«ԵՍ ԵՐԵՎԻ ՉԵՄ ՄԵԾԱՑԵԼ ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ, ՈՐ ԴԱԴԱՐԵՄ ՀԵՔԻԱԹՆԵՐԻՆ ՀԱՎԱՏԱԼ». ԱՐՄԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

«ԵՍ ԵՐԵՎԻ ՉԵՄ ՄԵԾԱՑԵԼ ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ, ՈՐ ԴԱԴԱՐԵՄ ՀԵՔԻԱԹՆԵՐԻՆ ՀԱՎԱՏԱԼ». ԱՐՄԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

1576

Զրուցակիցս մեկն է այն ոչ սովորական անձնավորություններից, ում ես հանդիպել եմ պատահական, ապա սկսել եմ ճանաչել՝  ցանկություն հայտնելով  հարցազրույց վերցնել իրենցից: Տիկին Արմինեի հետ կապվում էի արդեն երրորդ անգամ՝ հույս ունենալով գոնե այս անգամ հանդիպել(երբ զանգահարում էի, բախտի բերմամաբ, թե պատահմամբ, պեղումների էր լինում. այս անգամ, բարեբախտաբար, հանդիպումը կայացավ): Բազմազբաղ այս կինն, ով միաժամանակ հասցնում է գործել մի քանի ոլորտում (երգահան, հնագետ, դասախոս, 9 տարի զինվորական է եղել, այժմ աշխատում է Արտակարգ իրավիճակների նախարարությունում), տարբերվում է  իր ձայնով, կանացի ներդաշնակությամբ և միևնույն ժամանակ զինվորականի ճշտգրտությամբ: Նրա որոշ երգեր ընդգրկվել են վավերագրական այնպիսի ֆիլմերում, ինչպես Մաիտե Ժարդենի «Հիշողության խոռոչները» (Ֆրանսիա) և Վրույր Թադևոսյանի «Պատերազմից հետո» կինոնկարները։ Սիրում է կրկնել, որ նախևառաջ պիտի սովորես տալ, որպեսզի ստանաս:

-Այսօր շաբաթ է, կուզեի իմանալ՝ ինչպե՞ս եք պլանավորում սովորաբար շաբաթվա այս օրը:

-Երբ ես երեխա էի, մի խաղ կար, «բադերի որսորդ» էին ասում: Խաղի մեջ կար մի դերակատար, ով կոչվում էր «պիտուշոկ: Նա անհրաժեշտության դեպքում խաղում էր կամ այս թիմի հետ, կամ այն թիմի հետ: Այդ կերպարն ինձ մոտ շատ լավ արմատացել է: «Պիտուշները» իմ շաբաթ օրերն են: Այդ օրերին են մնում իմ բոլոր այն հանդիպումները, որոնք չեն կայացել շաբաթվա ընթացքում:

-Ամենից շատ ժամանակ եք հատկացնում երաժշտությա՞նը, գիտական աշխատանքի՞ն, թե՞…

-Ցավով պիտի նշեմ, որ վերջին շրջանում ամենից քիչ ժամանակ տրամադրում եմ երաժշտությանը: Շատ ժամանակ ինձանից խլում է իմ հիմնական աշխատանքը: Աշխատաժամանակս գրեթե  ամբողջությամբ նվիրված է Արտակարգ իրավիճակների նախարարությունում իմ ծառայողական պարտականությունների իրականացմանը: Զգալի ժամանակ հարկ է լինում տրամադրել նաև դասախոսի աշխատանքիս: Մեծ սիրով եմ ամեն անգամ մի նոր դուռ փորձում բացել ուսանողներիս համար:

-Տարբերություն տեսնո՞ւմ եք ներկա և 90-ականների երիտասարդության միջև, երբ դուք նույնպես ուսանող էիք:

-Այսօրվա, վաղվա, երեկվա, հարյուր տարի հետոյի երիտասարդությունը միշտ նույնն է: Տարբերություններ չեմ գտնում: Մենք նույն խենթության մեջ էինք, նույն ավյունով, ինպես դուք: Երիտասարդությունը միշտ ունի խենթ մղում՝ բացահայտելու հրաշքը, որն իր մեջ կա, առանց վախի կամ կասկածի: Վերջիվերջո տարիքը միայն ժամանակային միավոր է, ոչ թե հոգու նկարագրություն:

Ուսանողական լսարանը պահանջկո՞տ է:

-Այո, պահանջկոտ է: Այն նկատում է ամեն մանրուք: Կարող է չասել քեզ, որ որոշ խնդիրներ բաց են, բայց նրա աչքերում դու նկատում ես, որ ոչ այնքան երջանիկ ու գոհ գնաց: Ինձ համար հաջողված է այն օրը, երբ ուսանողներիս հրելով եմ լսարանից դուրս բերում: Ուսանողի հետ աշխատանքը իմ կյանքում ամենամեծ առաքելություններից է:

-Երգի ու երաժշտության դերը Ձեր կյանքում ինչպիսի՞ն է, ինչպե՞ս են ծնվում բառն ու մեղեդին:

-Երգը իմ մեջ քսանչորս ժամ անընդհատ ապրում է: Իմ խոսքը երգով է: Մարդիկ երբեմն զարմանում են, երբ ասում եմ՝ իմ բառը և մեղեդին միասին են գալիս: Այս ամենի մեջ մեծ դերակատարում ունի նաև մայրիկս: Մանկապարտեզ գնալիս մենք բավականին երկար ճանապարհ էինք անցնում, և որպեսզի ես չհոգնեի, չձանձրանայի ու թռվռալով գնայի, ինձ սովորեցնում էր խոսել՝ երգելով: Երգելով հարցեր էր տալիս, իսկ ես նույն մեղեդիով պատասխանում էի նրան: Երբ մտածում եմ, երբեմն իմ մտքերը գալիս են մեղեդային եղանակով. դրանցից որոշները դառնում են պատմություններ, որոշներն են պարզապես թռչում, հասնում են տիեզերք:

-Կա՞ երգ, որը պարտադիր երգում եք՝ մտերմիկ հավաքույթներին:

-«Բարևը» բոլոր առումներով առաջին տեղում է: Երբ ընկերներով հավաքվում ենք, ինձ բաց չեն թողնում, քանի դեռ չեմ երգել այն: Իսկ ընտանիքում ամենասիրելին «Ես անուն չունեմն» է:

-Երգահանության և հնագիտության միջև նմանություներ կա՞ն:

-Միանշանակ կան: Հնագետը տեսնում է այն բարալիկ, միլիմետրանոց շերտերը, եզրերն ու գծիկները, որոնք մեկը մյուսից տարբեր են: Քանի դեռ դու տեսնում ես այդ տարբերությունները, կարող ես արտահայտել մի միտք, որը բոլորի մտքով կարծես թե անցել է, բայց միևնույն ժամանակ ոչ ոք չի ձևակերպել. և այդ միտքը դառնում է երգ: Երգով էլ տեսում ես մարդու հոգու ոչ բոլորին տեսանելի շերտերը: Երկուսի դեպքում էլ պեղում ես, բայց դժվարությամբ, շփման միջոցով, տարբերությունները տեսնելու եղանակով:

-Բազմիցս նշել եք, որ նախընտրում եք կենդանի կատարմամբ ելույթներ ունենալ, ինչո՞ւ:

-Կենդանի կատարման ժամանակ ես ներկա հանդիսատեսին անկախ ինձանից գրկում եմ. դա ինձ մեծ լիցք է տալիս:

-Հնագետն ու երգահանը ինչպե՞ս են միահյուսված մայորի Ձեր կոչմանը:

-Բոլոր անելիքներիս մոտենում եմ հնագետի աչքով ու դիտողականությամբ,  երաժիշտի՝ ստեղծագործական կարողությամբ:  Իմ ընկալման օրգաններին գալիս են լրացնելու այս երկու ֆիլտրերը՝ հնագետի և երգահանի:

-Հասցնո՞ւմ եք գրքեր կարդալ:

-«Հասցնելը» դաժան բառ է. արդեն իսկ հասկանալի է դարձնում, որ ժամանակը չի հերիքում: Աշխատում եմ կարդալ գրականություն, որը ինձ պիտի պետք գա, դրանք հիմնականում մասնագիտական գրքերն են: Երբ ժամանակ եմ ունենում կարդում եմ պոետների ստեղծագործությունները, մասնավորապես Ռիլկեի: Վերջին շրջանում աննկարագրելի կարոտում եմ հեքիաթներ կարդալուն:

-Սիրո՞ւմ  եք Ամանորը: Ամենաջերմ պատմություններից ի՞նչ կհիշեք:

-Շատ եմ սիրում Ամանորը, հատկապես վերջին տարիներին, որովհետև այն եզակի ժամանակն է, երբ իմ երեխաների հետ լիարժեք լինելու հնարավորություն եմ ունենում: Ես և տղաներս տարբեր խենթությունների ունակ մարդիկ ենք: Մի քանի տարի առաջ որոշեցինք հարազատներին անակնկալ անել: Ավանդական հայկական երգերից փոքրիկ կատարումներ էինք պատրաստել: Գագիկը սրինգ էր նվագում, Էդիկը՝ ջութակ, ես էլ երգում էի: Անցնում էինք տնից տուն, արագ երգում էինք այդ յոթ երգը ու դուրս գալիս: Բոլորը անչափ տպավորված էին: Սիրում եմ շուրջս տոնական տրամադրություն ստեղծել: Ես երևի չեմ մեծացել բավականաչափ, որ դադարեմ հեքիաթներին հավատալ, և եթե չկա ուրիշ մեկը, ով կարող է հեքիաթներ ստեղծել, ապա ես պիտի անեմ:

Հարցազրույցը` Մարինե Երեմյանի

3-րդ կուրս

Կիսվել