ՆԿԱՐԵԼԸ՝ ԵՐԱԶԱՆՔ…

ՆԿԱՐԵԼԸ՝ ԵՐԱԶԱՆՔ…

1843

Մանկական անմեղ խորամանկությունները ոչ միշտ էին արդյունավետ լինում։ Եթե բարի ու պարզամիտ տատի աչքերին կարողանում էր թոզ փչել, ապա մայրիկի աչքերից ոչինչ չէր վրիպում հեշտությամբ։  Երբ Արմինեն դեռ 8 կամ 9 տարեկան էր, ծնողների դրդմամբ հաճախում էր դաշնամուրի, մայրը գնում էր աշխատանքի, տատին ասում, որ լսի թե ինչպես է նվագում նոր սովորած դասը, իսկ ինքը մի բան էր մտածել. անում էր հին դասը, որը լավ գիտեր, տատը հավանում էր ու վերջ, սակայն, երբ մայրն էր գալիս ու հարցնում, հասկանում էր, որ ոչինչ էլ չի սովորել, և նա լաց լինելով նորից սկսում էր նոր դասը սովորել։

-Ես ցանկանում էի հանրահայտ նկարչուհի դառնալ,- վրձինի օգնությամբ իր գանգուրները հավաքելով՝ պատմում էր Արմինեն,-հիշում եմ, երբ 5-րդ դասարան էի, հորեղբայրս, ով նկարիչ է, նոր էր էկել Միացյալ Նահանգներից. ես և իմ երկու ընկերուհիները գնացել էինք նրան այցի, նոր նկար էի նկարել, և ընկերուհիս որոշեց ցույց տալ նկարը նրան։ Աչքիս առաջ է հոեղբորս դեմքը, երբ այն տեսավ, զարմացել էր և չէր հավատում, ասում էր կա՛մ դու չես նկարել, կա՛մ արտատպել ես, այնինչ ես պարզապես դասի ժամանակ նստած ինձ համար նկարել էի։ Չեմ կարող պատկերացնել իմ կյանքը առանց վրձինների։

Մանկուց ուներ մի երազանք՝ դառնալ նկարչուհի։ Այս տաղանդը նրան տրված է ի ծնե, սակայն այդ երազանքը մինչ այսօր անկատար է մնացել։ Նկարչականի փոխարեն ծնողները որոշել էին դաշնամուրի տանել, բայց նա այդպես էլ չհամակերպվեց դաշնամուրի հետ և վաղ թե ուշ դադարեց նվագել։

-Դեռ փոքր տարիքից տարբերվել է։ Դասարանում փոքրն էր, փոքրի պես էինք վերաբերվում, բայց նրան դուր չէր գալիս, ամեն ինչ անում էր, որ փոքրի պես չվերաբերվեինք իրեն ,- պատմում էր իր մտերիմ ընկերուհի և դասընկերուհի Լիդան։ Արմինեն իր նուրբ մատները չի պատկերացնում առանց գուաշի և ջրաներկի գույների։

-Նկարներս հիմնականում նվիրում եմ իմ երկու մտերիմ ընկերուհիներին, որոնք նաև իմ դասընկերուհիներն են։ Ինձ երջանիկ եմ զգում, երբ ամեն անգամ նրանց տան պատերին տեսնում եմ իմ նկարները։ 18 ամյա Արմինեի շագանակագույն աչքերը միանգամից փայլում են, երբ որոշում է նկարել։

– Նկարելիս ուզում եմ ծնունդ տալ այն մարդկանց, այն ծառերին և տերևներին, որոնք հղացել են իմ մտքում, նկարելիս հասկանում եմ, որ գույներով եմ լցրել միայնակ, տխուր և անգույն թղթի կյանքը։

-Արմինեն խոսելիս այնքան է շարժում իր ձեռքրը և ձեռքերով բացատրում իր ասածը, որ առանց որևէ բառ արտասանելու` դիմացինը հեշտությամբ հասկանում է, թե ինչ է ուզում ասել,-ասում է Արմինեի փոքրիկ քույրիկը՝ Լուսինեն։

Նկարչուհին իր դեռ չկայացած նպատակներից մեկն է համարում ունենալ իր նկարների ցուցահանդեսը։

 

Արմանուշ Գևորգյան

3-րդ կուրս

 

Կիսվել