Ժամանակն ունի իր օրենքները. այն իր հետ բերում է նորը՝ երբեմն հիացնելով, երբեմն հիասթափեցնելով մեզ։ Գրականությունն ու արվեստը ևս բացառություն չեն։ Անահիտ Անտոնյան-Մարգարյանը, ով Վերջերս Հայաստանի գրոողների միությունում կայանալիք Լևոն Անանյանի անվան «Մուտք» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում զբաղեցրեց առաջին հորիզոնականը (արձակ անվանակարգում) , կարծում է, որ գրականությունն ազատագրման ամենաբաց ու անվտանգ ոլորտն է։
-Քանի՞ տարեկանից եք ստեղծագործում:
-Արվեստն իր մեջ կրող մարդը կդժվարանա հստակ որևէ տարիք նշել, քանի որ ստեղծագործելը քո տեսակի, էության, կյանքի զգացողության գրավոր արտացոլումն է (գրականության դեպքում): Այնպես չէ, որ մի օր արթնանում ու հասկանում ես, որ ինչ-որ պատահականորեն գրելու տաղանդ ես ձեռք բերել: Մինչ գրավոր արտահայտման փուլին անցնելը, մտավոր մակարդակում պրոցեսն արդեն ընթանում է: Այդ իմաստով գրողին միայնությունը օգնում է: Երբ պատկերներն արդեն չափազանց հասունացել են ուղեղիդ մեջ ու դուրս մղման կարիք ունեն, փրկության է գալիս գիրը:
–Ինչի՞ մասին եք գրում :
– Գրականությունը կյանքի ընտրության հնարավորություն է: Իրականում սխալվելուց վախենում ենք, իսկ գրականության մեջ ազատ ես, չես վախենում ապրել, սիրել, մահանալ քո հերոսների հետ, կամ նրանց փոխարեն՝ այդ տիրույթում: Գրում եմ մարդկանց մասին, ովքեր ուզում են հասկացված լինել, մարդկանց մասին, ովքեր շատ հաճախ վախենում են միայն իրենցից: Քաղքենի փայլերի մեջ թաքնված մեր ցեխոտ իրականության մասին և ազատագրման մասին եմ գրում:
-Ունենու՞մ եք արդյոք ստեղծագործական ճգնաժամեր:
-Լինում են, բայց դրանք կանվանեի խմորման փուլեր, ամենացավոտ շրջաններն են արվեստագետի համար: Ամեն դեպքում ամեն գրող իր փորձառությունն է կիսում, իսկ փորձառությունը կյանքը քո միջով անցկացնելն է: Առանց այս խմորման փուլերի ամփոփման առաջ անցնել չի լինում: Հետևաբար, դրանք երևի ամենաէական շրջաներն են, որոնց արդյունքն է միայն հաճելի:
-Ի՞նչ եք կարծում, մասնագիտությունը կարո՞ղ է անդրադառնալ ստեղծագործական մտքի վրա:
-Եթե լինեի, ասենք, մեխանիկ, դեղագործ կամ
ֆիզիկոս, ավելի զգալի կլիներ ծայրահեղությունների (գրականությունից հեռու մասնագիտության և գրականության) համադրության ազդեցությունը: Բանասեր եմ, իսպանական գրականությունն իր անդրադարձը,
կարծում եմ, անուղղակիորեն ունի:
Ստեղծագործություն, որը յուրաքանչյուր ընթերցասեր պետք
է կարդա` «Կունի Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները» գիրքը: Հավատացե՛ք, մարդկային
թուլություններն ու թաքնված ձգտումներն ավելի լավ դեռ որևէ այլ գրքում չեն պատկերվել:
-Ձեր կյանքում ի՞նչ դեր ունեն մրցույթներն ու մրցանակները:
– Դրանք էգոդ շոյելու կարևոր նշանակություն ունեն. մերօրյա մրցավազքում, կարծում եմ, առանձնահատուկ կարևոր են: Էլի ինչ-որ մի բան ամփոփելու տեսանկյունից՝ կարևոր են:
-Ի՞նչ խորհուրդ կտաք գրամոլների այս ստվար զանգվածին:
– Գրական նիհիլիզմը մոդայիկ դարձավ վերջերս, այն լավ խորհրդատու չէ: Դատավորի դեր չեմ ստանձնի, բայց և խորհուրդ կտամ այնքան կարդան, որ հասկանան իրենց գրածի և գեղարվեստական արժեքների միջև եղած տարբերությունը:
-Ի՞նչն է այսօր խանգարում գրողին:
-Թեմատիկ մեկուսացվածությունը հաճախ լճացման է տանում: Գրողներ ունենք, ովքեր հաջողեցին կոնկրետ թեմայի ընտրությամբ, ինչ-որ ստանդարտ ձևավորեցին, բայց դրանով իսկ չհաղթահարեցին թեման, հիմա տեղում դոփում են: Եվ առհասարակ, մեկուսացման, եսակենտրոնության չափաբաժնի հետ պետք է զգույշ վարվել, այն խանգարում է:
Հարցազրույցը` Հայկ Գևորգյանի
4-րդ կուրս