ԵԳԻՊՏԱԿԱՆ ԲՈՒՐԳԵՐԸ՝ ԱՆԺԱՄԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

ԵԳԻՊՏԱԿԱՆ ԲՈՒՐԳԵՐԸ՝ ԱՆԺԱՄԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

3105

Կահիրեն Աֆրիկայի ամենամեծ քաղաքն է: Հսկայական խցանումների, աղմկոտ փողոցների, շուկաների, հարյուրավոր մինարեթների և 140 բուրգերի քաղաք, որտեղ խառնվել են անցյալն ու ներկան: Խառը և անկազմակերպ երթևեկության կողքին՝ հսկայական Նեղոսի լռությունն ու հանդարտությունն է, քաղաքի բնակիչների՝ հիմնականում սոցիալապես անապահով վիճակին զուգահեռ՝ փարավոնների թողած շքեղագույն ժառանգությունը…. այս ամենին էլ ավելի մեծ արժեք է հաղորդում աշխարհի հրաշալիք համարվող հսկայական բուրգերը:

Զբոսաշրջիկները այցելում են Կահիրե՝ առեղծվածային եգիպտական բուրգերը սեփական աչքերով տեսնելու մեծ իղձով: Մեզնից յուրաքանչյուրը ողջ կյանքի ընթացքում, անշուշտ, տեսել է եգիպտական բուրգերը բազմաթիվ լուսանկարներում, համացանցում, վավերագրական ֆիլմերում և այլուր: Սակայն սա աշխարհի այն միֆական վայրերից է, որտեղ յուրաքանչյուր ոք կյանքում գոնե մեկ անգամ պետք է այցելի: Ես էլ բացառություն չէի և անհամբերությամբ սպասում էի այդ օրվան: Ավտոբուսում արդեն զբոսավարը մեզ ներկայացնում էր, թե ինչ ծրագիր ենք ունենալու առաջիկա մեկ օրվա ընթացքում և երբ ենք տեսնելու բուրգերը…

Սակայն, ի հակառակ իմ բոլոր սպասումներին, բուրգեր և Գիզա պետք է այցելեինք ծրագրի ամենավերջում: Սկզբում այցելեցինք Եգիպտոսի ազգային թանգարան: Թանգարանի հավաքածուն ներառում է մոտ 120 հազար ցուցանմուշներ Հին Եգիպտոսի բոլոր ժամանակահատվածներից։ Այն առայժմ համարվում է աշխարհում հին եգիպտական մշակույթի խոշորագույն ցուցանմուշների պահոց ունեցող թանգարանը: Առայժմ, քանի որ Կահիրեում կառուցվում է նոր թանգարան, որը զբաղեցնում է 40 հա տարածք: Նոր թանգարանը հսկայական բուրգերի տեսքով է կառուցված: Բացումը նախատեսվում է 2019 թվականին:

Թանգարանում շրջելուց, բազմաթիվ հետաքրքրական ցուցանմուշներ դիտելուց, պատմական ատրիբուտներին ծանոթանալուց և փարավոնական ոսկիները տեսնելուց հետո ուղևորվեցինք Կահիրեի յուղերի ամենահյատնի գործարաններից  մեկը: Այստեղ մեզ ներկայացրին եգիպտական ամենաճանաչված բուրումնավետ յուղերի ընտրանին՝ «Հարեմի բույրեր», «Նիֆերտիտի», «Արաբական գիշեր», «Եգիպտոսի թագուհի» և այլն:

Անշուշտ, եգիպտական մեր ուղևորությունը մայրաքաղաք Կահիրեում հնարավոր չէր լինի պատկերացնել առանց փառահեղ Նեղոսի: Հրաշափառ Նեղոսը իր գիրկն առավ մեր փոքրիկ նավը, որը կահավորված էր եգիպտական ոճով, և իր կապույտ ու խորունկ ալիքներով ընկղմեց մեզ անմեկնելի մի հեքիաթի մեջ: Հեքիաթ, որը, ցավոք, պետք է մեկ ժամ անց ավարտվեր և մնար մեր հուշերում որպես արժեքավոր և նշանավոր իրադարձություն, որն օրերից մի օր կարող է կրկին իրականություն դառնալ…

Ահա և հասավ երկար սպասված պահը: Գիզայում մեր առջև են եգիպտական շքեղ և առեղծվածային բուրգերը: Հնագույն ժամանակներում եգիպտացիները կարծել են, որ բուրգերը խորհրդանշում են արևի ճառագայթները, որոնց միջոցով մահանալուց հետո փարավոնը բարձրացել և հասել է Ռամ աստծուն: Մեր ժամանակակիցները բուրգերը համարում են տիեզերական էներգիայի կուտակման կայաններ: Առաջին տպավորությունից բուրգերը մարդկային ներուժի շնորհի կառուցված լեռներ են, սակայն, երբ կանգնում ես դրանց կողքին, ապրում ես աննկարագրելի մի զգացում: Ամենամեծ՝ Քեոփսի բուրգի բարձրությունը 140մետր է, զբաղեցնում է 5 հա տարածք և կառուցված է 2 000 000 մեծ քարերից: Մինչ այսօր հայտնի չէ, թե հազարամյակներ առաջ առանց նոր տեխնոլոգիաների և մեխանիզմների, ինչպես են կառուցել նման հսկայական մեծության և ամրության շինություններ: «Երկրի վրա ամեն բան վախենում է ժամանակից, բայց ժամանակը վախենում է բուրգերից». արաբական այս առածի ճշմարտացիույթունը լիովին կարելի է հասկանալ միայն Կահիրե այցելելուց, բուրգերը տեսնելուց և Գիզայի տարածքում Սահարայից սուրող զեփյուռը զգալուց հետո:

Միլենա Մկրտչյան

3-րդ կուրս

Կիսվել