Աշնանային միօրինակ շաբաթ-կիրակիներից խուսափելու համար հոկտեմբերի 27-28-ին Նոյեմբերյան համայնքում արդեն 2-րդ անգամ կազմակերպվեց Քրոսս-քանթի ձևաչափի մրցումներ։ Սա լեռնային հեծանվասպորտի ամենատարածված և թերևս ամենաանվտանգ տարբերակն է։
Եթե «Սրբասար-2017» հեծանվային արշավին մասնակցությունը միայն սիրողական մակարդակում էր, ապա այս տարի փոփոխություններ, այնուամենայնիվ, եղան։
Նոյեմբերյանի տուրիզմի կենտրոնի հիմնադիր-տնօրեն Նունե Ազիզյանն ասաց. «Սրբասար 2017»-ի շրջանակներում հեծանվային մարզային գավաթը սիրողական հեծանվորդների համար էր: Սակայն այս տարի երկուսն էլ ներառել էինք: Մրցեցին ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական մարզիկներ՝ բնականաբար մեկը մյուսից առանձին գնահատվելով»:
Պրոֆեսիոնալների համար նախատեսված տարածությունը 15 կմ էր, սիրողական մարզիկների համար՝ 7 կմ:
2 օր տևող այս մրցաշարն իր ձևաչափով Պրոֆեսիոնալ հեծանվասպորտի Հայաստանի առաջնությունն է, այն գնահատվեց միջազգային և հանրապետական կարգի մրցավարներ կողմից։
Վայրի ընտրությունը պահատական չէր։ Այն սերնդեսերունդ համարվում է սրբատեղի տեղացիների համար: Երեկոյան Սրբասարի գագաթից կարելի է նկատել 7 քաղաքների լույսեր: Այնտեղից բացառիկ տեսադաշտ է բացվում: Այս մի քանի կարևորագույն պատճառներից ելնելով էլ որոշվեց ծրագիրն անվանել ամենահոգեհարազատ վայրերից մեկի անվանմամբ՝ հավատով, որ այն անպայման մեծ հաջողություն կունենա։
Կազմակերպիչների նպատակն է ծրագիրը դարձնել ամենամյա և միջազգային:
Նունե Ազիզյանի խոսքով՝ մեր հարևան երկրներ Իրանից և Վրաստանից արդեն կան մարզիկներ, որոնք հետաքրքրված են ծրագրով:
Նախորդ տարվա հեծանվային արշավի մասնակիցների թիվը 18 էր՝ Նոյեմբերյանից և Գյումրիից։ Իսկ ամենափոքր մասնակիցների շարքերում 12-13 տարեկան դպրոցահասակ տղաներն էին։
«Սրբասար-2018» ծրագիրն իրականացվեց Նոյեմբերյանի Տուրիզմի Կենտրոնի, Հայկական Ազգային YWCA ՀԿ-ի, ՀՀ Հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի և Հայաստանի Լեռնային հեծանվորդների ասոցիացիայի համատեղ ջանքերով։
Սահմանամերձ բնակավայրերում ապրելուց բխում են մի շարք խնդիրներ՝ երիտասարդությունը զրկված է մշակութային բազմապիսի միջոցառումներին մասնակցելու հնարավորությունից: Այս առիթով Նունե Ազիզյանն ասաց. «Մենք մեր առաջ նպատակ դրեցինք «Սրբասար» ծրագրով նպաստել Նոյեմբերյան համայնքում առողջ ապրելակերպի մասսայականացմանը և երիտասարդության ներգրավվածությանը»:
Մոնիկա Մամյան
3-րդ կուրս