ՀՀ ԳԱԱ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

ՀՀ ԳԱԱ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

1505

Էկոլոգիական լրագրություն առարկայի շրջանակներում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական թանգարանը հյուրընկալեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներին: Թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը ուսանողներին ծանոթացրեց թանգարանում պահվող ցուցանմուշներին, պատմեց նրանց արժեքի, կարևորության, ծագման մասին:

Թանգարանը հիմնադրվել է 1938թ-ին, որի ստեղծման համար մեծ ներդրում է ունեցել հայ խորհրդային երկրաբան, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Հովհաննես Կարապետյանը, ում նկարը, նամակները, կյանքը ու կենսագրությունը ներկայացված են թանգարանում։ Ուսանողները տպավորված էին թանգարանում ներկայացված ցուցանմուշներով` միներալներով, հանքաքարերով, բուժիչ նյութերով, կենդանինների ոսկորներով, բնության հուշարձանների լուսանկարներով։ Նրանց խոսքերով` հատկապես տպավորիչ էին թանգարանում պահվող երկնաքարը, որը կշռում էր 37կգ, որին դիպչելով ուսանողները երազանք պահեցին` հույս ունենալով, որ կկատարվի, 5 տարեկան փղի ոսկորները, որի 70-80% ը պահպանված է, և թանգարանի ամենաթանկարժեք նմուշը՝ 1 լիտր նավթը, որը հայտնաբերվել է մոտ 3500 մետր խորությունից Գառնիում։

Թանգարանում առկա է մի սրահ, որն անվանակոչված է ամերիկահայ կոլեկցիոներ Արա Դիլդիլյանի անունով, ով ծնվել է Արևմտյան Հայաստանում։ Վերջինս ունեցել է քարերի մեծ հավաքածու։ Նրա մահից հետո 1985թ-ին քարերը փաթեթավորվել են և իր ընտանիքի կողմից ուղարկվել Հայաստան և 25 տարի անց այդ հավաքածուն ցուցադրվեց թանգարանում։ Արա Դիլդիյանի անվան ցուցասրահի բացմանը ներկա են եղել նաև կոլեկցիոների ընտանիքի անդամները։

Թանգարանը ոչ միայն իր այցելուներին ծանոթացնում է ընդերքի հարստությանը, բնության հրաշալիքներին, այլև ոչ ֆորմալ կրթական միջավայր է, իրականացնում է կրթական ծրագրեր: «Տարբեր թեմաներով դասընթացների անցկացման առաջարկներ ունենք բնությունը լավ ճանաչելու և համակարգչից կտրվելու համար»,- ասաց տնօրենը։

Թանգարանը սկսել է մատուցել նոր ծառայություն ևս, կազմակերպում է էկոտուրեր Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր:

Արմանուշ Գևորգյան

3-րդ կուրս

Կիսվել