«Իմ տարբերանշանը դարձած նկարը գուցե արտաքնապես նման չի, բայց ինձ համար հոգեպես...

«Իմ տարբերանշանը դարձած նկարը գուցե արտաքնապես նման չի, բայց ինձ համար հոգեպես ամենանմանն է»․ Ռոբերտ Նիկողոսյան

1181

Քաղաքի պատերն արդեն երկար ժամանակ է, ինչ անգույն չեն։ Նկարչի ձեռքին այս անգամ վրձնի փոխարեն սփրեյ է։ Փողոցային արվեստով զբաղվող Ռոբերտ Նիկողոսյանն ասում է՝ իր նպատակն է մարդկանց ասելիք թողնելը։

-Ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք, որ մանկության երազանք է եղել նկարիչ դառնալը, սակայն Դուք Ձեզ նկարիչ չէիք համարում, քանի որ զարգանալու շատ տեղ ունեիք։ Իսկ հիմա՞:

-Հիմա նույնպես զարգանալու շատ տեղ ունեմ ու միշտ փնտրում եմ այդ տարբերակները։ Բնականաբար, ինձ նկարիչ համարում եմ։ Դեռևս չեմ հասել մի արդյունքի, որը ինձ լիարժեք գրավի։ Ընթացքի մեջ եմ, եղել են բաներ, որ հաղթահարել եմ ու հասել եմ կարծես իմ նպատակին, բայց առջևում դեռ շատ անելիքներ կան։

-Ձեր նպատակը հանրությանը Հայ մեծերի մասին հիշեցնելն էր, ի՞նչ եք կարծում` ստացվե՞ց։

-Դա նպատակներից մեկն է եղել, ո՛չ գերագույնը, և ոչ էլ միակը։ Կարծում եմ՝ այո, ստացվեց։

ի անգամ ասել եք, որ երաժշտության ռիթմից է կախված արագ կամ դանդաղ աշխատելը, ի՞նչ երաժշտություն եք նախընտրում աշխատելիս։

-Երաժշտությունը միակ բանը չէ, որ կարող է մթնոլորտ ապահովել, կան շատ բաներ, ուղղակի երաժշտությունը դրանցից մեկն է։ Օրինակ՝ ռիթմիկ երաժշտությունը երբեմն օգնում է, որ արագ նկարես։

-Իսկ կա՞ այնպիսի երաժշտություն, որ անընդհատ լսում եք։

-Շատ տարբեր ոճերի երաժշտություն եմ լսում, եթե նկարիչներին հարցնեք, միանշանակ իրենք պատասխանում են` դասական։ Ես բոլոր ոճերի մեջ էլ սիրելի երգեր ունեմ։

-Նշել եք, որ կողմ եք քննադատությանը, առավել ևս՝ ինքնաքննադատությանը, այդուհանդերձ ո՞վ է Ձեր ամենամեծ քննադատը։

-Ամենամեծ քննադատը, ինձ թվում է, ես եմ։

-Իսկ ընկերնե՞րն ու հարազատնե՞րը։

– Նրանք ինձ խորհուրդներ տալիս են, և ես դրանք ընդունում եմ։

-Վերջերս նկարել եք Սերժ Թանկյանին: Ի՞նչը նրա կերպարում Ձեզ գրավեց:

-Ինձ գրավեց հենց իր կերպարը, իր արտաքին պատկերը։

-Իսկ նրա երգերը լսո՞ւմ եք։

-Որոշ չափով։

– Կարծես թե ամեն հնարավոր միջոց օգտագործում եք հետաքրքիր դիմանկարներ ստանալու համար։ Ինչպե՞ս տեղի ունեցավ գրաֆիտիից անցումը արևածաղկով, աղի ձողիկներով, մանդարինի կեղևով, մուրաբայով և այլ միջոցներով նկարների։

– Դրանք ուղղակի հետաքրքիր ձևեր են դիմանկարները կամ պատկերները արտահայտելու համար։ Կարծում եմ մարդկանց հետաքրքիր է, նպատակը հենց այն է, որ մարդիկ, ովքեր հետևում են ինձ, տեսնեն այդ զանազանությունը, ոչ թե` միապաղաղությունը։ Ժամանակի ընթացքում առաջացող փոքրիկ բաներ են, որոնք արվեստ չեմ համարում։

-Ձեր սիրելի նկարիչը Ռեմբրանդտ վան Ռեյն է։ Նա առավելապես դիմանկարների հեղինակ է։ Կարելի՞ է ասել, որ Ռեմբրանդն իր հետքն է թողել Ձեր դիմանկարների վրա։

-Ռեմբրանդտին շատ-շատ եմ սիրում, հատկապես իր դիմանկարները, ինքնանկարները։ Միանշանակ իր հետքը թողել է և՛ Ռեմբրանդտը, և՛ Ռուբենսը, և շատ ու շատ վերածննդի նկարիչներ։

-Տարբեր մարդկանց դիմանկարներ եք արել: Բայց հայտնի միտքը, որ ասում էր Ֆլոբերը՝ Մադամ Բովարին այդ ես եմ կամ որ ասում են՝ Լեոնարդո Դա Վինչիի Ջոկոնդան հենց ինքը՝ հեղինակն է, որքանո՞վ կարող են ձեր դիմանկարներին էլ վերաբերել:

-Միգուցե կա այդպիսի բան, որ կարծես ամեն նկարչի նման է իր նկարած դիմանկարը։ Իմ դեպքում իմ տարբերանշանը դարձած նկարը գուցե արտաքնապես նման չի, բայց ինձ համար հոգեպես ամենանմանն է։ Կարող ես ոճային առումով տարբերվել, բայց իրականում ինչ-որ նոր բան անելը շատ դժվար է։ Տարբերվել չեմ փորձում, փոձում եմ անել այնպիսի բան, որ մարդկանց ասելիք թողնի, մարդկանց փոխի կամ ուղղություն տա մտածելու։ Օրինակ՝ «Street art»-ը ինձ գրավել է դրանով։

 

Հարցազրույցը՝ Գայանե Հովսեփյանի

3-րդ կուրս

Կիսվել