«ՀԱՍՏԱՏ ԿՈՒԶԵԻՔ ԻՄԱՆԱԼ՝ ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԻՄ ԳՈՒՆԱՎՈՐ ԴՌՆՈՎ ՏԱՆ ՆԵՐՍՈՒՄ». ՋՈՒԼԻԵՏԱ...

«ՀԱՍՏԱՏ ԿՈՒԶԵԻՔ ԻՄԱՆԱԼ՝ ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԻՄ ԳՈՒՆԱՎՈՐ ԴՌՆՈՎ ՏԱՆ ՆԵՐՍՈՒՄ». ՋՈՒԼԻԵՏԱ ՂԱԶԱՐՅԱՆ

1928

Նկարները, հիշողություններ արթնացնելով, խոսում են մարդկանց հետ, իսկ դռները ներս թողնում տներ, որոնց առեղծվածային, մինչև վերջ չբացահայտված պատմությունները անուղղակի կերպով արտացոլվում են դռան վրա։ 
Ջուլիետա Ղազարյանը, ում հետ զրուցեցինք, իր տեսախցիկի միջոցով մեկտեղել է նկարն ու դուռը ՝ ստեղծելով տարատեսակ դռների ուշագրավ նկարներ։

-Մեր օրերում, երբ տեխնիկայի զարգացումը յուրաքանչյուրին թույլ է տալիս տեսախցիկը կամ բջջայինը վերցնել ու նկարել, չե՞ք կարծում, որ ֆոտոնկարչությունը որպես առանձին մասնագիտություն կորցրել է իր արժեքը։

-Բոլորը կարող են իրենց դրսևորել տարբեր ոլորտներում, բայց որոշները ամեն բան անում են պրոֆեսիոնալ , մյուսները սիրողական մակարդակի։ Լուսանկարիչները կարողանում են նկատել դետալներ, հետաքրքիր աչք ունեն։ Նրանք տեսնում են այն, ինչի կողքով սովորական մարդիկ անցնում են ու չեն նկատում, օրինակ ՝ հենց դռները: Շատ հաճախ մարդիկ չտեսնելով դրանց գեղեցկությունը զարմանում են, թե ինչու՞ եմ նկարում։

Ինչպե՞ս եք նախընտրում՝ նկարները թողնել բնական վիճակում, թե՞ կատարել ֆոտոշոփային փոփոխություններ։

-Նկարները նախընտրում եմ ոչ ամբողջությամբ թողնել բնական վիճակում։ Իմ կարծիքով, յուրաքանչյուր լուսանկար ինչ-որ տեղ հրապարակելուց առաջ պետք է անպայման մի փոքր մշակել, քանի որ հնարավոր է լինեն փոքրիկ թերություններ, ենթադրենք, լույսի հետ կապված։ Բայց դա, իհարկե, չի նշանակում լիովին փոփոխել լուսանկարը ու դարձնել լրիվ ուրիշ։ Պետք է թողնել այն, ինչ տեսել ենք, ուղղակի ավելի մշակված ու գրագետ։

Չստացված նկարները պահու՞մ եք որպես հիշողություն, թե հեռացնում եք վրիպումները չհիշելու համար։

-Անպայման պահում եմ. նույնիսկ համակարգչիս մեջ ունեմ չստացված, մշակված և կիսատ մշակված թղթապանակներ։ Ի՞նչ իմանաս, հնարավոր է չստացվածների մեջ մի օր նոր աչքով նայես ու ստացված գտնես։

-Ջուլիետա, դուք այն նկարիչների դասին եք պատկանում, ովքեր նկարելիս նախընտրություն են տալիս գունավոր նկարներին, ինչո՞վ է դա պայմանավորված :

-Ինձ համար գունավոր նկարները ավելի հետաքրքիր ու գրավիչ են, ավելի տաք են։ Բացի այդ, դռների մեջ ինձ գրավում է ոչ միայն տեսքը, այլ նաև գույնը, որը գունավոր լուսանկարի միջոցով փոխանցում եմ։

– Դեկտեմբերի 17-ին կայացավ «Դիմագիծ» խորագրով ցուցահանդեսը, որտեղ, ներկայացնելով բազմաթիվ շինությունների դռներ, նպատակ ունեիք ցույց տալ, թե ինչքան են դրանք փոխում շենքի դիմագիծը. Այնուամենայնիվ, ինչու՞ դռներ և ոչ թե ենթադրենք պատուհան կամ տանիք։

-Իմ կարծիքով շենքի գլխավոր դետալը, որը հետաքրքիր դեմք է տալիս շինությանը ու առանձնացնում է մյուսներից, իհարկե ճարտարապետական դետալները նույնպես, բայց առավել դռներն են: Հատկապես հին կառույցներում մեծ ուշադրություն են դարձրել ու փայտյա փորագրված դռներ են օգտագործել։ Դա եղել է շենք մտնելու առաջին քայլը, այդ պատճառով կարևոր է եղել դրա գրավչությունը, որ մարդիկ տեսնեն ու ցանկանան ներս մտնել։

– Ձեր ցուցահանդեսում ներկայացրել եք Կիպրոսի, Հայաստանի (Գյումրի), Վրաստանի ( Թբիլիսի) որոշ դռներ։ Կա՞ մի երկիր, որ երազում եք նկարել հենց այդտեղի դռները:

– Շատ երկրներ կան, որ ուզում եմ այցելել այդ նպատակով, բայց առաջնային կնշեմ Իտալիան: Այնտեղ կան փոքրիկ, հետաքրքիր քաղաքներ, որոնք ունեն բավականին հին դռներ։ Դրանք հայտնի կառույցների չեն, այլ հասարակ տների, որոնք միանշանակ արժի տեսնել։ Իտալիայից հետո Մարոկկոն է։

-Ունեք բազմաթիվ, տարատեսակ դռների լուսանկարներ. հատկապես ո՞րն է ավելի հոգեհարազատ:

Կարմիր, ավելի ճիշտ, մուգ վարդագույն դուռն է: Այն Կիպրոսի՝ Նիկոսիայի շատ հետաքրքիր թաղամասում էր գտնվում: Լավ հիշողություններ կան այդ օրվա հետ կապված, գուցե հենց դրանով է պայմանավորված առավել հոգեհարազատ լինելը:

-Բացի նկարելուց, հետաքրքրվու՞մ եք՝ դռան հետևում ինչ պատմություններ կան թաքնված։

-Անպայման հետաքրքրվում եմ, որովհետև տեսքից բացի դռներին մեծ հետաքրքրություն են հաղորդում մարդիկ ու պատմությունները, որոնց արդյունքում ստեղծվել են դրանք։ Շատ քաղաքներում, իհարկե, դժվար է ինֆորմացիա գտնել: Օրինակ՝ Կիպրոսում մարդիկ այդքան ուշադրություն չեն դարձնում դռներին. իրենց համար դրանք սովորական են։ Իսկ Հայաստանի ու Թբիլիսիի յուրաքանչյուր շենքում ինչ-որ հետաքրքիր պատմություն է եղել, ինչ-որ հայտնի մարդ է ապրել։

– Եթե հնարավոր լինի ստեղծել, ինչպիսի՞ն կլինի ձեր տան դուռը։

-Իմ տան դուռը միանշանակ կլինի փայտյա, ոչ շատ մեծ չափերի, կապույտ կամ մուգ կարմիր ներկված: Շատ հետաքրքիր տպավորություն կթողնի. հաստատ կուզեիք իմանալ՝ ինչ է կատարվում իմ գունավոր դռնով տան ներսում, ու ինչ պատմություն ունի դուռը։

Հարցազրույցը` Թեհմինե Առաքելյանի
3-րդ կուրս

Կիսվել