ՄԻ ՔԱՆԻ ՄԱՐԴ ՄԵԿ ՄԱՐՄԻՆԻ ՄԵՋ

ՄԻ ՔԱՆԻ ՄԱՐԴ ՄԵԿ ՄԱՐՄԻՆԻ ՄԵՋ

2016

Անձի երկվություն, կամ այլ կերպ ասած՝ անհատականության դիսոցիատիվ խանգարում։ Այսպես է կոչվում գիտական աշխարհում իրարանցում առաջացրած հոգեբանական շեղումը։ Ոմանք հերքում են հոգեկան հիվանդության այս տեսակը, մյուսներն՝ ընդունում և հաստատում դրա գոյությունը։ Մասնագետների պնդմամբ՝ հիվանդությունը հոգեբանական ֆենոմեն է։ Դրանով հիվանդ մարդկանց անհատականությունը բաժանվում է մի քանի մասի, ինչի հետևանքով տպավորություն է ստեղծվում, որ մարդու մարմնում մի քանի անձ է ապրում։ 

Մասնագետների համոզմամբ՝ անձի երկվությունը երկար ժամանակ հազվադեպ է հանդիպել, ինչի հետևանքով էլ դրա գոյությունը հաճախ կասկածի տակ է դրվել։

Հոգեբան Լիլիթ Խուբլարյանի խոսքով  անձի երկվությունը ենթադրում է, որ մարդը բաժանվում է երկու անձի մեկ մարմնում և չի կարողանում ինքն իր հետ լեզու գտնել: Այս կամ այն չափով սա հանդիպում է յուրաքանչյուր մարդու մոտ, սակայն բարդ դեպքերով, իհարկե, զբաղվում է հոգեբուժությունը: Մեկ մարմնում ապրող մի քանի եսերի գոյությունը կապում է առաջին հերթին մանկական տրավմաների հետ։ Հոգեբանի խոսքով՝ մանկությունը մարդկային կյանքի այն ժամանակահատվածն է, որում մարդիկ առավել խոցելի են։ Նույնիսկ ամենաչնչին տրավմաները կարող են հանգեցնել մարդու իրական եսի կորստին։ 

Հոգեբանը հստակ տարբերություն է դնում շիզոֆրենիայի և անձի երկվության միջև. «Անձի երկվությունը շիզոֆրենիա չէ։ Մեզնից յուրաքանչյուրն իր մեջ որոշ չափով անձի երկատում ունի։ Չկա այնպիսի մարդ, ով երբևէ ինչ-որ հարցի վերաբերյալ «ինքն իր հետ տարաձայնություն չի ունեցել»։ Այս հարցում կարևոր է առանձնացնել նորման շեղումից։ Այս հիվանդությամբ տառապողների մոտ անձի բաժանումը պաշտպանական ռեակցիա է։ Երբ մարդ անկարող է պաշտպանել ինքն իրեն, իր համար ստեղծում է հոգեբանական պաշտպաններ և նրա մոտ սկսում է զարգանալ անձի երկատում, եռատում, քառատում։ Այսպիսի շեղումները հիմնականում կապված են հոգեբանական, ֆիզիկական և սեռական բռնությունների հետ, որոնց հիվանդը ենթարկվել է մանուկ հասակում»: 

Պատմության մեջ անձի երկվության ամենահայտնի ու ամենաբարդ դեպքը գրանցվել է Ուիլյամ Սթենլի Միլիգանի մոտ։ Միլիգանի մասին են պատմում հայտնի գրող Դանիել Քիզի երկու գրքերը, որոնցում նկարագրվում է նրա հիվանդության դինամիկան։ Դրանց մեջ ասվում է, որ նրա մեջ ապրել է ավելի քան 24 անձ, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է վառ արտահայտված անհատականություն։ Ուշագրավ է այն փաստը, որ Միլիգանի մեջ ապրող անձինք տարբեր հետաքրքրությունների ու ունակությունների տեր են եղել և շատ դեպքերում ունեցել իրարից տարբերվող կրոնական և սեռական պատկանելություն, մտավոր ունակություններ։ Միլիգանը բազմիցս նկարագրել է, թե ինչպես է մարմնի կառավարումը մեկ անձից մյուսին անցնում։ Նրա խոսքով՝ դա նման է փոքր ու մութ սենյակի, որի մեջտեղում լույս է վառվում։ Այն անձը, որը կկանգնի լուսավոր մասում, կվերցնի մարմնի կառավարումն իր ձեռքը։ Առաջին շեղումը Միլիգանի մոտ նկատվել է 3-4 տարեկանում, երբ խորթ հայրը տղային պարբերաբար բռնության է ենթարկել։ Հենց այդ տարիքում Բիլիի գիտակցության մեջ ծնունդ առավ նրա առաջին «ալտեր էգոն»՝ Շոն անունով խուլ տղան, որն «արթնանում» էր, երբ Բիլիի վրա բարկանում և բղավում էին։ Միլիգանին հետազոտող բժիշկները պարզել են, որ նա բազմիցս փորձել է ինքնասպան լինել։ Տասնվեց տարեկանում, երբ նա բարձրացել է տանիք` այնտեղից նետվելու նպատակով, «քնեցվել» է իր մեջ ապրող այլ անձանց կողմից։ Վեց տարի անց «արթնացումն» իրական շոկ դարձավ իրեն մեռած համարող Միլիգանի համար, երբ նա իմացավ, որ մեղադրվում է գողությունների, սպանությունների մեջ։ Գործած հանցագործությունների համար Բիլի Միլիգանը պատասխանատվություն չկրեց։ Հոգեբույժները նրա հիվանդությանը տվեցին «անձի բազմակիություն» անվանումը՝ հայտնաբերելով նրա մեջ 10 հիմնական և 14 երկրորդային անձնավորություններ։ Ավելի քան 10 տարի բուժումից հետո Միլիգանը համարվեց «լիարժեք» և ազատ արձակվեց բուժհաստատությունից։ Բիլի Միլիգանի անհավանական, բայց իրական հիվանդությունն ու պատմությունը անտարբեր չթողեցին շատերին։ Դրա ապացույցն են նրա մասին պատմող գրքերը, գիտական աշխատությունները, դոկումենտալ ու գեղարվեստական ֆիլմերը։ 

Լիանա Ռոստոմյան

4-րդ կուրս

Կիսվել