ուզում կրթահամալիրի սաները հասարակության մեջ ավելի վստահ ու ուժեղ լինելու համար, պատասխանները բազմազան էին։
Բելլան ասում է. «Հասարակությունը պիտի ընդառաջի մեզ ու սովորի ժեստերի լեզուն։ Պիտի փորձի խոսել մեզ հետ։ Մենք մեղավոր չենք, որ ուղղակի չենք լսում։ Պիտի խոսենք մեր ժեստերի լեզվով ու ոչ թե իրենց հորինած ժեստերով։ Անգլերենը, ֆրանսերենը սովորում են։ Ժեստերի լեզուն էլ է հնարավոր սովորել»։

Մերին շտապում է ավելացնել։ «Ուզում եմ, որ համերաշխ լինենք։ Ուզում եմ, որ չլսողերն ու խոսողները հավասար լինեն։ Եթե իրենք չեն կարողանում մեր լեզուն սովորել, ես մտածում եմ, որ գուցե մենք սովորենք խոսել։ Ձեզ համար ավելի հեշտ է սովորել մեր լեզուն, քան մեր դեպքում։ Ամեն մեկին տրված չի խոսել, բայց ես նույնիսկ դրան եմ համաձայն։ Ես ուզում եմ լսողների հետ հավասար ընկերություն անել»։

Մարիան էլ է համակարծիք։ Ասում է. «Ես նայում եմ։ Բոլորը խոսում են, իսկ մենք ժեստեր ենք օգտագործում։ Ես չեմ կարողանում լիարժեք խոսել։ Այնքան ուրախ եմ, որ այս դպրոցը կա։ Իմ ուսուցչուհին ինձ սովորեցրեց այս լեզուն։ Ես մանկուց սկսեցի խոսել, երգել ու արտասանել այս լեզվով»։

Հանգիստ սպասելով մինչ Մարիան իր խոսքը կավարտի, Բելլան շարունակում մատնախոսել. «Բոլորն ասում են` խուլ է, խուլ է։ Նրանք ինչ–որ բարիեր ունեն, ինչ–որ սահման կա, ինչ–որ պատ կա լսողների ու խուլերի միջև։ Նրանք տեղյակ չեն մեզնից։ Քանի որ այդ խոսելու բարիերը կա, նրանք չգիտեն, թե մենք ինչ ենք կարող։ Առաջին իսկ փորձից իրենք հետ են մղվում, հուսահատվում են ու ասում, որ չեն կարող սովորել։ Այդ ամենը դժվարությամբ է ստացվում։ Մենք էլ ենք շատ բանի դժվարությամբ հասնում։ Մեզ համար էլ է խոսքը շատ դժվար։ Հնչյունները շատ բարդ ենք սովորում։ Խուլերից լսողները հեռու են մնում։ Ոչ ոք ապահովագրված չի խլությունից։ Մենք բոլորս ինչ–որ մի բանի արդյունքում ենք խլացել։ Մենք կարդում ենք շուրթերից, խոսում ենք, մեր աչքերն են տեսնում։ Մենք թատրոն ենք խաղում, երգում ու արտասանում։ Մենք էլ ենք ամուսնանում, ընտանիք կազմում։ Մենք ամեն ինչ կարող ենք։ Մենք հավասար ենք»։

 Դավիթն էլ է նույն կարծիքին։ Ավելացնում է. «Լսողները արագ են խոսում։ Նրանք ժամանակի հետ արագ ընթացքով շարժվում են։ Ես նեղանում եմ։ Երևի ես ինչ–որ մի բանով իրենցից հետ եմ։ Ես մտածեցի, որ նոր ընկերներ ձեռք կբերեմ, կծանոթանամ։ Երբ ես փոքր էի ու ժեստերով չէի խոսում, բոլորը ծաղրում էին ինձ։  Էն ժամանակ, երբ ես սկսեցի իրենց հասկանալ ու ժեստերով իրենց պատասխանել, իրենք հասկացան, որ ինչպես ես իրենց չեմ հասկանում, այնպես իրենք չեն հասկանում իմ լեզուն։ Կարծես վրեժխնդրություն լիներ»։  Շտապեցի միջամտել, ու տիկին Զուբեյդան թարգմանեց ասածս։ Երբ ասացի, որ իրենք հավասար են ու նաև առաջ, Դավիթը շտապեց ուղղել ինձ, ասելով, որ շատ կուզենար, որ լսողները իրենց հավասարի պես ընդունեին։ «Չէի ուզենա, որ իրենք կամ մենք հետ ու առաջ լինենք։ Ես կուզենայի, որ մենք հավասար լինեինք»։

Ժորժն էլ եզրափակում է, որ դպրոցն ավարտելուց հետո շատ է ցանկանում ընդունվել համալսարան։ «Եթե խոսք չկա, շատ դժվար է։ Ես կուզեի, որ ժեստերի լեզվի թարգմանիչ լիներ»։ Ժորժն ուզում է բարձրագույն կրթություն ստանալուց հետո հագուստի մոդելավորող կամ դերձակ դառնալ ու կայանալ այդ ասպարեզում։

Հայաստանում լսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար դեռևս չկան  անհրաժեշտ հարմարություններ։ Մի շարք երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ–ը, Գերմանիան, Նիդերլանդները, Ֆինլանդիան, արդեն նման պայմաններ ստեղծելու և աշխարհը լսողական խանգարումներ ունեցող մարդկանց համար ավելի մատչելի ու հեշտ դարձնելու ճանապարհին են։

Հեռուստահաղորդումների գերակշիռ մասը այս երկրներում հասանելի է  կա´մ ժեստերի լեզվով, կա՛մ տողատակերով։ Հայաստանում պատկերը հուսադրող չէ։ Ուսումնասիրելով մեր հեռուստաեթերը՝ նկատեցի, որ ընդհանուր առմամբ հայկական հեռուստահաղորդումների միայն 5-7% է հասանելի ժեստերի լեզվով կամ տողատակերով։ Հարկ է նաև նշել, որ թվարկված երկրներում լսողական խանգարումներ ունեցող որոշ մարդկանց պետությունը ժեստերի լեզվի թարգմանիչ է տրամադրում, իսկ աշխարհի առաջատար համալսարաններից (Օր.՝ Harvard University, University of Cambridge, Essex University, Oxford University)  ու այլ բարձրագույն ուսումնական հաստատություններից շատերը ունեցել և ունենում են լսողական խանգարումներ ունեցող շրջանավարտներ։

Իսկ Հայաստանի բուհերում այս տեսանկյունից մի շարք խնդիրներ կան. չկան համապատասխան պայմաններ և մասնագետներ։

Հայաստանում, ինչպես նշում է Զուբեյդա Մելիքյանը, կա ժեստերի լեզվի մասնագետների և ուսուցիչների մեծ պակաս` «Խնդիրը հենց սրանում է», – եզրափակում է նա։

 

Մարիամ (Մայա) Ավետիսյան

4-րդ կուրս

Կիսվել