«ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆՍ ՀԻՄՔՈՒՄ ՀԱՅՐԵՆԱՃԱՆԱՉՈՒԹՅՈՒՆՍ Է». ԻՆՆԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ

«ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆՍ ՀԻՄՔՈՒՄ ՀԱՅՐԵՆԱՃԱՆԱՉՈՒԹՅՈՒՆՍ Է». ԻՆՆԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ

1256

Արդեն երկու տարի է, ինչ «Հանուն հայ զինվորի» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը այցեր է կատարում ՀՀ ՊՆ ու ԱՀՊԲ տարբեր զորամասեր և համերգների ու այլմիջոցառումների շնորհիվ տոն է դարձնում զինվորների օրը: Նրանց գործունեության մասին զրուցել ենք հասարակական կազմակերպության նախագահ`Դավիթ Թորոսյանի օգնական Իննա Թումանյանի հետ:

՞րն է եղել  «Հանուն հայ զինվորի» ՀԿ  հիմնելու հիմնական  շարժառիթը:

-Նախ ասեմ, որ կազմակերպությունը հիմնվել է 2016թ.-ի օգոստոսի 26-ին: Ես նրանց թիմին միացել եմ 6-7 ամիս անց: Ըստ իս` ՀԿ-ի հիմնման շարժառիթը հայ զինվորի, հայոց բանակի կողքին կանգնել, թևութիկունք լինել և նրանց աջակցելն է:

-Ձեր գլխավոր նպատակը առաջնագծի զինվորներին օժանդակելն է : Ի՞նչ միջոցներով եք դա իրականացնում:

-Մեր կազմակերպությունը որևէ ֆինանսավորություն և հովանավորություն չի ստանում պետության կողմից: Երբ զինվորներին տեխնիկա է հարկավոր, կամ խնամքի, սանիտարահիգենիկ պարագաներ, այդ ամենը մեր սեփական միջոցներով ենք ձեռք բերում: Մեզ նաև աջակցում են անհատներ, բարեգործներ սփյուռքից, ովքեր ցանկանում են օգնել զինվորներին:

-Արդյոք մի՞շտ է հաջողվում օբյեկտիվորեն լուսաբանել սահմանային իրավիճակը:

-Մարդն ինքնին սուբյեկտ է և բացարձակ օբյեկտիվ չի կարող դատել: Հաճախ, լսելով հրամանատարների պատմությունները, լաց ենք լինում, երբեմն էլ ուրախանում:Բայց անկախ ամեն ինչից, փորձում ենք լուսաբանել առանց կեղծիքների և չխեղաթյուրել իրականությունը: Մենք ականատես չենք եղել գերլարված սահմանային իրավիճակի, և Աստված տա, դրա առիթն էլ չունենանք:

՞նչ է իրենից ներկայացնում «Ազգ-բանակ»  ծրագիրը: Որպես նախագահի օգնական, կպատմե՞ք Ձեր մասնակցության և գալիք ծրագրեի մասին:

-«Ազգ-բանակ» ծրագիրը առաջին անգամ իրականացվել է 2017թ.-ի օգոստոսին: Այն մի քանի նպատակ ունի.

  • նախ բարձրացնել երիտասարդների հայրենաճանաչողությունը,
  • նպաստել բանակ մոդելի իրականացմանը, որը դեռևս այն ժամանակ առաջադրել էր Վիգեն Սարգսյանը,
  • բանակ-հասարակություն կապի ամրապնդումը,
  • զինվորական շրջանակներում տեղեկատվական անվտանգության գիտելիքների հաստատումը,
  • ինչպես նաև բանակում առկա բազմազան խնդիրների վերանայումը և լուծման հնարավոր տարբերակների առաջադրումը:

Ծրագրի շրջանակնեում ծանոթանում ենք զինծառայողների առօրյաին, այցելում մարտական հենակետեր և դիրքեր, որոշ միջոցառումներ և համերգներ կազմակերպում, որոնց ավարտին էլ ոմանք խրախուսվում են լավ ծառայության համար: Հանդիսանալով նախագահի օգնական, նաև լրատվական թիմի անդամ` հավատարիմ եմ իմ գործընկերներին: Ֆոտոխցիկը ձեռքիս ռեպորտաժներ եմ նկարում, ֆոտոշարքեր պատրաստում և հոդվածներ գրում: Մշակութային հանձնաժողովը իր հերթին պարտաճանաչություն է ցուցաբերում: Հենց այս ամենի արդյունքն էլ երևում է ծրագրում: Նոր միջոցառումների մասին չեմ ցանկանա խոսել: Նոյեմբերին, «Ազգ-բանակ» ծրագիրը ավարտվելուն պես, կհաջորդեն նորերը:

-Շատ քչերն են, որ հայրենիքին օժանդակելու գաղափարը խոսքից վերածում են գործի: Ինչու՞ ընտրեցիք հենց այս ուղին:

-Ընտրելով լրագրողի մասնագիտությունը` սկզբում զբաղվում էի քաղաքական թեմաների,  ցույցերի լուսաբանմամբ: Անկեղծ ասած որոշ ժամանակ անց հոգնեցի այդ թեմայից և շեշտը դրեցի դատաիրավական լրագրության վրա, որը մինչ այսօր էլ ինձ հոգեհարազատ է: Բայց ամենից հարազատը ռազմահայրենասիրական թեման է: Երկար ժամանակ լուռ հետևել եմ «Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպության գործունեությանը և երկմտել նրանց միանալու վերաբերյալ: Շատ պատահական ծանոթանալով ՀԿ-ի նախագահ`Դավիթ Թորոսյանի հետ` հետագայում միացա նրանց թիմին և մինչ օրս չեմ զղջում: Փորձում եմ հաճելին և օգտակարը վերածել գործի: Եվ ինչպես ասում են, հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությունից: Չենք կարող սիրել մի բան, ինչը մեզ հայտնի չէ: Հայրենասիրությանս հիմքում հայրենաճանաչությունս է, որքան լավ եմ ճանաչում երկրիս սահմանները, այնքան ավելի եմ սիրում:

 -Սեպտեմբերի 24-ին Նարեկացի Արվեստի կենտրոնում տեղի ունեցավ «Հայրենիքը սկսվում է սահմանից» խորագրով ցուցահանդեսը: Ինչպիսի՞ հաղորդագրություն ուներ այն իր մեջ:

-Մեր նպատակն էր ցույց տալ, որ զինվորները բանակում մշտապես տանջված, չարչարված և տխուր չեն, այլ կարող են անկեղծ ժպտալ և ուրախ լինել: Շուրջ մեկ տարի այցելելով Արցախի հանրապետության տարբեր զորամասեր` բոլորս տաս հազարի հասնող ֆոտոների արխիվ էինք կուտակել: Որոշեցինք ընտրել յուրաքանչյուրիս ամենհաջողված 15 լուսանկարները և հանձնել հանրության դատին:

՞նչ մթնոլորտում են անցնում նկարահանումները: Կա արդյոք որոշակի վախ, կամ անհանգստություն այդ ընթացքում:

-Դիրքերում նկարահանումները զինվորների համար այդքան էլ հետաքրքիր չեն անցնում: Մենք շրջում ենք նրանց հետ, լուսանկարում և լսում որոշակի պատմություններ: Այս ընթացքը ավելի շատ մեզ համար է արդյունավետ, քան զինվորների: Զորամասերում պատկերն այլ է: Բոլորը երգում են, պարում, շատ ուրախ է անցնում: Երբ համերգ եմ վարում, այնքան մեծ ցանկություն են ունենում երգելու, որ չեմ էլ հասցնում հերթագրել: Այս ոգեվորվածությունը շարունակվում է նույնիսկ միջոցառման ավարտից հետո: Նկարահանումների ընթացքում մոռանում ես վախ հասկացողությունը, երբ գիտակցում ես, որ դիրքերում կանգնած են անվախ զինվորներ` հաշվի չառնելով իրենց 18-20 տարեկան լինելու փաստը:

-Իննա, դուք նշեցիք, որ զինվորները մեծ ակտիվություն և ոգևորվածություն են ցուցաբերում նկարահանումների և առհասարակ միջոցառումների ընթացքում: Կարո՞ղ եք որևէ անսովոր արձագանք առանձնացնել:

-Հետաքրքիր արձագանքներ իհարկե եղել են զինվորների կողմից: Կառանձնացնեմ մի դեպք: Զինվորներից մեկը պատմում է, երբ առաջին հերթափոխի է լինում, պատահմամբ տեսնում է դիրքերում քաղաքացիական հագուստով մարդկանց`մեզ, նա իրեն վատ է զգում, գլխապտույտ է առաջանում, և մտածում է, թե իր աչքին ենք երևում: Միայն մի որոշ ժամանակ անց գիտակցում է, որ դիրքերում կողմնակի մարդիկ կան:

 

Հարցազրույցը` Ջուլիա Գասպարյանի

3-րդ կուրս

Կիսվել