ԿԱՊՈՒՅՏԻ ԶԻՆՎՈՐԸ

ԿԱՊՈՒՅՏԻ ԶԻՆՎՈՐԸ

3717

Արցախյան հերոս
Ռոբերտ Աբաջյանի հիշատակին

-Հարո՛ւթ, հե՞շտ ա ծառայելը, ես կկարողանա՞մ:

-Ինչի՞ չպիտի կարողանաս, ախպե՜րս:

-Ես վերջին Աբաջյանն եմ, բոլորիդ պես պատվով ծառայելու եմ ու գամ: Կողքիս ես, չէ՞, ասա՛, որ կողքիս ես:

-Ախպե՜րս…

Ասացի ու… Փաստորեն չարեցի ասածս:

***

Աչքերդ կապույտ էին՝ խաղաղության գույնի: Երևի բոլոր կապույտաչյա մարդիկ բաժին ունեն խաղաղությունից, երևի դա ի վերուստ է սահմանված: Իսկ մազերդ… Մազերդ խարտյաշ էին, արևագույն: Դա էլ անհիմն չէր. ի վերջո արևը կյանքն է, որ կա: Երբ ժպտում էիր, այտերիդ թեթև փոսիկներ էին երևում, մտածում էի՝ որտեղի՞ց այսքան պայծառություն քո մեջ, այդ ե՞րբ հասցրիր, ե՞րբ հասար տասնութին:

-Իսկ եթե ազատե՞նք:

-Չէ, ես պիտի ծառայեմ:

Հայրենասիրության մասին բարձրաձայն չեն խոսում և հայրենասեր չեն դառնում օրերի մեջ: Հայրենասիրությունը ապրելակերպ է, բնավորություն, տեսակ, և հայրենիքը կանաչը չէ, ծառ ու ծաղիկը չէ միայն, հայրենիքը ավելին է, քան մենք գիտենք:

Թողեցիր ընտանիք, ընկերներ ու գնացիր, թողեցիր քոլեջ, լսարան ու դասախոսներիդ աչքերը՝ սառած քո դատարկ նստարանին: Փոքր ժամանակ ասում էին, չէ՞. երբ աչքերը սառչում են, ուրեմն՝ մարդ է գալու: Իսկ դու, Ռո՛բ, չեկար այդպես էլ, բայց Հարությունյանի աչքերը էլի մնացին նույն տեղում: Հարությունյանը, դե հիշում ես, քո դասախոսն էր, թե՞…

-Չէ, Ռոբերտն իմ ընկերն էր, նա պարզապես ուսանող չէր:

Հարությունյանը… Ասում է՝ ուրիշ ես, տարբերվող, ասում է՝ պայծառ ես, ամենապայծառը, քեզ հետ անհնար է լուրջ լինել, քեզ հետ կարելի է ծիծաղել, լաց լինելու աստիճան ծիծաղել միայն, որովհետև ներսումդ այնքան շատ է դրականը, ու տե՛ս, Ռո՛բ, որ էլի ներկայով է խոսում:

***

Զորամասից զանգը ուրիշ զանգ է, դա սպասում է, կարոտ, դա պարզապես հեռախոսազանգ չէ, դա արդեն հանդիպում է, իսկական զրույց: Մի օր զանգեցիր ու հարցրիր պապիդ.

-Տանը վանդակ ունե՞նք:

-Ունենք, բալե՛ս:

-Պա՛պ, թութակ կառնե՞ս, էս երկու օրը մեկը կգա, կտանի:

Ո՞վ գիտի, թե առաջին անգամ զորամաս մեկնող ավտոբուսի պատուհանից նայող աչքերդ ում հայացքն են փնտրել, ո՞վ գիտի, թե ինչ դժվարությամբ են նրանք ետևում թողել իրենց չնվիրած ծաղիկները, չգրած նամակը, վերջին հանդիպումը… Մի քանի օրից ինչ-որ երիտասարդ եկավ ու տարավ թութակին. պարզվեց`մի աղջիկ ծննդյան օրվա առթիվ նվեր էիր պատաստում նույնիսկ զորամասից:

Ռո՛բ, հիշո՞ւմ ես հորդ վզի այրվածքը, դե էն մեծ սպին: Դեռ մանկապարտեզի երեխա էիր, դաստիարակչուհիդ կանչեց, ասաց, որ քեզ ուշադիր լինենք. ուզում էիր՝ քոնն էլ այրվեր, ուզում էիր ամեն ինչով հորդ նման լինել: Դու հորդ տղան չէիր միայն, դու նրա ընկերն էլ էիր, ամենաիսկականը, ու դա դեռ մանկապարտեզի տարիքում: Հետո՝ դպրոց, համալսարան… Բժիշկ էիր դառնալու, այ թե բժիշկ կլինեիր…

-Պապի՛, ա՛յ, պապի, ինձ մոտ ես բուժվելու, չէ՞:

Պապդ ծիծաղում էր և մտքում թաքուն հպարտանում քեզնով: Իսկ հիմա… Հիմա գիտե՞ս՝ քանի՜ հոգի է հպարտանում: Ախր չակերտավոր հրադադարը մխիթարանք չեղավ ոչ մեկիս համար, դու էլ հո լավ գիտես. մի օր՝ վիրավոր, մի օր՝ զոհ, իսկ մի օր՝ պարզապես ապրիլի երկու…

-Պա՛պ ջան, ծնունդդ շնորհավո՜ր, տղեդ գնում ա դիրքեր, դիրքեր պահելու, պա՜պ…

***

Ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը, հիշո՞ւմ ես, երկարատև պայքարի ընթացքում կորցրիր ընկերներիդ՝ Արմենակին, Անդրանիկին, հա՛, Ռո՛բ, Սլոյանին էլ: Զգալով գերի ընկնելուդ վտանգը՝  ձևացրիր, թե հանձնվում ես, և պայթուցիկ նռնակով ոչնչացրիր թշնամու զինվորներին՝ զոհելով նաև սեփական կյանքդ:

-Էլ մարդ չկա, մնացինք ես ու իմ նռնակը:

Մնացիք դու ու հայրենիքդ:

Հայրդ ասում է՝ ուզում էիր հայտնի դառնալ: Դարձար, Ռո՛բ, հիմա քեզ բոլորն են ճանաչում և ինչ-որ տեղ նաև անպայման սիրում: Եվ փաստորեն քեզանով փրկեցիր ոչ միայն կյանքի գնով ժառանգած հողերը մեր, այլև թիկունքից օգնության հասնող տղաներին, ովքեր գուցե պարզապես չհասցրին…

-Ինձ ասաց՝ մենակ եմ մնացել, բոլորը զոհվել են, ասացի՝ չշարժվե՛ս, տեղումդ մնա՛, գալիս ենք, էն էլ…

Հայրենասեր չեն դառնում օրերի մեջ, չէ, չեն դառնում: Կամ ի սկզբանե ես, կամ չես: Ուրիշ ճանապարհ չկա:

-Մի՛ լացիր, բալե՛ս, մի՛ լացիր, հպարտացի՛ր, որ նման ախպեր ես ունեցել, որ նման Ռոբերտ ես ունեցել կողքիդ:

Իսկ հեռվում ինչ-որ տեղ դեռ զնգում են քո խոսքերը.

-Հա՛ր, հեշտ ա՞ ծառայելը, ես կկարողանա՞մ:

Այն էլ ո՜նց կարողացար, Ռոբ:

 

Միլենա Խաչիկյան

1-ին կուրս

Կիսվել