Library Anticafe-ն սկսում է «Առանց երրորդ կողմի» նախագիծը, որի նպատակն է ապահովել կենդանի շփում արվեստագետի և իր լսարանի միջև:
Սա նոր հնարավորություն է ապահովել անմիջականորեն շփում սիրելի արտիստի հետ, տալ հուզող հարցերը և դա առանց երրորդ կողմի:
Նախագծի առաջին հյուրն էր Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ Բաբկեն Չոբանյանը:
Դերասանը նշեց, սա իր համար խորթ ֆորմատ է, քանի որ բեմում չէ և արդեն հանդես է գալիս իր անունով:
«Ցանկացած կերպար խաղալիս դու ինչքան էլ հեռանում ես քեզանից, մեկ է, քո արտահայտչամիջոցներով ես այդ ամենն ասում,և հասցնում մարդուն ու գոնե թերություններով կերպարները իմ մեջ կան, էլ չեմ ասում՝ տարատեսակ նմանությունների, բնավորություն գծերի, աշխարհայցքի, արժեքային համակարգի մասին: Ցանկացած կերպարի մեջ դերասանից որևէ բան կա: Դերասանի համար շատ ավելի հետաքրքիր է, երբ կերպարը հեռու է իրենից»,- իր փորձով կիսվեց արտիստը:
Հանդիպումը եղավ հարց ու պատասխանի տեսքով և ներկաներից մեկի սիրո վերափոխման մասին հարցին Բաբկենը պատասխանեց.
«Այդ պրոցեսը դեռ շարունակվում է ու ես նոռմալ եմ համարում: Չես կարող 18 տարեկանում ունեցած վերաբերմունքիդ հավատարիմ մնալ 40 տարեկանում, որովհետև փոխվում է կյանքը, մասնագիտությունը, և դու ես փոխվում: Սիրո մնասին խոսելիս բնավ չափը նկատի չունեմ, այլ ուրիշ կերպ ես վերաբերվում, քանի որ ճանապարհ ես անցնում ու առջևում տեսնում ես, թե ինչքան շատ ավելի բան կա անելու: Երբ զգում ես՝ ժամանակդ կամ կյանքդ չի հերիքելու նրան, ինչ ուզում ես իրականացնել, այդ սերը վերափոխվում է: Չգիտեմ, թե ինչ է դառնում, ես անունը չգիտեմ: Գուցե նորից ամեն ինչ վերադառնա առաջվանը, բայց ուրախ եմ նրա համար, որ գիտակցել եմ, որովհետև կար շրջան, որ չէի էլ հասկանում ինչ է կատարվում: Ասում էի՝ գուցե սխալ եմ ընտրել մասնագիտությունս, գուցե ավելի լավ իրավաբան կլինեի, գուցե… Հիմա այդ գուցեները պակասել են, բայց լրիվ չեն վերացել… »
Իսկ կրկնօրինակմանը վերաբերվող հարցին արտիստը նշեց, որ սա ավել բարդ է, քանի որ միաժամանակ պետք է խաղալ:
Լիաննա Թորոսյան
3-րդ կուրս