ԵՐԲ ՄԵԿ ՈՒՐԻՇԻ ԿՅԱՆՔ ՓՐԿԵԼԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՄՇԱԿՈՒՅԹ

ԵՐԲ ՄԵԿ ՈՒՐԻՇԻ ԿՅԱՆՔ ՓՐԿԵԼԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՄՇԱԿՈՒՅԹ

1187

Ամեն տարի հազարավոր հիվանդների մոտ ախտորոշվում է լեյկեմիա և արյան այլ չարորակ հիվանդություններ: Ներկայիս տվյալներով աշխարհում ավելի քան 6000 հիվանդ համատեղելի դոնորի կարիք ունի: Նրանցից միայն 20-30 տոկոսի համար է հաջողվում գտնել ազգակից դոնոր, իսկ մնացած 70-75 տոկոսը անծանոթ և կամավոր դոնորների ցողունային բջիջների նվիրատվության կարիք ունի: Նշենք, որ ցողունային բջիջները կարող են շերտավորվել մասնագիտացված բջիջների, այսինքն վերածվել տարբեր հյուսվածքների և օրգանների բջիջների: Ցողունային բջիջների կիրառման շնորհիվ ստեղծվել է բժշկության նոր բնագավառ՝ ռեգեներատիվ (վերականգնողական) բժշկություն: Մարդն իր օրգանիզմում ունի 100 միլիոնի հասնող ցողունային բջիջներ, որից ամբողջ կյանքում օգտագործվում է 5-10 տոկոսը: Սակայն ցողունային բջիջների այդ մեծ պաշարը կարող է փրկել մեկ այլ մարդու կյանք: Ցավոք, հազարավոր հիվանդներ ամեն տարի մահանում են՝ չկարողանալով գտնել համատեղելի դոնոր: Կարևորելով առողջապահական,և ինչու ոչ, նաև սոցիալական այս խնդիրը՝ Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր հիմնադրամի և Երևանի Պետական Բժշկական Համալսարանի համագործակցության շնորհիվ, նոյեմբերի 19-ին և 20-ին բժշկական համալսարանում իրականացվեց հերթական դոնորագրման ակցիան: Հիմնադրամի և համալսարանի միջև համագործակցությունը ունի տարիների պատմություն:

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հիմնադրվել է 1999 թվականին և գրանցվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն: Հիմնադրամի առաքելությունն է` օգնել աշխարհասփյուռ հայերին հաղթահարելու արյան մի շարք  մահացու հիվանդությունները, որոնք հաճախ բուժվում են ոսկրածուծի փոխպատվաստմամբ: Հիմնադրամի նպատակն է հիվանդի համար գտնել համապատասխան դոնոր՝ կազմակերպելով դոնորագրման ակցիա մեր հայրենակիցների շրջանում: Հատկանշական  է այն, որ դոնորներ կան նաև Սփյուռքից: Կարծեցյալ անտարբերության կողքին, փաստերն այլ բան են հուշում, և աստիճանաբար մարդկանց գիտակցական մակարդակն ավելի է բարձրանում, ու մեծանում դիմացինին օգնելու ցանկությունը: Մինչ օրս ռեեստրում կամավորագրվել է ավելի քան 29.000 դոնոր: Ռեեստր դիմած 4.885 հիվանդի հետ նախնական համընկնող 4.469 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 31-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:

Նախքան դոնորագրման անցկացումը ներկայացվեց վերջինիս նպատակն ու անցկացման կարգը: Նշվեց, որ հերթական ակցիայի շրջանակներում նախատեսվում է մեծացնել դոնորների թիվը: Արդեն իսկ կամավոր դարձած 29.000 դոնորներն հանձնել են երեքական գրամ արյուն, որը տիպավորվել և պահվել է բազայում: Ներկայացվեց նաև հետագայում, փոխպատվաստման գործընթացի մանրամասները՝ առավել քաջատեղյակ դարձնելու համար մանակիցներին: Գիտենք, որ ամենալավ դոնորը, եթե կան ընտանիքում երեխաներ, մեկը մյուսի համար դառնալն է, այսինքն ազգակից դոնորները: Սակայն այսօր հայ ընտանիքներում հաճախ քիչ թվով, հիմնականում մեկ կամ երկու երեխաներ կան, ինչի համար էլ դժվար է լինում գտնել դոնոր: Այդ պատճառով էլ համընկման դեպքում օգնության է գալիս ոչ ազգակից դոնորը:  Համընկնումը չափազանց բարդ և խորը հետազոտում է պահանջում: Մարդկանց տվյալները համակարգում պահվում են մինչև նրանց 60 տարին լրանալը: Դոնորներին լրացման համար համապատասխան թերթիկներ տրվեցին, որը խնդրվեց մանրամասն լրացնել, այդ թվում այնպիսի տվյալներ, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի որքան հնարավոր է արագ գտնել դոնորին:

Այս տարի մարդասիրական ծրագրի մասնակից դարձավ ավելի քան 300 կամավոր, այդ թվում՝ բժշկական համալսարանի ուսանողներ, պրոֆեսորադասախոսական  կազմի ու ղեկավարության անդամներ, և, որ չափազանց ողջունելի քայլ էր, մեկն, ով  այնտեղ էր այլ նպատակով: Վերջինս Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Մարիամն էր, ով սկզբում այնտեղ էր նյութի պատրաստման համար, սակայն րոպեներ անց նա թողեց տեսախցիկն ու միացավ կամավորների խմբին: Ոչ մի կերպ չկարողանալով այդ պահին զրուցել նրա հետ, միայն դոնորագրումից հետո կարողացանք հասկանալ նրա՝ այդչափ մարդասիրական քայլի նպատակն ու դրդապատճառները: Վերջինս իր խոսքում նշեց, որ վաղուց էր ցանկանում դառնալ դոնոր և չէր կարող ընձեռնված հնարավորությունը բաց թողնել: Պատճառը գիտակցումն է, որ գուցե մի օր իմ կարիքը զգացվի որևէ մեկի կյանքը փրկելու համար:

Դոնորագրման ընթացքում, չկարողանալով անտարբեր լինել, մոտեցանք ուսանողուհիներից մեկին, ով կարծես թե դժգոհ էր որևէ բանից: Զրույցի ընթացքում նա նշեց, որ պատճառն իր տարիքային անհամապատասխանությունն ու դոնորագրվել չկարողանալն է, սակայն հավելեց, որ միևնույնն է, մինչ չափահաս դառնալն էլ( ինչին ի դեպ շատ քիչ է մնացել), ինքն անպայման կդառնա դոնոր:  Նշենք, որ դոնոր դառնալու համար հարկավոր էր լինել 18-50 տարեկան, հանձնել 3 մլ արյուն՝ նախապես լրացնելով հարցաթերթիկը:

Մեկ այլ ուսանողուհի էլ՝  Անգելինան, ով կամավորներից մեկն էր, հավելեց, որ օրեր առաջ պետք է արյուն հանձներ՝ փրկելու համար մի կնոջ կյանք, ով ուռուցք ուներ, սակայն չի ստացվել, և, իմանալով անցկացվելիք ակցիայի մասին, որոշել է լինել առաջիններից մեկը:

Դոնորագրվելն անվնաս ու անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում, համատեղելիության հայտնաբերման դեպքում, փրկել մեկ այլ մարդու կյանք:

Բժշկական համալսարանի անձնակազմի պատրաստակամության և ջանքերի շնորհիվ, երկօրյա միջոցառումներն անցկացվեցին ծրագրավորված և պատշաճ կազմակերպված: Հնարավոր եղավ կամավորներին ներկայացնել ռեեստրի կատարած աշխատանքները, նպատակները և ապագային միտված քայլերը: Արդեն 18 տարի հիմնադրամը նվիրվել է լեյկեմիայի և արյան չարորակ այլ հիվանդությունների դեմ պայքարին՝ փորձելով օգնել հաղթահարելու մահացու հիվանդությունները: Արդյունքում մեծ թվով կամավորներ դոնորագրվեցին, ովքեր, կարող ենք վստահաբար ասել, որ գիտակից և պատրաստակամ դոնորներ են, և, լինելով ապագա բժիշկներ, օրինակ կհանդիսանան այլոց համար:

Միջոցառմանը մասնակցեցին նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանը:

Հնարավորություն տալ մարդուն կրկին տեսնել այն, ինչ մենք տեսնում ենք ամեն օր, զգալու այն, ինչն ամեն օր ենք զգում՝ արժևորելով կյանքի գեղեցկություններն  ու չկոտրվելով, պայքարելու ձգտմամբ և նույնիսկ թվացյալ անհաղթահարելին հաղթահարելով: Հուսով ենք՝ այս և նման այլ մարդասիրական ակցիաների շնորհիվ շուտով մեկ ուրիշի կյանք փրկելը կդառնա մշակույթ, ու այլևս կարիք չի լինի մտահոգվելու այն խնդրի համար, թե որքանո՞վ է պատրաստակամ մարդը՝ օգնելու դիմացինին:

 

Արաքսյա Սահակյան

4-րդ կուրս

 

Կիսվել