ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՆԱՐԵԿԱՑԻ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՆԱՐԵԿԱՑԻ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ

2828

«Ներքին խաղաղություն» նախագծի շրջանակում հոկտեմբերի 17-ին Նարեկացի արվեստի միությունում կազմակերպվեց «հայ-հնդկական մշակույթների երկխոսություն» մշակութա-երաժշտական միջոցառումը, որի հեղինակն էր «We meditate Armenia» նորաստեղծ կազմակերպությունը: Վերջինիս նպատակն էր մշակույթի միջոցով ամրապնդել Հայաստանի և Հնդկաստանի ժողովուրդների միջև եղած հարաբերությունները:

Միջոցառման ընթացքում հնչեց հայկական և հնդկական ազգային երգ ու պար, կատարվեց մեդիտացիա: Հնդիկ պարուհի Վերա Կրիշնառաջը «Կուչիպուդի» հնդկական դասական պարի միջոցով ներկայացրեց Հնդկաստանի պատմությունից մի դրվագ: Մեզ հետ ունեցած զրույցում նա նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում, ընդունելությունը ջերմ էր, և հայերի հետ շփումից բավականին մեծ տպավորություն է ստացել։ Այնուհետև հանդիսատեսին «Կարնո քոչարի»-ով ներկայացավ «Հունձք» հայկական պարային համույթը։  «Բհաջան» կոչվող հնդկական դասական երաժշտությամբ հանդես եկան ռուս երաժիշտներ Տիմուր Բրիտսովը և Սերաֆիման։

«We meditate Armenia» կազմակերպության անդամ Աստղիկ Մխիթարյանը պատմեց հնդկական երաժշտության առանձնահատկությունների մասին: Նա նշեց, որ հնդկական երաժշտությունն իր մեջ ներառում է այնպիսի յուրահատուկ հնչյուններ, որոնք համահունչ են մարդու օրգանիզմի էներգետիկ ամեն կենտրոնի հետ։

Մեր այն հարցին, թե ինչու է նախագիծը կոչվում «Ներքին խաղաղություն», Աստղիկը պարզաբանեց․ «Քանի որ մեր կազմակերպությունը զբաղվում է մեդիատացիայով, որն իրենից ենթադրում է հոգեկան ներդաշնակություն և խաղաղություն, այդ պատճառով որոշեցինք հենց այս անվանումը տալ նախագծին»։

Միջոցառման ավարտին «We meditate Armenia» կազմակերպության անդամներն իրենց շնորհակալական խոսքն ուղղեցին հանդիսատեսին և խոստացան առաջիկայում ներկայանալ նոր  ծրագրերով, որոնք ցույց կտան հայ-հնդկական մշակույթների կապը միմյանց հետ։

 

Տաթև Գևորգյան

2-րդ կուրս

Կիսվել