Չարենցի ծննդյան օրը Հայաստանի կինեմատոգրաֆիստների տան փոքր կինոսրահը լի էր գրականագետներով, առիթը 1957 թվականին գրող, հրապարակախոս Հակոբ Սալախյանի սցենարով նկարահանված «Եղիշե Չարենց» ֆիլմի բացառիկ ցուցադրությունն էր։
Կարճամետրաժ ֆիլմ-ակնարկը պատմում է բանաստեղծի կյանքի, Հոկտեմբերյան հեղափոխության հետ նրա կապած հույսերի մասին։
Մեծ բանաստեղծի ծնունդը նշանավորվեց նոր համագործակցության ստեղծմամբ։ Միության նախագահի գլխավոր խորհրդական Արայիկ Մանուկյանի խոսքով՝ Ազգային արխիվի հետ համագործակցությունը շարունակական է լինելու։ Նաև հավելեց, որ ամեն շաբաթ՝ երկուշաբթիից չորեքշաբթի, կազմակերպվելու է նոր կինոդիտում։ Խոսելով ֆիլմի ընտրությունից` նշեց, որ Չարենցին նվիրված չորս ֆիլմերից երկուսը չեն պահպանվել, մյուս երկուսը հասանելի են հանդիսատեսին շնորհիվ Հայաստանի ազգային արխիվի, որը, թվայնացնելով հին ֆիլմերը, պահպանում է դրանք ոչնչացման վտանգից։ Հատկանշական է այն փաստը, որ ֆիլմերը հասանելի չեն համացանցում, ինչն իր հերթին խթանում է կինոյի տան հանդեպ հետաքրքրության բարձրացումը։ Ֆիլմի դիտումից հետո «Բուխարու սրահում» տեղի ունեցավ հանդիպում-քննարկում սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանի հետ։ Նա խոսեց ութ մասից բաղկացած Չարենցին նվիրված իր ֆիլմի սցենարից, սիրելի ստեղծագործություններից, Չարենցի` Արփիկի հանդեպ տածած սիրո մասին.
«Սցենարական պլանի վրա աշխատելու ժամանակահատվածն ինձ համար ցնցումների ժամանակաշրջան էր։ Դրանք կապված էին Չարենցի կյանքում գերակշռող դրամատուրգիայի հետ»։
Մարտիրոսյանի կարծիքով` «Եղիշե Չարենց» ֆիլմը դիտելիս ամեն չորս րոպեյում մեկ կեղծիք կարող ես հայտնաբերել. «Բայց դա այնքան կարևոր չէ, որքան այն, թե ինչքան կարծրատիպային է բանաստեղծի հանդեպ մեր ունեցած կարծիքը»:
Վահրամ Մարտիրոսյանի խոսքով՝ շատ ֆիլմեր են նկարահանվել Չարենցի մասին, բայց դրանցից ոչ մեկը չի կարողացել ամբողջությամբ բացահայտել բանաստեղծին:
Էլինա Ասատրյան
4-րդ կուրս