Վախը հույզ է, որն առաջանում է մտքերից, ինչպես բոլոր հույզերը: Այն բավականին ուժեղ հույզ է և նկատելի ազդեցություն է թողնում անհատի վարքի վրա:
Վախերից ձերբազատվելու մեթոդները շատ են, իսկ կիրառությունը` անհատական: Եթե երեխան վախ ունի կենդանիներից, մթությունից, մենակությունից, ապա մեծահասակների մոտ դրանք առավել խորքային բնույթ են կրում: Հոգեբաններն ասում են` վախը մարդու միջից հանելու լավագույն տարբերակը վախի հետ առերեսումն է: Օրինակ, եթե երեխան վախենում է շներից, սկզբում նրան պետք է ցույց տալ, թե ինչպես են այլ երեխաները խաղում շների հետ, հետո քիչ-քիչ մոտեցնել նրան շանը, որպեսզի սկսի ինքը խաղալ շների հետ և ինքնուրույն հասկանա, որ վախենալու ոչինչ չկա:
Այսպիսով` վախերի տեսակները տարբեր են, բնույթն ու առաջացման պատմությունը` յուրահատուկ: Մարդիկ վախենում են գույներից, ձվի դեղնուցից, բմբուլներից, բայց այս ամենի մեջ ինձ առավել հետաքրքրեց Վարդուհու պատմությունը. նա վախենում է պահարանների դռները բացելուց:
Վարդուհին մասնագիտությամբ թուրքագետ է և, չնայած իր զբաղված գրաֆիկին, շարունակում է նայել սարսափ ֆիլմեր: Ժամանակի հետ հասկանալով, որ ֆիլմերը լուրջ հոգեբանական ազդեցություն են ունենում իր ներաշխարհի վրա` Վարդուհին հասկացավ, որ չի կարողանում նայել իր սենյակի և, առհասարակ, տան բոլոր պահարանների դռներին, էլ չենք խոսում դռները բացելու մասին:
-Ի՞նչ զգացողություն ունեք ամեն անգամ պահարանի դռներին նայելիս:
-Իմ սենյակում բավականին մեծ պահարաններ կային և դա այն դեպքում, երբ սենյակը այդքան էլ մեծ չէր, պահարանի և մահճակալի դասավորվածությունն այնպես էր, որ պահարանի դռները անմիջապես իմ դիմաց էին, ինչն էլ խանգարում էր ինձ հանգիստ քնել: Ամեն անգամ պահարանին նայելիս ինձ թվում էր, թե դուռը բացվում է, և կարծես ինչ-որ բան ինձ է կանչում, կամ ինչ-որ բան դուրս կթռչի այնտեղից:
-Երբևէ ինչ-որ մեկին պատմե՞լ եք, կամ ո՞վ գիտի ձեր վախի մասին:
– Անկեղծ ասած սկզբնական շրջանում չէի ցանկանում ինչ-որ մեկին ասել այդ մասին, քանզի կարևորություն չէի տալիս, բայց հետո, հասկանալով, որ անգամ հագուստներս չեմ կարողանում վերցնել պահարանից, ինչն էլ, բնականաբար, տարօրինակ էր ընտանիքիս անդամների համար, որոշեցի մայրիկիս ասել այդ մասին` լավ իմանալով, թե ինչպես է վերաբերվելու այդ հարցին: Նա միշտ դեմ էր, երբ ազատ ժամանակս վատնում էի ֆիլմեր դիտելով, սակայն չէր էլ կարող պատկերացնել, որ այդ ամենը նման հետևանք կունենա:
-Իսկ ինչպե՞ս կարողացաք հաղթահարել Ձեր վախը:
-Իրականում այդ ժամանակահատվածը բավականին երկար տևեց՝ մոտ երկու տարի, և այդ հարցում ինձ շատ օգնեց մայրս: Սկզբում մենք միասին էին սենյակների պահարանների դռները բացում, բայց նշեմ, որ ես փակ աչքերով էի նայում պահարաններին, հետո սկսեցի ինքնուրույն բացել, բայց շրջվել՝ միանգամից: Երևի թե մեկ տարի պահանջվեց, որ դռները բացելուց հետո հանգիստ, առանց որևէ բան պատկերացնելու նայեմ պահարանին կամ փորձեմ բացել դռները: Հիմա ես հաղթահարել եմ վախս, և հասկացել մի շատ կարևոր բան. ֆիլմեր դիտելիս պետք չէ կենտրոնանալ դրանց բովանդակության կամ էլ հերոսների կերպարանքներին, այլ ընդամենը հաճույք ստանալ տվյալ ֆիլմից: Իհարկե կան ֆիլմեր, որոնք շատ բան կարող են սովորեցնել, սակայն չեմ կարծում, որ սարսափ ժանրի ֆիլմերը այդ շարքին են դասվում:
Ինչպես Վարդուհին, այնպես էլ շատերս ունենք տարբեր վախեր: Մենք վախենում ենք բարձրությունից, մթությունից, սարդերից կամ մկներից, իսկ ես վախենում եմ ինչ-որ մեկին կորցնելուց: Ինչպես նշել է հայտնիներից մեկը` «Ինչ-որ մեկին կորցնելու վախը աշխարհի ամենաթանկ վախերից մեկն է»:
Ցանկացած վախ հաղթահարելի է, եթե ունենք ուժ և ներքին ցանկություն:
Անի Խաչատրյան
2-րդ կուրս