Հայաստանում սոցիալական ներառականության հարցը շարունակում է մնալ խնդրային: Այդ առիթով «Արվեստի զարգացման աջակցում» ՀԿ-ի և անհատ արվեստագետների նախաձեռնությամբ այս տարի առաջին անգամ Նուբարաշենի հոգեբուժության կենտրոնում իրականացվեց մի նախագիծ, որը կարևոր քայլ էր հոգեբուժության և արվեստի միջև կապն ամրապնդելու համար:
Երիտասարդ կամավորները մեկ տարի շարունակ այցելել են հոգեբուժարան և ստեղծագործական հանդիպումներ ունեցել: Անցկացվել են նկարչական դասընթացներ, որոնց շրջանակներում մասնակիցներին նյութեր են տրամադրվել, աշխատել են անհատական ոճի ու նկարչական տեխնիկայի մշակման վրա: Արդյունքում հեղինակներին հնարավորություն տրվեց հանրությանը ներկայացնել իրենց լավագույն աշխատանքները:
Հոկտեմբերի 24-ին Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Անսովոր պատկերներ» խորագրով ցուցահանդեսի բացումը, որտեղ ներկայացված էին հոգեկան առողջության խնդիր ունեցող 8 հեղինակների գործերը:
«Սա առաջին հաջողված փորձն է Հայաստանում նմանատիպ ցուցադրություն կազմակերպելու:Մեր ծրագիրը շարունակական է լինելու,և ուզում ենք մասնագիտական կամուրջ ստեղծել արվեստագիտության և հոգեբուժության ոլորտներում: Կփորձենք ստեղծագործական լայն շրջանակ ապահովել հոգեբուժարանի պատերից ներս գտնվող անձանց համար»,- նշեց ցուցադրությունը համակարգող արվեստագետ՝ Անետ Բիլյանը:
Հեղինակներն ևս ներկա էին հանդիպմանը: Հատկանշական է, որ չնայած «անսովոր պատկերներին»՝ ներսում մթնոլորտը ամենևին էլ անսովոր չէր, նրանք անձամբ ներկայացնում էին իրենց նկարներն ու անմիջականորեն պատմում իրենց մասին, շփվում այցելուների հետ, կիսում իրենց ոգեշնչումներն ու մտահոգությունները:
«Նկարելիս լիցքաթափվում եմ, հաճույքով եմ նկարում: Հիմա մի քիչ տխուր եմ, որ տղաս Ֆրանսիայում է, այդ պատճառով վերջերս տխուր են ստացվում նկարներս»,- պատմում է Նարինեն: Նկարել սովորել է դասերի ընթացքում, որոնք իր համար ամենաերջանիկ ժամերն են եղել:
Հեղինակներից՝ Քրիստինեն էլ խոսեց Ազգային պատկերասրահում ձեռք բերած իր հմտությունների մասին.
«Այնտեղ աշխատելու տարիներին շատ բան եմ սովորել նախկին տնօրեն Փարավոն Միրզոյանից: Նա էլ ինձ նկարել է: Շատ եմ սիրում արվեստը ու երաժշտական կրթություն ունեմ, նաև տնտեսագետ եմ: Ուրախ եմ, որ նման ծրագրեր են իրականացվում ու հնարավորություն են տալիս մեզ ինքնադրսևորվելու և լավ ժամանցի համար»:
Քրիստինեն որոշել է շարունակել իր նկարչական աշխատանքները նաև հոգեբուժական կենտրոնից դուրս գալուց հետո:
(Լուսանկարները՝ Լիանա Թուրյանի)
Նրանք բոլորն էլ տաղանդավոր են, ունեն իրենց պատմությունը, ունեն արտահայտվելու ու լսելու մեծ ցանկություն: Եվ նրանց ձայնը հանրությանը լսելի դարձնելու համար արվեց այն կարևոր քայլը, որը տանելու է դեպի ավելի քաղաքակիրթ ու ներառական հասարակություն:
Ալյոնա Հապետյան
2-րդ կուրս