Նկարիչ իրավաբան
Սովորում եմ Հայ-ամերիկյան համալսարանի իրավաբանություն ֆակուլտետում: Մանկուց սիրել եմ նաև նկարել և զբաղվել եմ նկարչությամբ: Երբ եկավ հիմնական մասնագիտություն ընտրելու պահը, ընտրեցի իրավաբանությունը, սակայն նկարչությունն ու նկարելու մեծ ցանկությունը միշտ ինձ հետ են եղել:
Պատերին նկարելու սովորությունը
Նկարելու հմտությունը բացահայտվել է մանկուց: Ծնողներս ասում են, որ ես շատ էի սիրում նկարել պատերին, սեղաններին առհասարակ, որտեղ հնարավոր էր: Իմ նկարելու ցանկության պատճառով ստիպված են եղել մի քանի անգամ վերանորոգել տունը:
Նկարչությունը զարգացող արվեստ է
Հիմնականում հետևում եմ ժամանակակից նկարիչներին, որովհետև աշխարհի զարգացման հետ մեկտեղ փոխվում են նաև գեղեցիկի ընկալումը, աշխարհայացքները: Այսօր մի փոքր դժվար է պատկերել այն, ինչ պատկերվել է օրինակ Վերածննդի դարաշրջանում: Կարծում եմ՝ դա մարդկանց համար էլ մի փոքր անհասկանալի կլինի, քանի որ ապրում ենք 21–րդ դարում:
Նկարելու ցանկությունը ծնվում է հանկարծակի
Նկարելու ցանկություն առաջանում է շատ անսպասելի, երբեմն՝ անհարմար պահերի. օրինակ աշխատանքի ժամին: Ցանկություն կարող է առաջանալ կախված եղանակից, լսած երաժշտությունից: Տրամադրությունս նույնպես մեծ ազդեցություն ունի: Իմ ուրախ կամ տխուր լինելը կարող է թելադրել նկարի ուղղվածությունը, գույների համադրությունը:
Ինչու՞ իրավաբանություն և ոչ նկարչություն
Իրավաբանությունը ինձ համար գիտություն է, նկարչությունը արվեստ: Որպես մասնագիտություն ընտրել եմ իրավաբանությունը, քանի որ ես միշտ ձգտում եմ արդարության: Հենց արդարությունն էլ պատկերում եմ իմ նկարներում: Նկարելը ինձ համար ապրելակերպ է և երբեք այն չեմ դիտարկել եկամտի աղբյուր: Ես ընտրեցի իրավագիտությունը համատեղելով կերպարվեստի հետ և ասեմ, որ մեկը միանշանակ լրացնում է մյուսին:
Իրավաբանության օրենքներն ու նկարչության անսահման ազատությունը
Իրականում իրավաբաններն էլ են ազատ մարդիկ: Նրանք էլ, ինչպես և նկարիչները, պետք է ունենան կրեատիվ միտք՝ գտնելու այլընտրանքային լուծումներ խնդիրները հարթելու համար: Այսինքն նկարչի անսահման ազատությունն ու վառ երևակայությունն օգնում են գիտության մեջ՝ նպաստելով դրա զարգացմանը:
Սոնա Մելիքյան
4-րդ կուրս