ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅՆ ՈՒ ԱՆՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՀԱՅԿԱԿԱՆԸ

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅՆ ՈՒ ԱՆՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՀԱՅԿԱԿԱՆԸ

1240

Ֆիլմեր սիրում են բոլորը ՝ անկախ տարիքից, սեռից կամ նախասիրությունից: Շատերը ֆիլմեր դիտում են հաճույքի, մյուսները՝ լիցքաթափվելու, երրորդները՝ որպես ժամանցի տարբերակ, դե իսկ չորրորդ խմբի համար ֆիլմերն իրենց օրվա կարևոր մասն են կազմում:

Հայաստանում այսօր մեծ սպառում ունեն ոչ թե հայկական, այլ օտար արտադրության ֆիլմերն ու սերիալները: Հայ երիտասարդները գերադասում են դիտել կորեական կամ թուրքական արտադրության ֆիլմեր, որոնք ըստ նրանց ավելի ռոմանտիկ, հետաքրքիր և ավելի դիտարժան են, քան հայկականները: Նրանք պնդում են, որ այսօր գրեթե բոլոր հայկական ֆիլմերում տիրապետում են ժարգոնային գռեհիկ խոսքը, անիմաստ սցենարը, անտաղանդ դերասանական խաղն ու կրիմինալը: Երիտասարդների խոսքով՝  կորեական կամ թուրքական ֆիլմերում չենք տեսնի այն վերոնշյալ թերությունները, որոնք կան հայկական ֆիլմերում:

 Տանտկինների համար էլ այսօր այլընտրանք են համարվում հնդկական ֆիմերն ու սերիալները: «Հնդկական ֆիլմեր հայերը միշտ էլ դիտել են ու սիրել: Այն ժամանակ, երբ երիտասարդ էինք, մեր ծնողներից միշտ գումար էինք խնդրում կինո գնալու համար, որովհետև այն ժամանակ ցույց էին տալիս հնդկական լավագույն ֆիլմերը,- հիշում է Լիդա տատն ու ժպտալով ավելացնում,- հիմա էլ հաճույքով սպասում եմ հնդկականիս ժամին»:

«Հայ տղամարդիկ հայկական հեռուստատեսություն  չեն դիտում, ուր մնաց հայկական ֆիլմեր: Նրանք նախընտում են ռուսական ալիքները,- նշում է քեռի Արամը,-Ռուսական ալիքներով  սիրում եմ դիտել տարբեր դետեկտիվ ֆիլմեր, որոնք այսօր բացակայում են հայկական եթերներից: Բացի դրանից ռուսական հաղորդումներն ու թոք- շոուները շատ ավելի բարձր մակարդակի վրա են դրված, քան մեզ մոտ»,- ցավով փաստում է նա:

«Լավ հայկական ֆիլմեր այսօր դժվար է գտնել,- պատմում է տիկին Ռոզան,- այն ժամանակվա մեր հայ ֆիլմերը շատ ավելի իմաստալից էին, և դերասաններն  էլ  շատ մեծ փորձ ու տաղանդ ունեին, թե չէ այսօր ի՞նչ է, ով արթնանում, դերասան է դառնում, դրա համար էլ մեր հայկական ֆիլմերի որակն այդքան ընկել է,- այսպես էր բողոքում նա և ավելացնում,- հիմա որտեղ նայում ես նույն անիմաստ բաներն են»:   

Փոքրիկ Կարենը ամենից շատ սիրում է  ամանորյա ֆիլմերը: Նրա խոսքերով դրանք ամենաբարի ֆիլմերն են: «Հայերեն ամանորյա կինոներ չկան, որ նայեմ: Շատ կուզեի, որ մանկական հայերեն կինոներ շատ լինեին»:  

Հարցումների արդյունքում պարզվեց, որ այսօր հայ բնակչությունը դիտում և գնահատում է ամեն ինչ, բացի հայկականից: Պատճառներն ու բացատրությունները շատ են, իսկ խնդրի լուծումը՝ դեռևս անհայտ:         

Լիլիթ Հովսեփյան

2-րդ կուրս

                                                                                         

Կիսվել