ՄԵԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ․ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ-ՄԵԴԻԱ ԿԱՊԻ ՀԵՏՔԵՐՈՎ

ՄԵԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ․ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ-ՄԵԴԻԱ ԿԱՊԻ ՀԵՏՔԵՐՈՎ

1359

Տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանը վերաձևեց հաղորդակցության բոլոր միջոցներն ու մարդկային գործունեության  ոլորտները: Եթե  ժամանակին

մեդիան հասկացվում էր «տեքստ+ձայն+պատկեր» համատեքստում, ապա կարող ենք ասել, որ այսօր ամեն մարդ դարձել է տեքստ ստեղծող: Այստեղից կարելի է եզրակացնել, որ յուրաքանչյուր ոք  մեր օրերում մեդիա է, կարող է ձեռք բերել լսարան և տնօրինել այն: Այս ամենն իրական դարձավ հատկապես սոցիալական մեդիայի առաջացմամբ և զարգացմամբ: Մեդիականացումը (անգլ.՝ mediatization) լայն իմաստով կյանքի բոլոր ոլորտներում մեդիայի դերի և ազդեցության արմատավորումն է: Ամեն ինչ հիմնված է արտադրանք-սպառում սկզբունքի վրա, իսկ  մեդիան  լավագույն  միջոցն  է  այդ գործընթացում հաջողության  հասնելու  համար:

Հենց սա էլ հանգեցնում է նրան, որ մեդիան դառնում է իշխող ամենատարբեր ոլորտներում, այլ կերպ ասած՝ դոմինանտ: Սակայն համաձայն ժամանակակից մեդիատեսությունների՝ մեդիականացումը մեծապես վերաբերում է քաղաքական հաղորդակցությանը, որտեղ մեդիայի միջոցով փոփոխվում են հաղորդակցության ձևերն ու  մոտեցումները և ի վերջո հանգեցնում սոցիալ-մշակութային վերաձևումների:

Ըստ էության՝ մեդիայի և քաղաքականության միջև հարաբերության կառուցվածքային փոփոխությունը զարգացել և արդեն հասել է այն մակարդակի, որ քաղաքական առաջնորդները և կառույցները մեծապես կախում ունեն մեդիայից և հարմարվում են վերջինիս տրամաբանության առանձնահատկություններին1: Սակայն արդյո՞ք քաղաքական դիսկուրսում առաջնորդները և ուժերը իրենք են հարմարվում մեդիային: Մեծ հաշվով տեղի  է  ունենում  հակառակը. մեդիան  է  հարմարվում  նրանց, քանի որ վերջիններս ամեն կերպ փորձում են մեդիան հարմարեցնել  իրենց՝  հաճախ դարձնելով պարզունակ քարոզչամեքենա:

Պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք: Մեդիան ինքնին իշխանություն է: Պատահական չէ,  որ ԶԼՄ-ները հաճախ անվանում են չորրորդ իշխանություն: Մեդիան, ստանձնելով արևմտյան լրագրության  արժեքներին հավատարիմ  հսկող շան դերը (watch dog), մշտապես պետք է հետևի քաղաքական գործընթացներին՝ իր

ձեռքում պահելով ղեկը, քանի որ որոշումները, որոնք ընդունվում են վերին օղակում, անմիջապես ուղղված են ստորին օղակին: Իսկ դա հենց հասարակությունն է, որը

սնվում է մեդիայից՝ սպառելու իր հետաքրքրասիրությունը իրեն անմիջականորեն առնչվող հարցերի վերաբերյալ: Մեդիան նկատում է այն, ինչը չի նկատում հասարակ քաղաքացին: Սակայն վերջինս հենց մեդիայի շնորհիվ է կարողանում քաղաքական գործընթացներում տարբերել «թացը չորից»: Իսկ ի՞նչ կկատարվի, եթե մեդիան ամբողջովին հայտնվի քաղաքական ուժերի ձեռքում: Տոտալիտար հասարակարգերում,  որտեղ չկա խոսքի ազատություն, իշխանությունն է թելադրում մեդիա օրակարգը: Ի դեպ, այս պրակտիկան երբեմն առկա է նաև ժողովրդավարական հասարակություններում. կա իշխանություն, կա ճնշում մեդիայի վրա:

Եթե հեռու չգնանք, ընդամենն օրեր առաջ Ազգային ժողովում՝ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ «այսօր Հայաստանի լրատվամիջոցների 90 տոկոսը գտնվում են նախկին կոռումպացված իշխանությունների վերահսկողության տակ»2: Շատերի կարծիքով՝ նոր իշխանություններն էլ են փորձում ճնշում գործադրել մեդիայի վրա: Սա իրենից ենթադրում է խոսքի ազատության դեմ ոտնձգություն. կարելի է տրամաբանել, որ իշխանությունն իր գործունեության դեմ ուղղված ցանկացած քննադատություն համարում է անընդունելի և նման բովանդակություն ստեղծող լրատվամիջոցն էլ կապում է նախկին իշխանությունների հետ: Կարճ ասած՝ «ով մեզ հետ չէ, մեր դեմ է»…

Կա տեսակետ, որի համաձայն որքան քաղաքակնությունը մեդիականացվում է, այնքան կարևոր է դառնում ոչ թե մեդիայի՝ քաղաքականությունից անկախ լինելը, այլ հենց քաղաքականության՝ մեդիայից կախում չունենալը3: Եթե վերլուծենք, հասկանալի կդառնա, որ այս մոտեցումը ճշմարտանման է:

Քաղաքականության մեդիականացումն իրենից ենթադրում է առաջին հերթին

քաղաքական գործընթացներում մեդիայի դերի գերագնահատումը:  Յուրաքանչյուր

քաղաքական ուժ ձգտում է իր իշխանությունը տարածել մեդիայի վրա՝ այն ընկալելով որպես սեփական և կուսակցական գաղափարախոսության, ծրագրային դրույթների և առաջարկների, քաղաքական կանխատեսումների տարածման և հանրայնացման առաջնային գործիք: Երբ խոսում ենք մեդիայի քաղաքականացված լինելու մասին, նկատի ունենք դրա բովանդակության փոփոխությունն ու հարմարեցումը քաղաքական շահերին: Երբ խոսում ենք քաղաքականության մեդիականացման մասին, նկատի ունենք վերջինիս մոտեցումը մեդիային՝ անգամ վախի տեսքով,  քանի որ մեդիան հզոր գործիք է. կարող է հանրության շրջանում արմատավորել վստահություն կամ հեշտությամբ արմատախիլ անել այն:

ԶԼՄ համատեքստում մեդիականացումը լավագույնս իրականացվում է այսպես կոչված մեդիամագնատների ձեռքով:  Խոսքը վերաբերում է այն անձանց, ովքեր

տնօրինում են մեծ մեդիաընկերություններ, որոնք իրենց մեջ ներառում են մի քանի լրատվամիջոց և ընդգրկում են աշխարհագրական մեծ տարածություններ:

Մեդիահոլդինգների գլխավոր նպատակը լրատվամիջոցների ձեռքով որոշակի բովանդակություն հասցեատիրոջն ուղղելն է: Այսպես, սովորաբար մեդիահոլդինգների արտադրանքը իրենց սեփականատերերի քարոզչությունն է՝ ուղղված այս կամ այն խմբին, ոլորտին, խնդիրներին:

Համաձայն sciencedirect.com-ում տեղ գտած ուսումնասիրություններից մեկի՝ մեդիականացումը քաղաքական դիսկուրսում հանգեցրել է նրան, որ քաղաքական գործիչներն այլևս դեմ առ դեմ չեն հանդիպում իրենց ընտրազանգվածի հետ՝ քարոզարշավ իրականացնելու: Փոխարենը նրանք սոցիալական մեդիայում իրենց էջերն ակտիվորեն ներգրավում են քարոզչական աշխատանքների մեջ՝ այդպիսով օղակ ստեղծելով իրենց և իրենց ընտրազանգվածի միջև:

Մեզնից յուրաքանչյուրն ինքն իրեն պետք է հարցնի՝ որքանո՞վ ենք մենք մեդիականացված: Հայաստանում կարծես թե իրավիճակը ակնհայտորեն փոխվեց 2018թ. ապրիլի Թավշյա հեղափոխությունից հետո: Սոցցանցերում օգտատերերն ակտիվացան և սկսեցին ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերել քաղաքական գործընթացների հանդեպ, աշխուժացավ արձագանքն ու փոխվեցին ձևերը: Ուղիղ հեռարձակումները դարձան էլ ավելի արդիական: Ի դեպ, դրանք կարևոր են

այնքանով, որ ուղիղ կապ ունեն «մեդիականացում» երևույթի արմատավորման հետ: Լրատվամիջոցների շուրջօրյա լուսաբանումը դեպքի վայրից կոտրեց լսարան-մեդիա պատնեշը, այսինքն՝ չգտնվելով դեպքի վայրում՝ ընթերցողն այդ պահին մասնակից էր դառնում տեղի ունեցող գործողություններին. չէ՞ որ կարելի էր հետևել ամեն ինչին և ստեղծել ներկայության պատրանք: Ուղիղ հեռարձակումների համատեքստում հատկանշական է նաև նոր իշխանության գործելաոճը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակումները նորույթ էին հայաստանյան իրականության մեջ: Լրագրող Նունե Հախվերդյանն այս առումով մասնավորապես նշում է. «Հասարակությունը ընտելացել է, որ իշխանություն ունեցող մարդը (թեկուզ ամենափոքր պաշտոն զբաղեցնող չինովնիկը) գաղտնիքներով շրջապատված անհասանելի անձ է, որի հետ հաղորդակցվելու համար պետք է որոշակի ծիսական շղթա անցնել՝ նամակ կազմել, դիմում գրել, խոսել ստորադասի հետ, ժամադրություն աղերսել, քարտուղարին շողոքորթել»4: Եվ  իսկապես, ստացվում է, որ մենք ականատեսն ենք «մեդիականացված երկրի ղեկավարի», ով իր հետ մեկտեղ մեդիականացնում է նաև հանրությանը (խոսքը հենց ֆեյսբուքյան օգտատերերի բազմության մասին է, ովքեր արձագանքում են վարչապետի վլոգինգին՝ մեկնաբանությունների և դիտումների տեսքով):

Լրագրողը մեդիա անձ է, բայց մեդիականացման համատեքստում նրա գործառույթները ևս փոփոխվում են: Հետաքրքրական է վերոնշյալ հոդվածում հեղինակի` Նունե Հախվերդյանի արտահայտած հետևյալ միտքը. «Երբ հանրապետության առաջին դեմքը ակտիվ մեդիա անձ է՝ անընդհատ աճող ու ուղերձներին սպասող լսարանով, դա նշանակում է, որ փոխվում է ողջ մեդիա դաշտը: Լրատվամիջոցն այս իրավիճակում արդեն ոչ թե ինֆորմացիա հայթայթող է (ինֆորմացիան արդեն կա առաջին դեմքով ու առաջին ձեռքից), այլ ինֆորմացիան մարսող ու վերաիմաստավորող»: Ստացվում է, որ լրագրողական գործունեությունն իր դասական ձևերից փոքր-ինչ շեղվում է, քանի որ արդեն կա պատրաստի նյութ, մնում է գտնել մատուցման ձևերը:

—————————————————————————

1 “‘Mediatization’: Media Theory’s Word of the Decade”, John Corner, mediatheoryjournal.org

2Ոչ հեգնում եմ, ոչ մուննաթ եմ գալիս. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ), https://www.a1plus.am/1661469.html

3 “Four Phases of Mediatization: An Analysis of the Mediatization of Politics” by Jesper Strömbäck

4 Ուղիղ միացման վարչապետ ունենալու առավելությունը, media.am/nikol-pashinyan-live-stream

Նելլի Պետրոսյան

4-րդ կուրս

Կիսվել