ՑՈՒՐՏ ԵՂԱՆԱԿԻՆ՝ ԹԵԺ «MY MUSIC FEST»

ՑՈՒՐՏ ԵՂԱՆԱԿԻՆ՝ ԹԵԺ «MY MUSIC FEST»

1770

«Չնայած ցուրտ եղանակին՝ նման առիթը բաց չես թողնի»,- նշում է Աննան, ով հոկտեմբերի 15-ի երեկոյան իր համակուրսեցիների հետ Հյուսիսային պողոտայում էր՝ « My Music Fest 2016»-ին:

Երաժշտասեր երիտասարդները կարողացան հաղթահարել հոկտեմբերի համար բավականին ցուրտ եղանակը և վայելել որակյալ կենդանի երաժշտությունը, որն ապահովեցին մի շարք երաժշտական խմբեր, այդ թվում՝« Motion Band»-ը,  «Project 12»-ն ու «Musicology»-ն:

Համաշխարհային հայտնի և սիրված երգերի նոտաները ստիպեցին ներկաներին շարժվել, պարել ու տաքանալ: Երկրորդ «My Music Fest»-ի մեկնարկից արդեն մի քանի րոպե անց պողոտայում բարձր տրամադրություն էր տիրում.  խումբ-խումբ հավաքված երիտասարդները ձայնակցում էին երգիչներին ու պարում, իսկ մի սիրահար զույգ որոշեց պարել ռոմանտիկ մի պար:

«Համերգին ներկաները վայելելու են երիտասարդ երգիչների կատարումները, իսկ երգերը, վստահ եմ՝ սիրված են յուրաքանչյուրի կողմից»,- նշեց փառատոնի հաղորդավարներից Հակոբ Հակոբյանը:

«Մեր բենդի առաջին կենդանի ելույթն է, և բնականաբար հուզմունքը մեծ է: Ինչ հետաքրքիր է, չէ՞, առաջին համերգին միշտ դժվարություններ են լինում»,- նշեց խմբի մենակատար Սոնա Գյուլխասյանը, ով չնայած առաջացած տեխնիկական խնդիրներին՝ րոպեներ անց արդեն հանդիսատեսին փոխանցեց իր էներգիան ու ջերմությունը:

«Չորս ժամը բավականին երկար է, և մենք մտածում էինք՝ կձանձրանանք, սակայն մեզ փոխանցվող դրայվը և էներգիան այնքան մեծ էր, որ չնկատեցինք, թե ինչպես անցավ ժամանակը»,- ասաց ներկաներից Արամը՝ հավելելով, որ փառատոնի նպատակն այսօրվա ստեղծված երաժշտական խառնաշփոթին մի կաթիլ որակյալ կենդանի երաժշտություն ավելացնել էր, և բենդերը կարողացան կատարել իրենց առաջ դրված խնդիրը:

 

Գոհար Միրզոյան

3-րդ կուրս

 

Կիսվել