Որքան էլ գեղեցիկ, որքան էլ բարեկարգ լինի քաղաքը, միևնույնն է, բնակչության համար կարևորագույն խնդիր է եղել և մնում առողջության ապահովումը: Հոկտեմբերի 20-ին, դեռ վաղ առավոտյան, Սևան քաղաքի ամեն անկյունում երջանիկ ու գոհ դեմքերի էիր հանդիպում: Բացվեց Սևան քաղաքի նորակառույց բժշկական կենտրոնի շենքը: Վերջինիս շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն,Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և այլք:
Բժշկական հաստատության բացման խոսքում նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը մեծապես կարևորեց մարզային հերթական ժամանակակից բուժհաստատության շահագործման մեկնարկն ու շեշտեց, որ նորակառույց բարձրակարգ բուժկենտրոնը Սևանի տարածաշրջանի շուրջ 40 հազար բնակչությանը կմատուցի որակյալ, մատչելի և արդի ծառայություններ:
Նշենք, որ Սևանի նոր բուժկենտրոնի կառուցումը մեկնարկել էր 2016 թվականի օգոստոսի 3-ին, ավարտվել՝ այս սեպտեմբերի սկզբին:Այն բազմապրոֆիլ հիվանդանոց է՝ թերապևտիկ և մանկաբուժական, վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական, ինտենսիվ թերապիայի, ցերեկային ստացիոնար բաժանմունքներով ու ծառայություններով: Նոր կենտրոնն ունի նաև ախտորոշիչ բաժանմունք՝ ներառյալ լաբորատորիա, անհետաձգելի բուժօգնության սրահ, օժանդակ այլ ծառայություններ: Սևանի բուժկենտրոնի նորակառույց շինությունը բարձր սեյսմակայունությամբ, հիվանդանոցաշինության միջազգային չափանիշներին համապատասխանող կառույց է:
Արաքսյա Սահակյան
4-րդ կուրս