ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՈՒԿԵՍ ԺԱՄԸ ՄԱԿ-ՈՒՄ

ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՈՒԿԵՍ ԺԱՄԸ ՄԱԿ-ՈՒՄ

1867

ԵՊՀ -ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողները «Միջազգային ժուռնալիստիկա և միջազգային կազմակերպություններ» առարկայի շրջանակում դասախոս Աբրահամ Գասպարյանի գլխավորությամբ, այցելեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ հենց հոկտմբերի 24-ին` ՄԱԿ-ի ծննդյան օրը: Հավելեմ, որ 1945թ ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի օրոք, ապրիլ-հունիս ամիսներին կազմվել էր ՄԱԿ-ի կանոնադրության նախագիծը, իսկ արդեն հոկտեմբերի 24-ից ՄԱԿ-ը սկսել էր իր գործունեությունը:

Ուսանողներին ծանոթության և մանրամասն տեղեկություններ ստանալու համար նվիրեցին գրքույկներ, որոնք առնչվում էին միգրացիայի ոլորտին, ՓԳՀ-ին, կայուն զարգացման նպատակներին, մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին: Հանդիպմանը գրասենյակում գործող վարչություններից ներկա էին 7-ի ներկայացուցիչները` ՄԱԿ-ի Հանրային Տեղեկատվության վարչության ղեկավար Արմինե Հալաջյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ/ UNDP) ներկայացուցիչ Հովհաննես Սահրադյանը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ/UNFPA) ներկայացուցիչ Մհեր Մանուկյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՄԱՄՀ/UNICEF) ներկայացուցիչ Զառա Սարգսյանը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱՓԳՀ/UNHCR) ներկայացուցիչ Անահիտ Հայրապետյանը, Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ/WEP) ներկայացուցիչ Գրիգոր Գրիգորյանը, և միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչը:

Ուսանողները ներկայացուցիչներին ուղղում էին իրենց հուզող և հետաքրքրող հարցերը, որոնց տրվում էր սպառիչ և բովանդակալից պատասխաններ: Ուսանողներին հետաքրքրող հարցերը վերաբերում էին երեխաների թերսնուցմանը, որը ոլորտի մասնագետի կարծիքով, գալիս է ոչ միայն աղքատությունից, այլ նաև ծնողների ոչ ճիշտ տեղեկացված լինելուց, ինչի հետևանքով Հայաստանում կա նաև գերսնուցման խնդիր, պարենի ապահովմանը, երեխաների բռնության ենթարկվելը ծնողների կողմից, նրա իրավունքների ոտնահարմանն ու պաշտպանությանը, խոսքի և մամուլի ազատության ոլորտում տեղի ունեցած առաջընթացներին, աղքատության ցուցանիշի իջեցման համար տարվող գործողություններին, երեխաների ներառական կրթության և ներառական դպրոցների գործունեությանը, չծնվող աղջիկ երեխաների բարձր ցուցանիշի համար տարվող աշխատանքներին, որը Մհեր Մանուկյանի հավաստմամբ հարաբերակցության առումով բալանսավորվել է և հասցվել է գրեթե նորմայի, ուրբաբիզացման բարձր մակարդակին, Ապրիլյան պատերազմի ընթացքում և պատերազմից հետո տարվող աշխատանքների` կապված երեխաների հոգեբանության հետ, մայրերի մահացության թվի ցուցանիշներին, որը, ինչպես նշվեց վերջին 3 տարիների ընթացքում իջել է, Հայաստանում փախստականների հարցերին, թե քանի տոկոսն են կազմում և ինչ գործողություններ են կատարվում նրանց ինտեգրման համար:

Հանդիպման վերջում Արմինե Հալաջյանը հավելեց, որ գրասենյակում գործում է նաև աղետների հարցերով զբաղվող հիմնադրամ. ««Աղետ»  ասվածն այս դեպքում նաև կոնֆլիկտի և հակամարտության հետևանքով առաջացած հոսքերն են: Եվ եթե պատերազմ լինի, և մեծ թվով մարդիկ գան Հայաստան, պետք է մշակված ծրագիր լինի, որի օգնությամբ հստակ պարզ է դառնալու, թե ինչ աշխատանքներ են տարվելու նրանց հետ: Այդ ծրագրի ստեղծման համար համատեղ գործողություններ են տարվում մեր գործակալությունների կողմից»:

 

Արուսիկ Սարգսյան

4-րդ կուրս

Կիսվել