ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ

3232

Եթե նախնադարում մարդիկ հագուստ էին կրում իրենց մարմինը ծածկելու եւ ջերմության զգացողությունն ապահովելու համար, ապա այսօր հագուստն իր հիմնական բնույթը փոխել է՝ դառնալով անհատի սոցիալական, կրթական, հետաքրքրությունների եւ այլ բնութագրիչների ցուցիչը։

Նորվեգացի ժամանակակից փիլիսոփա Լարս Սվենդսենը «Նորաձեւության փիլիսոփայությունը» աշխատության մեջ նշում է, որ Վերածննդի դարաշրջանից սկսած նորաձեւությունը դարձել է արեւմտյան քաղաքակրթության կարեւոր երեւույթներից մեկը եւ ժամանակի ընթացքում ներթափանցել կյանքի այլ ոլորտներ նույնպես։ 18-րդ դարի 70-ական թվականներին են սկսել լույս տեսնել նորաձեւության առաջին ամսագրերը՝ «Lady s Magazine» (1770թ., անգլերենով) եւ «Journal des Luxus und der Moden» (1786թ., գերմաներենով)։

Ներկայումս նորաձեւության մեջ կարելի է առանձնացնել երեք հիմնական ուղղություններ՝ շքեղ նորաձեւություն, արդյունաբերական նորաձեւություն եւ «փողոցի» նորաձեւություն։ Շքեղ նորաձեւությունը գոյություն ունի ամենաբարձր գնային մակարդակում եւ կարվում է պատվերով, որի ամենաթանկ մասը «կուտյուրեի» ձեռքի գործն է։ Արդյունաբերական նորաձեւությունը զանգվածային ապրանք է, բայց ներառում է ինչպես թանկ դիզայներական հագուստը, այնպես էլ՝ էժան հագուստը, իսկ փողոցի նորաձեւությունը ստեղծվում է տարբեր ենթամշակույթներում։ Միաժամանակ հարկ է նշել, որ չկա հստակ տարանջատում այս երեքի միջեւ։ Այն, ինչ ստեղծվում է ենթամշակույթի շրջանակներում, հետագայում կարող է տեղ գտնել արդյունաբերական նորաձեւության, ապա նաեւ բարձր նորաձեւության մեջ, եւ հակառակը։

Նորաձեւության զարգացումը համաշխարհային պատմության անբաժան գործընթացներից է՝ ի ցույց դնելով տվյալ ժամանակաշրջանի հիմնական միտումները։ Օրինակ՝ թե Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, թե արցախյան պատերազմի ֆոնին բավականին շատ են զինվորական հագուստ կրող քաղաքացիները։ Դա կարելի է բացատրել ինչպես այդ ոլորտի անձանց հետ ինքնանույնականացման, այնպես էլ՝ հաճախակի զինվորականներ տեսնելիս վախի եւ տագնապի զգացումը մեղմելու հանգամանքով։

Նորաձեւության վրա ազդեցություն ունեն նաեւ հայտնի անհատները։ Շատ հետաքրքիր ավանդույթներ ձեւավորեց երգիչ Ջոն Լենոնը՝ ի դեմս շրջանաձեւ ակնոցների, կերպարային հագուստների, հոլիդե ջինսերի։ Հեղափոխական կերպար Ֆիդել Կաստրոն նույնպես ուներ իր յուրահատուկ ոճը. դրանք վզկապներն էին, որոնք կրում էին նրա գաղափարակիցները։ Այսօր էլ ցույցերի ժամանակ շատ երիտասարդներ կրում են վզկապներ, թեեւ մի փոքր այլ նկատառումներով՝ փորձելով թաքցնել դեմքը(Թավշյա հեղափոխության առաջին օրեր)։ Երգչուհի Մադոննան կոտրեց կանանց մասին մինչ այդ եղած կարծրատիպերը։ Նրա հագուստը, որը ժամանակին բնորոշ էր անբարո կանանց, ընդունելի դարձավ հասարակական որոշ շերտերի կողմից։ Մարդիկ օրինակ են վերցնում հեղինակավոր անձանցից, իսկ վերջիններս ենթատեքստով հստակ մեսիջներ են փոխանցում։ Օրինակ դասական ռոք երաժշտությունը ազատության տարրեր է պարունակում՝ փորձելով ազատել կարծրատիպային գաղափարներից, այդ թվում նաեւ հագուստի և կամ սանրվածքի միջոցով։

Նորաձեւությունն ազդում է մարդու ինքնագնահատականի եւ շրջապատի հանդեպ ունեցած վերաբերմունքի վրա։ Դրա ապացույցը մեր ընտրությունն է։ Նորաձեւության միտումներին չհետեւելը նույնպես վերաբերմունք է, թեեւ արտահայտվում է մերժողական դիրքերից։ Ցավոք, ժամանակի ընթացքում միշտ չէ, որ գեղեցիկը պահպանում է իր կենտրոնական տեղը նորաձեւության մեջ։ Շատ հաճախ առավել որոշիչ է դառնում նորույթի առկայությունը։ Նորաձեւության էությունը նրա անկայունությունն է, որի հիմքում ընկած է արմատական փոփոխությունների պահանջը։

Մարդիկ ձգտում են յուրահատուկ լինել, տարբերվել, պահել անհատականությունը, այդ նպատակով դիմում են որոշակի ատրիբուտների եւ հետաքրքիր համադրությունների օգտագործմանը։ Դրան հակառակ կա նաեւ զանգվածային ընդօրինակման միտումը։ Երբ մարդը ցանկանում է դառնալ հասարակության կամ ավելի փոքր խմբի անդամ, ապա տվյալ խմբին պատկանելու համար սկսում է կրել նրանց բնորոշ հագուստ կամ աքսեսուարներ։

Հագուստը անհատի մասին բավականին ինֆորմացիա է տալիս. ինչ է հագել, ինչպիսի գունային եւ ոճային համադրությամբ, ինչ աքսեսուարներ է օգտագործել։ Այդ ամենը խոսում է մարդու բնավորության, նախասիրությունների, ճաշակի մասին։ Երբ մարդը, ձգտելով նորաձեւ լինել, իրար չհամապատասխանող աքսեսուարներ է օգտագործում, թողնում է էժանագին, անճաշակ անձի տպավորություն։ Որքան մինիմալիստական, վայրին, արտաքինին, կառուցվածքին ճիշտ համադրված լինեն զարդերը, այնքան ավելի հստակ կընդգծվի անհատի առանձնահատկությունները։
Իսկ ինչպե՞ս է ձևավորվում ճաշակը.ըստ էության` կարծիքները հակասական են, բայց մասնագետները միևնույն ժամանակ շեշտում են սոցիալական դերի ազդեցությունը։  Նորաձեւությունը նույնպես սոցիալական երեւույթ է, հետեւաբար կարող է ձեւավորվել և ձեւափոխվել տարիների ընթացքում։Արվեստագետների, դիզայներների, ստեղծագործ բնույթ ունեցող մարդկանց էությունն արտահայտվում է նաեւ հագուստի ընտրության մեջ։ Նորաձեւությունն անհատին ստեղծագործելու հնարավորություն, մտքի ազատություն է տալիս։ Որոշակի գիտելիքների պարագայում այն անձի ինքնարտահայտման ձեւերից մեկն է։
Հասարակությունը միատարր մշակութային համակարգ չէ, կան տարբեր ենթամշակույթներ, որոնք էլ տարբեր մոտեցումներ եւ նախընտրություններ ունեն հագուստի հարցում։ Հագուստի տարրերը, գունային համադրությունները, դիմահարդարումը նույնպես ի ցույց են դնում որեւէ ենթամշակույթի պատկանելությունը։ Այնուամենայնիվ չի կարող լինել մեկ ընդհանուր ճաշակ, որն ընդունելի կլինի բոլորի կողմից։ Հագուստի ընտրության ժամանակ ցանկալի է պահպանել էթիկայի, տարիքային, բնակլիմայական, եղանակային եւ մի շարք այլ առանձնահատկություններ։ Հագուստը պետք է հարմար լինի տեղին եւ ժամանակին։ Մեզանում դա ոչ միշտ է ճիշտ գործում։ Ինչպես խորհրդային, այնպես էլ՝ անկախության շրջանում մարդիկ ինչ լավ բան ունեն հագնում են, անկախ այն բանից, հարմար է, թե ոչ, տեղին է, թե ոչ։ Այսօր կարելի է հանդիպել կանանց եւ աղջիկների, ովքեր ճտքակոշիկ են հագնում ամառային թեթեւ զգեստի հետ, դա նույնն է, որ մուշտակ հագնես բոկոտիկներով։ Նման մոտեցումները դժվար ընկալելի և ընդունելի են։ Չնայած ժամանակակից նորաձեւությունը իր սկզբունքներն ունի, սակայն ամեն դեպքում, տարվա եղանակներն իրենց առանձնահատկություններն ունեն, որոնք ենթադրում են որոշակի հագուստ, նաեւ գունային առումով։

 

Արտյոմ Մկրտչյան

4-րդ կուրս

Կիսվել