ԵՊՀ-ում գործում են երկու կառույց` Ուսանողական խորհուդը(ՈՒԽ) և Ուսանողական գիտական ընկերությունը(ՈՒԳԸ): Դրանք բուհի ուսանողներին հնարավորություն են տալիս մասնակցել հետաքրքիր ու բազմաբնույթ ծրագրերի, որոնց միջոցով ուսանողները ձեռք են բերում գիտելիքներ, տարբեր հմտություններ, ծանոթանում ու լայն շփումներ են հաստատում տարբեր ֆակուլտետներում սովորող ուսանողների հետ:
ՈՒԽ-ը և ՈՒԳԸ-ը միմյանցից տարբեր կառույցներ են, սակայն ունեն մեկ նպատակ՝ հետաքրքիր դարձնել ուսանողական առօրյան:
ՈՒԳԸ-ն ԵՊՀ-ի ամենահին ուսանողական կառույցն է, որն օգնում է հարստացնել մասնագիտական (և ոչ միայն) գիտելիքները, ձեռք բերել կազմակերպչական հմտություններ: Այստեղ կարելի է առաջին քայլերն անել գիտության ասպարեզում:
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Գառնի Մութաֆյանը խոսելով ՈՒԳԸ-ի մասին նշեց, որ վերջերս է դարձել ՈՒԳԸ-ի անդամ:
«Այն կարողանում է ստեղծել ուսանողակենտրոն կրթական միջավայր՝ կազմակերպելով սեմինարներ, հանդիպումներ ու գիտաժողովներ: ՈՒԳԸ-ը հրաշալի կատարում է իր առաքելությունը, ու ես սիրով անդամակցում եմ նրան և մեծ սպասելիքներ ունեմ»,- ասում է Գառնին:
Կան ուսանողներ, ովքեր խուսափում են «գիտական» բառից, մինչդեռ կարելի է փոքրիկ ուսումնասիրություններ կատարել, մասնակցել գիտաժողովների ու գիտական աշխատանքներ գրելու փորձ ձեռք բերել:
Ինչ վերաբերվում է ՈՒԽ-ին, ապա այն միտված է պաշտպանելու ուսանողների շահերը: Այն կազմակերպում է հետաքրքիր ու ուսուցողական ծրագրեր, որոնցից մեկն էլ օրինակ «Ինքնակառավարում»-ն է: Եռօրյա դասընթաց Ծաղկաձորում՝ համալսարանի պանսիոնատում, որի շրջանակներում ուսանողները ծանոթանում են համալսարանի կառուցվածքին ու կառավարմանը, սովորում իրենց գաղափարները իրագործելու համար ծրագիր մշակել և ճիշտ ներկայացնել դրանք:
Յուրաքանչյուր ուսանող կարող է այս կառույցներից մեկի մի մասը դառնալ՝ կամավորության սկզբունքով, եթե ցանկանում է ունենալ ակտիվ ուսանողական կյանք: Ուսանողական խորհուրդը ունի հանձնաժողովներ, որոնցից յուրաքանչյուրը ակտիվ գործունեություն է ծավալում:
Ուսանողուհի Լիլիթ Մկրտչյանը այժմ լրատվական հանձնաժողովի անդամ է և իրավական հանձնաժողովի ֆակուլտետային պատասխանատու: «Ուրախ եմ, որ Մայր բուհն ունի ուսանողների շահերը պաշտպանող, նրանց կյանքը գունեղ ու հետաքրքիր դարձնող նման կառույց, ու, որ ես այդ կառույցի մի մասն եմ»:
Իսկ ահա ժուռնալիստիկայի ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողուհի Թամարա Գասպարյանը առաջին կուրսում դեռ կամավոր էր ՈՒԳԸ-ում, ապա դարձավ անդամ, որոշ ժամանակ անց քարտուղար, իսկ այս տարի ընտրվեց նախագահ:
«Իսկապես պատասխանատու աշխատանք է: Պետք է ջանք չխնայես ֆակուլտետի պատիվը բարձր պահելու համար, ամեն ինչ անես հետաքրքիր ու ճանաչողական միջոցառումներ նախաձեռնելու ուղղությամբ», – ասում է Թամարան:
Ուսանողուհի Միլենա Մովսեսյանը ՈՒԽ-ում կատարած իր աշխատանքը համարում է ոչ թե ժամանակի վատնում, այլ լրացուցիչ փորձ. «Ես դեռ դպրոցում էլ շատ ակտիվ եմ եղել: Երբ եկա համալսարան, մեջս շատ էներգիա կար, որը պետք էր որևէ կերպ սպառել: Որոշեցի ու միանգամից միացա ուսխորհրդի լրատվական հանձնաժողովին և սկսեցի նյութեր պատրաստել «Ալեք Մանուկյան 1» ամսագրի և ԵՊՀ կայքի համար»:
Ինչպես ուսանողներն են նկատում՝ ուսանողական տարիները միայն դասերի համար չեն, այլ նաև այնպիսի կառույցներին անդամակցելու, որտեղ հավաքված են անչափ խելացի և կրեատիվ մարդիկ, և դու սովորում ես նաև՝ նրանց հետ շփվելով:
Կարինե Հովհաննիսյան
2-րդ կուրս