«ԱՄԵՆ ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵԼ ԶԳԱԼՈՎ». ԱՆԱՀԻՏ ՂԱԶԱԽԵՑՅԱՆ

«ԱՄԵՆ ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵԼ ԶԳԱԼՈՎ». ԱՆԱՀԻՏ ՂԱԶԱԽԵՑՅԱՆ

2229

«Մենք գրում ու կարդում ենք պոեզիա, որովհետեւ մարդիկ ենք, իսկ նրանց առաջ է մղում զգացմունքը», – ասում է Անահիտ Ղազախեցյանը: Նա երիտասարդ գրող է, բանաստեղծ: Ծնվել է 1999 թվականին Վանաձորում: Այժմ սովորում է Հայ-ռուսաան համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Տպագրվում է «TV ալիք» թերթում, «Գարուն» ամսագրում, «Գրանիշ» գրական կայքում, որի՝ 2017 թվականի տարվա հայտնությունն է:

Անահի՛տ, օրեր առաջ լույս տեսավ քո բանաստեղծությունների առաջին ժողովածուն: Նախքան դրա մասին խոսելը` հասկանանք՝ ըստ քեզ ի՞նչ ճանապարհ պետք է անցնի գրողը մինչ գրքին հասնելը:

– Պետք է պարզապես զգա, որ եկել է այդ պահը: Առհասարակ, ամեն ինչ է պետք անել զգալով. երբ զգում ես, որ ֆիլմ ես ուզում նայել, պետք է նայես, երբ զգում ես, որ մաքուր օդի կարիք ունես, պետք է դուրս գաս մաքուր օդի, հետեւաբար, երբ զգում ես, որ պետք է գիրք ունենաս, ուրեմն՝ պետք է ունենաս: Ամեն ինչ անում է զգացողությունը, ուզում է՝ լինես տասնվեց տարեկան, քսանութ թե հիսուներկու:

-Իսկ ինչպե՞ս կամ ինչի՞ց է ծնվում այդ զգացողությունը:

– Իմ դեպքում նախ ծնվեց դրա արձագանքը. մի ձայն ինձ հուշեց, որ ես պետք է գիրք ունենամ, այդ «պետք է»-ն արձագանքվեց իմ ներսում, ու արձագանքն իր հերթին հետո դարձավ ձայն: Իսկ երբ սկսում ես ինչ-որ բանի մասին անընդհատ մտածել, դրան լռեցնել էլ չի լինում:

-Որտեղի՞ց եկավ այդ ձայնը:

-Եկավ մարդկանցից, ովքեր հավատացին, որ ես կարող եմ գիրք ունենալ տասնյոթ տարեկանում: Թեպետ շուտով կդառնամ տասնինը, բայց մրցույթին դիմել էի երկու տարի առաջ (գիրքը լույս է տեսել Մշակույթի նախարարության հայտարարած մրցույթի պոեզիա անվանակարգում հաղթելու արդյունքում): Ես հավատացի նրանց հավատալուն, եւ արդյունքում հավատացի ինքս ինձ: Եթե դա չլիներ, հաստատ չէի գնա այս քայլին: Երբեմն նշելով տարիքս՝ ասում են, թե շուտ էր, բայց սա ախր պլանավորված գիրք չէ, ես չեմ նստել ու գրել այն, ես պարզապես հավաքել եմ:

-Ո՞րն էր այս ամենի սկզբնակետը քո կյանքում:

-Երբ ինձ հարցնում են, թե որն էր սկիզբը, ես հիշում եմ այն ժամանակաշրջանը, երբ շարունակ Բորխես էի կարդում: 14-15 տարեկան էի: Երազում էի հանդիպել նրան ու լռել հետը: Այս չկայացած հանդիպումը շատ կարեւոր է ինձ համար:

-Իսկ կայացած հանդիպումների՞ց:

Մտածում էի՝ պիտի հիշեմ ինչ-որ գրողի անուն, ում հանդիպել եմ, լսել, կիսվել, բայց չէ: Իհարկե, այդպիսիները շատ են, ու շատ են գրողները, որոնց ես սիրում եմ: Բայց նրանց սիրում եմ անազդեցություն, անհետեւանք: Իսկ դրա կողքին կա այդ հետեւանքավոր սերը. մեկ տարի առաջ սկսեցի այցելել «TV ալիք» թերթի «Շավիղ+» երիտասարդական խմբագրություն, որտեղ էլ խմբագիր Սերգեյ Հարությունյանը սկսեց ինձ մեծ ու փոքր չափաբաժնով անընդհատ գրականություն ներարկել: Նա չթողեց ու չի թողնում մինչ օրս, որ ես հետքայլ ապրեմ:

-Վերադառնանք գրքիդ: Վերնագրել ես «Դիլեմա». ո՞րն է այդ դիլեման:

-Այն մարդիկ են, ովքեր ապրում են գրքում, ովքեր թեեւ կապ չունեն իրար հետ, բայց դիլեմայի արդյունք են, ընտրություն: Իսկ առհասարակ, բոլորիս մեջ էլ կան դիլեմաներ: Իմ դեպքում դրանք արմատներն են, որ չկան. ես չգիտեմ, որտեղ են իմ արմատները. քաղաքում, ուր ծնվել ու ապրել եմ տասնյոթ տարի, թե այնտեղ, ուր հիմա եմ: Այ այդ չգիտեմ-ներն են մեր ներսի դիլեմաները:

-Գրքի բաժիններին տրված են երաժշտություններ: Դրանք ի՞նչ խորհուրդ ունեն:

-Երեւի թե խորհուրդ չունեն: Պարզապես ընկերներիցս մեկի հետ որոշեցինք ամեն բաժնին իր երաժշտությունը տալ ու ընտրել այնպիսի գործեր, որոնք մեծամասամբ հայտնի չեն մարդկանց: Ինձ համար շատ կարեւոր է, որ մարդիկ, կարդալով իմ գիրքը, լսեն ու ճանաչեն Քսենակիսին, Կորզենովսկուն եւ մյուսներին: Կամ կարդան, օրինակ, Բրոդսկու անունը ու որոշեն բացել, տեսնել՝ ինչեր ունի նա գրած: Այսպես գիրքը դառնում է նաեւ ինֆորմացիայի աղբյուր:

-Բաժիններն առանձնացված են նաեւ ըստ ծովի գույների: Ի՞նչ ծովեր են դրանք:

-Դրանք հոգեվիճակներ են՝ ամեն մեկն իր գույնով ու տրամադրությամբ: Իմ ներսում ամեն ինչն է գունավոր, անգամ մարդիկ:

-Գրքի տպագրմամբ փակեցիր այդ փուլը: Ի՞նչ է սկսվում հիմա:

-Հիմա դադար է: Մտածում եմ՝ գիրք ունեմ, լավ, իսկ հետո՞: Այդ հետոն անհայտ է: Ուզում եմ՝ ինչ-որ բան լինի, բայց դա հաստատ երկրորդ գիրքը չէ: Թե ինչն է, դեռ չգիտեմ, բայց մի օր կիմանամ: Մի օր անպայման կզգամ:

Հարցազրույցը` Միլենա Խաչիկյանի

 3-րդ կուրս

Կիսվել