ԱՄԱՆՈՐՅԱ ՀԱՆԳԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ

ԱՄԱՆՈՐՅԱ ՀԱՆԳԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ

1328

Նոր տարին տանը՝ խոհանոցում, անցկացնելու փոխարեն շատերը նախընտրում են այդ գումարով մեկնել հանգստի և յուրօրինակ ձևով դիմավորել ամանորը:

Զրուցեցինք մի քանի տուրիստական գործակալությունների հետ՝ պարզելու, թե որ ուղղություններն են առավել նախընտրելի Հայաստանում:

Golden Travel Armenia տուրիստական գործակալության աշխատակից Լիանա Իսպիրյանը նշում է, որ այս տարի շատ են մարդիկ, ովքեր ուզում են տոները անցկացնել արտերկրում: Հիմնական ուղղություններն են` Եգիպտոս, Դուբայ, Շրի Լանկա, որտեղ գները սկսում են 650 դոլարին համարժեք դրամից  եւ հասնում մինչև 1700 դոլար: Եվրոպայում ցանկալի երկրների ցանկի մեջ մտնում են Իտալիան, Չեխիան, Ավստրիան, Գերմանիան և Հունաստանը: Այս երկրներում նոր տարին դիմավորելու հաճույքը արժե 1000-1500 դոլար:

Ինչ վերաբերում է Հայաստանում առաջարկվող փաթեթներին, ապա ընտրությունը կանգ է առնում Ծաղկաձորի, Դիլիջանի, Աղվերանի, Արզնիի և Ջերմուկի վրա, գները մեկ անձի համար սկսվում են 175000 դրամից, իսկ Ծաղկաձորում՝ 330000-ից՝ կախված այն հյուրանոցից, որը ընտրում է հաճախորդը:

Դիանա Երանոսյանը, ով աշխատում է Sky Tour տուրիստական գործակալությունում, մեզ հետ զրույցում նշեց, որ մեր համաքաղաքացիները ավելի շատ ցանկանում են գնալ արտերկիր, նախընտրում են տաք երկրները: Ֆավորիտը այստեղ Եգիպտոսն է՝ Շարմ էլ Շեյխը, որտեղ փաթեթները սկսում են 800 դոլարին համարժեք դրամից: Եվրոպական երկրներից ցանկալին Պրահան է՝ 800-900 դոլար գնային համակարգով:

Բայց ի տարբերություն մյուս 2 գործակալությունների՝ Fun Travel-ի աշխատակիցը ասաց, որ ավելի շատ են այն մարդկանց թիվը, ովքեր ցանկանում են հայրենիքում նշել նոր տարին: Առաջարկվող վայրերն են Դիլիջանը, որտեղ գները տատանվում են 85000 դրամից սկսած և Ծաղկաձորը` 155000-ից սկսած: Իսկ Հայաստանից դուրս գտնվող ցանկալի երկրների ցանկը մնում է անփոփոխ՝ Թիֆլիս, Դուբայ, Եգիպտոս, այստեղ մեկ անձի համար արժեքը սկսում է 250000 դրամից: Եվրոպական երկրներում էլ հիմնական ուղղություններն են Իսպանիան, Ֆրանսիան և Չեխիան, որտեղ գները սկսում են 750 եվրոյին համարժեք դրամից:

Hot tours տուրիստական գործակալության արտագնա տուրիզմի բաժնի ղեկավար Լուսինե Մելիքջանյանը նշում է, որ ավելի շատ օտարերկրացիներն են նախընտրում տոները անցկացնել Հայաստանում, որովհետև այն նրանց համար ավելի մատչելի է: Հիմնական ուղղությունը Ծաղկաձորն է, որտեղ առաջարկվող փաթեթների գները սկսում են 300000-ից և հասնում մինչև 500000-ը՝ կախված, թե որ հյուրանոցն է ընտրում ուղևորը: Լուսինեն նաև ասաց, որ նախորդ տարիների համեմատ՝ այս տարի ավելի շատ ցանկանում են գնալ եվրոպական երկրներ ,մասնակցել էքսկուրսիաների: Այստեղ մեկ անձի համար նախատեսված գինը սկսում է 1000-1200 դոլարին համարժեք դրամից:

Գառնի Մութաֆյան

2-րդ կուրս

Կիսվել