«ՄԵԶ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՕԳՆԵԼ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՂ ՀԱԼԵՊԱՀԱՅԵՐԻՆ

«ՄԵԶ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՕԳՆԵԼ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՂ ՀԱԼԵՊԱՀԱՅԵՐԻՆ

1795

Հալեպահայերի խնդիրների վերաբերյալ Հոկտեմբերի 15-ին մամուլի ասուլիս է տեղի ունեցել Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում: Ասուլիսի ընթացքում խոսվեց արտագաղթի, հայրենադարձության, հալեպահայերի խնդիրների և նրանց օժանդակելու համար ձևավորված «Մեզ բացակա չդնեք» քաղաքացիական նախաձեռնության  մասին: Ասուլիսին ելույթ ունեցան նախաձեռնության անդամներ Սարգիս Հացպանյանը, Նուշիկ Մելիքյանը և Սոսե Ղլեջյանը:

Ասուլիսը սկսեց հայկական Կիլիկիայի Ալեքսանդր քաղաքում ծնված և մշտական բնակության նպատակով Հայաստան վերադարձած, հասարակական գործունեությամբ զբաղվող և տարածաշրջանային հարցերով փորձագետ, «Մեզ բացակա չդնեք»  քաղաքացիական նախաձեռնության գլխավոր անդամ Սարգիս Հացպանյանը:

Պարոն Հացպանյանը նախ խոսեց  «Մեզ բացակա չդնեք» քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջի մասին, որը պատրաստել է Նուշիկ Մելիքյանը: Էջն արդեն մեկ շաբաթից ավել է՝ գործում է: Պարոն Հացպանյանը ասաց. «Էջը համախմբեց հալեպահայերի խնդիրերի լուծմանն ուղղված նախաձեռնության անդամներիս և ներկայացրեց մեր հասարակության այն առողջ զանգվածը, որը հայտնեց իր պատրաստակամությունը՝ ձեռք մեկնելու և օժանդակելու հալեպահայ հայրենադարձներին: Նրանք ինչպես Երևանի, այնպես էլ տարբեր քաղաքների ներկայացուցիչներ են և հանդես են գալիս տարբեր առաջարկներով»:

Սարգիս Հացպանյանը խոսեց նաև zvartnoc.am կայքի մաասին, որը ցույց է տալիս ժամանող ու գնացող բոլոր թռիչքների ժամերը: «Մեկ շաբաթվա ընթացքում ես հանդիպել եմ 3 տարբեր մարդկանց, որոնց խնդրով զբաղվել է 5 կազմակերպության անդամ՝ առանց մեկը մյուսից տեղյակ լինելու: Արդյոք չի կարող պետական միավորը համակարգել այս ամենը, ինչպես դա անում է zvartnoc.am-ը: Սա ինձ համար անհասկանալի է, հատկապես 21-րդ դարի համացանցային պայմաններում»,- ասաց Պարոն հացպանյանը և ավելացրեց նաև, որ «Մեզ բացակա չդնեք» էջի շնորհիվ իրենք հասկացան, որ մեր ժողովուրդը կարողանում է ինքնակազմակերպվել: Հայերը դա ապացուցել են նաև ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ՝ պետական միավորի բացակայության պայմաններում: Նրա խոսքով քառօրյա պատերազը մեր լավագույն սերնդի, ազգի կեցվածքի, ժողովրդի իսկական որակների բացահայտման ժամանակահատվածն էր: Այդ ժամանակ Սիրայի արաբական Հանրապետությունից մշտական բնակության նպատակով Հայաստան է տեղափոխվել 251 հալեպահայ:

Իմ հայրենիքը Հայաստանն է, և այս գիտակցմամբ պետք է առաջ  շարժվի ամեն մի քաղաքացի ու ոչ թե իր ճակատագիրը փնտրի այլ երկրներում: Լավ թե վատ, սա է Հայաստանը՝ մեր հայրենիքը:

Հալեպում ծնաված, երկար տարիներ ԱՄՆ-ում ապրած և մշտական բնակության նպատակով Հայաստան տեղափոխված, Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, գրող-հրապարակախոս, «Մեզ բացակա չդնեք»  քաղաքացիական նախաձեռնության անդամ նուշիկ Մելիքյանը իր ելույթում ասաց, որ մենք միշտ միասնական ենք դառնում, երբ խնդիր ունենք: Բայց երբ այդ խնդիրը լուծվում է, մենք կրկին դառնում ենք առանձին-առանձին անհատներ: Մեզ միավորելու այդպիսի խնդիր էր ապրիլյան քառօրյա պատերազմը, այժմ՝ հալեպահայերի խնդիրները:

Նուշիկ Մելիքյանը նաև նշեց, որ հայրենիք չվերադառնալու պատճառները շատ են, դրանցից մեկն էլ, օրինակ, անաշխատունակ մնալու վախն է: Նա նաև ասաց, որ Հալեպում կա նաև մի զանգված, որը ոչ մի գնով չի ուզում դուրս գալ Հալեպից, և նրանք նույնպես ունեն իրենց պատճառները:

Իսկ ահա 1966թ.-ին՝ Խորհրդային ժամանակշրջանում Սիրայի Ղամիշ քաղաքից մշտական բնակության նպատակով Հայաստան ներգաղթած Հայրենադարձ, մանկավարժ և «Մեզ բացակա չդնեք»  քաղաքացիական նախաձեռնության անդամ Սոսե Ղլեջյանն էլ իր ելույթում ցավով ասաց, որ մենք միայն վատի մասին ենք խոսում, բայց ըստ պատմական տվյալների՝ մենք մեծ թվով հայրենադարփություններ ենք ունեցել տարբեր տարիներին, որոնց մասին լրատվամիջոցները չեն խոսում:

Սոսե Ղլեջյանը ասաց.- «Ներգաղթի նման արտագաղթն էլ է կազմակերպվում, և եթե արտագաղթ պիտի լինի, ապա ինչու՞  չպիտի լինի ներգաղթ»:

Ասուլիսի նպատակը հալեպահայերի խնդիրների շուրջ զրուցելն էր, խնդիրների լուծման համար արվող աշխատանքների մասին ներկայացնելն ու խորհրդակցելը՝ լուծման նոր ուղիներ փնտրելու ու գտնելու համար:

Ասուլիսին ներկա գտնվողները ունեին ազատ խոսքի իրավունք, և յուրաքանչյուրը կարող էր ազատ արտահայտել իր կարծիքներն ու առաջարկները: Շատերն իրենց օգնությունը առաջարկեցին՝ հանդես գալով տարբեր առաջարկներով՝ յուրաքանչյուրը իր հնարավորության սահմաններում. Մեկը տուն առաջարկեց, մյուսը՝ գումար, մեկը՝ ֆիզիկական օգնություն, օրինակ, վերանորոգումների և այլնի հետ կապված:

Ասուլիսի ընթացքում եղան նաև վեճեր, հատկապես այն ժամանակ, երբ հալեպահայերի խնդիրներով արդեն երկար ժամանակ զբաղվող Վազգեն մեսրոպյանն իր խոսքում նշեց, որ Հալեպում խուճապ չկա, ինչն էլ դարձավ դահլիճում ներկաների դժգուհության պատճառն ու վեճի առիթը: հետո իր խոսքում ուղղումներ արեց՝ ասելով, թե ինքը համաձայն չէ դրա հետ, պարզապես սփյուռքի նախարարությունը ոչինչ չի կարող անել, երբ հալեպահայերն ասում են՝ խուճապ չկա: Նա նաև նշեց, որ սփյուռքի նախարարությունը միայն Հրանուշ Հակոբյանը չէ, և նախարարությունը մեծ գործունեություն է ծավալում ու երբեք չի մերժել իր խնդրանքները ամենատարբեր հարցերով: Սա էլ մի նոր վեճի ալիք բարձրացրեց:

Հալեպ քաղաքի խորհրդանիշը համարվող, Հալեպից մշտական բնակության նպատակով Հայաստան ներգաղթած հայրենադարձ, մեծ գրող-հրապարակախոս Թորոս Թորոյանն էլ իր ելույթում ասաց.- «Հանցավորները հենց մենք ենք, եթե դատապարտված ենք այս իրավիճակին: Մենք կազմակերված չենք: Կառուցել ենք 5000 եկեղեցի, բայց նրանց կողքին չենք կառուցել զինվորական հաստատություններ: Բայց զենքը պիտի պաշտպանի եկեղեցին, և ոչ թե եկեղեցին՝ երկիրը»:

Ասուլիսի վերջում Սարգիս Հացպանյանը ասաց, որ քննարկումները կշարունակվեն «Մեզ բացակա չդնեք»  քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջում, ինպես նաև՝ ասուլիսների շրջանակներում, և կշարունակվեն գտնել հալեպահայերի խնդիրների լուծման տարբերակները:

 

Մարիաննա Պետրոսյան

2-րդ կուրս

Կիսվել