ՔԵՅ-ՓՈՓԸ ՄԻ ՈՂՋ ՏԻԵԶԵՐՔ Է

ՔԵՅ-ՓՈՓԸ ՄԻ ՈՂՋ ՏԻԵԶԵՐՔ Է

3008

Հայաստանում վերջին ժամանակներում ավելի շատ կարելի է լսել «K-POP», «K-POPER» անվանումները, տեսնել տարբեր հրապարակումներ և մեկնաբանություններ սոցիալական ցանցերում  «K-POP»-ի վերաբերյալ։
Իսկ ի՞նչ է «K-POP»-ը։
Քեյ-փոփը՝ երաժշտական ուղղություն է, որը ծագել է Հարավային Կորեայում։ Այն ներառում է իր մեջ փոփ երաժշտության տարատեսակ ժանրեր՝ Հիփ-հոփ, պարային երաժշտություն, ժամանակակից ռիթմ-էնդ-բլյուզ և այլն։ Ամերիկյան «Rolling Stone» պարբերականի հոդվածագրերից մեկի բնութագրմամբ ՝ Քեյ-փոփն իրենից ներկայացնում է «արդի արևմտյան երաժշտության և գերէներգետիկ ճապոնական փոփի խառնուրդ», որը գրավում է ունկնդիրներին կրկնվող «բառախաղերի» միջոցով։

Թեպետ Կորեայում Քեյ-փոփ ասելով՝ հասկանում են տարատեսակ երաժշտական ժանրեր, այդ երկրից դուրս այն ընկալում  են որպես առանձին ուղղություն։ Կատարվում է այսպես կոչված կուռքերի կողմից, որոնք իրենց կոնցեպցիայով, արտաքին տեսքով ու կատարողական արվեստով նման են ճապոնական կուռքերին՝ այդոլներին։

Սակայն Քեյ-փոփը այլևս պարզապես երաժշտություն չէ, այլ մի ողջ Տիեզերք իր կանոններով, օրենքներով, պայմաններով և ավանդույթներով։ Քեյ-փոփը այնքան հայտնի է դարձել, որ շնորհիվ համացանցի այն վերածվել է երիտասարդական ենթամշակույթի։ Ուղղության ներկայացուցիչները ընդօրինակում են Հարավկորեական ժամանակակից նորաձևությունն ու ոճը։ Եվ որքան գլոբալ է այն դառնում, այնքան մեծանում է երկրպագուների թիվը, որոնք շատ են նաև Հայաստանում։

Հայ երկրպագուները պատմում են, թե ինչպես փոխեց իրենց կյանքը Քեյ-փոփը։Մեր հերոսներից յուրաքանչյուրի վրա Հարավկորեական երաժշտությունը թողել է իր մեծ ազդեցությունը։ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Գոհարի խոսքերով՝ իր կյանքն ամբողջությամբ փոխվեց, երբ սկսեց լսել Քեյ-փոփը.

«Մեծ սերս դեպիԿորեան սկսվել է 8 տարեկանից, իսկ հենց քեյ-փոփը` 16 տարեկանից: Մինչ դա մենակ Ռոք էի լսում, չունեի ոչ մի նպատակ, անիմաստ էր իմ համար ամեն բան, հետո, երբ տեսա  Բիթիէս խմբին(BTS), միանգամից կյանքս 180 աստիճանով փոխվեց: Ես ինձ գտա նրանց յուրաքանչյուրի մեջ, նրանց շնորհիվ ես սկսեցի ինքս ինձ ճանաչել, ու որ ամենակարևորն էր` նպատակներ ունեցա ու սկսեցի ԱՊՐԵԼ»։

17-ամյա Սյուզին ընդհանրապես ոչ մի երաժշտություն չի լսել, իսկ հիմա երեք տարի է ինչ հետաքրքրված է Քեյ-փոփով.

«Իմ կյանքը շատ անհետաքրքիր էր ու փակ, կոմպլեքսավորված մարդ էի առաջ։ Չունեի երազանքներ, ինձ համար մեկ էին բոլոր մարդիկ ու համ էլ ուժեղ հոմոֆոբ էի։ 2015 թվականին սկսեցի հետաքրքրվել Քեյ-փոփով, ու ծանոթացա EXO, BTS խմբերի հետ, ու ամբողջ սրտով այդ պահից մինչև օրս կապվեցի երկու խմբերի հետ։ Շատ են օգնել ինձ իրենք։ Ես սկեցի բացվել։ Հիմա ունեմ շատ ընկերներ, սառնությունս անցել է, էլ չխոսեմ անտարբերությանս մասին։ Երազանքներ ձեռք բերեցի ու սկսեցի առաջ գնալ՝ դեպի այդ երազանքները։ Էլ հոմոֆոբ չեմ, ընդհակառակը՝ պայքարում եմ, որ ատելությունը դուրս գա մարդկանց միջից։ Հիմա ունեմ շատ խնդիրներ, բայց հենց քեյ-փոփն ու իմ ընկերներն են, որ ինձ հետ են, օգնում են ինձ»։

Միգուցե այս ամենը կարդալով, ձեր մեջ միևնույն է հետաքրքրություն չառաջացավ քեյ-փոփի նկատմամբ, բայց դա նորմալ է։ Չէ՞ որ յուրաքանչյուրս էլ ունենք մեր սեփական երաժշտական ճաշակը և նախասիրությունները։ Եվ ինչպես ասում են՝ յուրաքանչյուրին իր համար։ Ու ինչ-որ մեկի համար գուցե հենց Քեյ-փոփն է այդ «իր»-ը։

Մերի Խաչատրյան

2-րդ կուրս

Կիսվել