ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԱՅԻՆ ՔՄԱՀԱՃՈՒԹՅՈՒՆ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԱՅԻՆ ՔՄԱՀԱՃՈՒԹՅՈՒՆ

1431

  Երեխաններին մանկապարտեզ տանելիս ծնողները բախվում են տարբեր խնդիրների, որոնցից մեկն էլ երեխայի քմահաճությունն է, կամ, ինչպես ժողովուրդն է ասում, «կապրիզը»: Այս երևույթը հիմնականում դրսևորվում է ճաշի ժամանակ:

  Կան սխալներ, որոնց արդյունքում փոքրիկի մոտ մանկապարտեզի հետ կապված բացասական կարծիք է ձևավորվում: Այդ ամենի արդյունքում երեխան կարող է սթրես ապրել և վախեր առաջանալ:

  Այս կարևոր խնդրին լուծում է առաջարկում հոգեբան Աննա Կոստանյանը: «Երեխայի մանկապարտեզ գնալը կարևոր է, նույնիսկ՝ պարտադիր: Ծնողը պետք է հասկանա, որ երեխան նոր միջավայր է մտնում, պետք է ծանոթացնի մանկապարտեզի կանոններին: Ծնողները պետք է նախապատրաստեն երեխային: Կարելի է տանը կազմակերպել խաղ, որտեղ ծնողը երեխան է, իսկ երեխան՝ դաստիարակը, կամ հակառակը»:

  Քմահաճության նկատմամբ վերաբերմունքի տեսանկյունից հոգեբանը ծնողների երեք խումբ է առանձնացնում: Ծնողների մի մասը մտածում է, որ պետք է պատժել երեխային. «Էսօր չի ուտի, կմնա սոված, վաղը կուտի»: Մյուս մասը համակարծիք է այն տեսակետին, որ պետք է տանից բերել սնունդը, մինչև երեխան կհամակերպվի մանկապարտեզին և սննդին: Երրորդ խմբի մեջ մտնողները կողմ են խոսքի և հոգեբանական ճիշտ մոտեցման միջոցով երեխային ուտելու անհրաժեշտությունը բացատրելուն:

  Այն հարցին, թե մանկապարտեզը երեխայի կյանքում ինչ դեր է կատարում, հոգեբանը պատասխանեց, որ մանկապարտեզում է երեխան ձեռք բերում շատ կարևոր սոցիալական հմտություններ: «Մանկապարտեզում երեխանները սովորում են միմյանց հետ շփվել, զարգանում են որպես անհատ, ձեռք են բերում գիտելիքներ և փորձ: Դառնում են ավելի ինքնուրույն»:

  Տիկին Ռիման, ով արդեն տասը տարի աշխատում է  «Գուլիվեր» մանկապարտեզում, ասում է, որ յուրաքանչյուր երեխայի պետք է ցուցաբերել առանձնահատուկ մոտեցում: Ըստ նրա, չկա մեկ ընդհանուր մեթոդ կամ մոտեցում, որ կիրառվի բոլոր երեխաների կամակորության դեպքում: Իսկ ինչ վերաբերում է կամակորությանը՝ տիկին Ռիման ժպտում է. «Էլ ի՞նչ երեխա, որ կամակորություններ չունենա»:

Սոնա Մելիքյան

4-րդ կուրս

Կիսվել