Պատահում է, երբ կարծում ես, որ սոցիալական ցանցերի բոլոր հաշիվներդ ապահով են, նամակներդ ոչ մեկի հասանելի չեն, քեզ ոչ ոք չի կարող գաղտնալսել, իսկ հաջորդ օրը արթնանում ես, և պարզում, որ գաղտնալսվել է ոչ ավել ոչ պակաս ԱԱԾ և ՀՔԾ պետերի զանգերը: Սկսում ես անհանգստանալ, մտածել, որ եթե անգամ ԱԱԾ պետին են գաղտնալսում, ապա ինչպես կարող ես հանգիստ լինել քո անվտանգության համար: Ինչպե՞ս դադարեցնել այս մտքերը, ինչպե՞ս սկսել նախկինի պես հանգիստ օգտվել համացանցից: Այս հարցում մեզ կօգնի անվտանգության մասնագետ Նարեկ Ջիլավյանը:
Հարցին՝թե ինչպե՞ս կարելի է անվտանգ լինել համացանցում, Նարեկը պատասխանեց, որ համացանցում անվտանգ լինելը հեշտ և միաժամանակ դժվար է: Կան պարզ կանոններ, որոնք չխախտելու դեպքում կարող ես վստահ լինել, որ քեզ ինչ-որ վտանգ չի սպառնա, ու օնլայն հաշիվներդ ապահով կլինեն: Այլ դեպք է, երբ դու հանրային նշանակություն ունեցող անձ ես և ինչ-որ խմբերի հատուկ թիրախ ես, բայց սովորական օգտատերերի դեպքում հասարակ կանոններին տիրապետելը բավական է: Համացանցում անվտանգ լինելու համար պետք է օգտվել վստահելի կայքերից, որոնք չունեն կասկածելի հղումներ, ֆայլեր ներբեռնելիս պետք է վստահ լինել այն կայքի վրա, որտեղից այն ներբեռնում եք: Գաղտնաբառեր հավաքելիս պետք է ուշադիր լինել այն կայքի հղմանը, որտեղ հավաքում եք այն, քանի որ կան բազմաթիվ կայքեր, որոնք առաջին հայացքից հայտնի կայքերին են նման, սակայն նրանք պարզապես կրկնօրինակներ են, գաղտնաբառեր հավաքելու նպատակով: Սրանք հիմնականում այն կանոններն են, որոնց հետևելու դեպքում կարելի է վստահ լինել ձեր ապահովության վրա:
Իսկ այն մասին, թե ինչպե՞ս են գաղտնալսվում զանգերը, և ի՞նչ կարելի է անել չգաղտնալսվելու համար, Նարեկ Ջիլավյանը ասաց, որ զանգեր գաղտնալսելու մի քանի տարբերակներ կան: Ամենից տարածված մեթոդը այն է, երբ գաղտնալսվողի սարքում ներբեռնում են հատուկ ծրագրեր, որը ձայնագրում է զանգերը և ուղարկում գաղտնալսողին: Այլ տարբերակ է, երբ հեռախոսի վրա հատուկ գաղտնալսող սարք են տեղադրում, սակայն դրա համար գաղտնալսվողի մոտ պետք է ֆիզիկապես լինել: Օպերատորները և հատուկ ծառայությունները նույնպես կարող են գաղտնալսել զանգերը: Եթե կարիք կա ինչ-որ գաղտնի տեղեկատվություն փոխանցելու, կարելի է օգտվել Viber կամ Whatsapp հավելվածների զանգերից, որոնք չեն կարող գաղտնալսվել:
Համացանցը,ինչպես իրական կյանքը, ունի իր վտանգները,ապահով են նրանք, ովքեր տիրապետում են պաշտպանվելու կանոններին:
Հագոպ Կալաչյան
2-րդ կուրս