Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Բյուրականում կայացավ «Վարդանանք» ակումբի կողմից կազմակերպված «Կրթությունը ՀՀ անվտանգության համատեքստում» գիտապրակտիկ կոնֆերանսը։ Կոնֆերանսի մասնակիցներին ողջունեց ակումբի հիմնադիրներից Սաթենիկ Աբրահամյանը, ով բոլորին մաղթեց հաճելի աշխատանքային օրեր։ Հոբելյանական 20-րդ գիտապրակտիկ կոնֆերանսը նվիրված էր ՀՀ անկախության 25 ամյակին։ Կոնֆերանսի մասնակիցները հետաքրքիր զեկույցներ էին պատրաստել։ Այն սկսվեց «Արծիվ մահապարտներ» գումարտակի ազատամարտիկ Ֆելիքս Պողոսյանի ելույթով։ Նա մանրամասն պատմեց պատերազմի, իր ռազմի ընկերների և այն դժվարությունների մասին, որոնց միջով անցել են, սակայն երբեք չեն ընկճվել։ Պատմեց, թե ինչպես են պատերազմի դաշտում ընկել ազատամարտիկներ Վարդան Հովհաննիսյանը, Գագիկ Յոլչյանը, լրագրող Սամվել Շահմուրադյանը։ Թե ինչպես Վարդանը իր միակ գնդացրով կարողացավ փրկել ամբողջ խմբին թշնամու ձեռքից։
«1994 թվականի ծանրագույն պայմաններում մեր ժողովրդին, Մադաղիսի համար երկու շաբաթ տևած մարտում, հաջողվեց հաղթանակի հասնել։ Անասելի տառապանքների, զրկանքների գնով ձեռք բերված հաղթանակ էր։ Ամենածանր ժամանակաշրջանն էր, բազմաթիվ կորուստներ ունեցանք, Արծվաշեն գյուղը ընկավ, սակայն կարողացանք ազատագրել Շուշին ու Լաչինը։ Բանակը տառապանքի ճանապարհ է, որ պետք է անցնի ցանկացած հայ տղամարդ և հայ աղջիկները պետք է ամուսնանան ծառայած տղաների հետ»,- նշեց Ֆելիքս Պողոսյանը։
Կոնֆերանսին ներկա էր մերօրյա հերոս, ապրիլյան պատերազմի մասնակից Արթուր Խաչենցը, ով ներկաներին ներկայացրեց ապրիլյան պատերազմը ականատեսի աչքերով։ Նա նշեց, որ առաջնագծում ծառայությունը շատ ավելի բարդ ու դժվար է։ Պատերազմի ժամանակ դիրքը պաշտպանող յուրաքանչյուր զինվոր ծանր փորձությունների միջով է անցնում, բայց նրանց ոգին անկոտրում է և միասնաբար միշտ կկարողանան պայքարել թշնամու դեմ։ Արթուր Խաչենցը ելույթը ավարտեց հայրենասիրական երգով և ասաց․ «Մարտի դաշտում երգն էլ է կրակում»։
Կոնֆերանսին ներկայացվեցին նաև «Կանայք քաղաքականության մեջ», «Կլոնավորում», «Մշակութային անվտանգություն», «Կրթությունը ինքնության համատեքստում, որպես ազգային արժեքների պահպանության տարր» թեմաներով զեկուցումներ։
Այս տարի առաջին անգամ կոնֆերանսին մասնակցեցին Ջավախքի ուսանողները։ Զեկուցող Էդգար Ղուշչյանը մշտապես ցավեցնող ազգային փոքրամասնությունների ձուլման խնդիրը բարձրաձայնեց։․ «Ջավախքը ՀՀ-ի հյուսիսային դարպասն է, իսկ դարպասների ամրությունը անվտանգության երաշխիքն է,-նշեց նա,-և այդ պատճառով էլ շատ կարևոր է Ջավախքում կրթության որակի մակարդակի բարձր լինելը, դպրոցներում հայոց լեզվու ու հայ գրականություն, հայ ժողովրդի պատմություն առարկաների դասավանդվելը, քանի որ մայրենի լեզուն ու կրթությունը համարվում են տվյալ ժողավրդի գոյության հիմնական գրավականը»։
Կոնֆերանսի ընթացքում կազմակերպվեցին ուխտագնացություններ դեպի տարածաշրջանի մշակութային կոթողներ։
Այն ավարտվեց հոկտեմբերի 2-ին «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմի դիտումով։
Արմենուհի Օվսեպյան
2-րդ կուրս