Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել: 1988 թվականին 4-րդ կարգի վթարային ճանաչված շենքի բնակիչները նախորդ տարիներին դիմել են տարբեր պատկան մարմինների։ Մի շարք նամակներին ի պատասխան՝ մշտապես ստացել են նույն խոստումը՝ հարցը հրատապ ծրագրերի մեջ է: Կառավարության շենքի դիմաց հավաքված բնակիչների հետ զրուցել է Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության ներկայացուցիչ Հայկ Սիմոնյանը՝ բնակիչներին հերթական անգամ խորհուրդ տալով սպասել:
Բնակիչների խոսքերով իրենք ամեն օր սարսափով են քնում և արթնանում` վախենալով, որ շուտով շենքերը փուլ կգան: Արդեն 30 տարի է, ինչ ապրում են անմարդկային պայմաններում, չունեն կոմունալ ոչ մի հարմարություն` ո´չ ջուր, ո´չ գազ: Շենքը չի թույլատրվում գազաֆիկացնել, բնակիրչների խոսքերով շենքում քայլելն անգամ վտանգավոր է, ուր մնաց բնակարաններում ուրախանալ և պարել: Ասում են, որ տանը մի ուրախ տոնին պարելու համար իջնում են բակ և այնտեղ պարում:
Լենուղի համայնքի համայնքապետի խսքերով 2015-թ.-ին մեկ շենքի բնակիչներին արդեն բնակարաններ հատկացվել են, սակայն մյուս 2 շենքերի համար դեռ ֆինանսավորման են սպասում: Սակայն շենքի բնակիչները ասում են, որ այլևս հնարավոր չէ ապրել այս պայմաններում: Բնակիչներից մեկի խոսքերով` առնետները նրանց ընտանիքի լիիրավ անդամներն են: Համայնքապետ Գեղամ Ղազարյանի խոսքերով արդեն 3 տարի է` սպասում են, բայց ոչ մի պատասխան չկա: Բնակիչները դեռ շարունակում են ապրել վախի և սարսափի մեջ:
Արմանուշ Գևորգյան
3-րդ կուրս