ԵՊՀ-Ի ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ «9-ՐԴ ՀՐԱՇԱԼԻՔ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

ԵՊՀ-Ի ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ «9-ՐԴ ՀՐԱՇԱԼԻՔ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

2231

Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի երկրորդ  կուրսի ուսանողները հոկտեմբերի 21-ին այցելել են «9-րդ  հրաշալիք» շաբաթաթերթ: Այն լուրջ և զվարճալի, ժամանցային, տեղեկատվական շաբաթաթերթ է բոլորի համար, թերթում տպագրվում են հոդվածներ, հետաքրքրաշարժ տեղեկություններ, հումոր, ստեղծագործություններ, խաչբառեր և գլուխկոտրուկներ: Գլխավոր խմբագիրն ու հիմնադիրն է Վաչագան Սարգսյանը, իսկ կայք էջի պատասխանատուն Արտաշես Թադևոսյանն է:

Վաչագան Սարգսյանը անցկացրեց սեմինար-դասընթաց ապագա լրագրողների հետ: Նրանց հետ զրույցում խմբագիրն ասաց. «Լրագրողը, որևէ լուր լուսաբանելուց կամ երևույթ նկարագրելուց, քննադատելուց, գովելուց առաջ պետք է անպայման  խորանա այդ իրողության մեջ, հանգամանորեն պարզի բոլոր պատճառները, հնարավորինս ծանոթանա տեղեկությանը: Սա լրագրության այբուբենն է, այսինքն, եթե դու չես խորանում տվյալ իրողության մեջ, անձամբ չես տեսնում, չի կարելի այն  տարածել»:

Նա ուսանողներին խորհուրդ տվեց անպայման կարդալ Հայաստանում լրագրության հիմնադիրների ստեղծագործությունները և նշեց. «Եթե լրագրողը չի կարդացել Միքայել Նալբանդյան, ուրեմն նա իրավունք չունի զբաղվել լրագրությամբ. պետք է  սկսել նրանից, որովհետև Նալբանդյանը հզոր մտքի տեր մարդ էր, լրագրությունը  նրա համար մի ամբողջ ժողովրդի աչքերը բացելն էր: Շատ մարդիկ են զբաղվում  լրագրությամբ, սակայն մատների վրա կարելի է հաշվել նրանց, ում գրածը դառնում  է լրագրություն: Լրագրությունը միայն լուր գրելը չէ, մարդու ներսում պետք է լինի  երևույթը նկատելու, գեղարվեստորեն, հետաքրքիր և խորությամբ ներկայացնելու  տաղանդը»:

Բազմաթիվ մասնագիտական խորհուրդներից հետո Վաչագան Սարգսյանը ուսանողներին նվիրեց իր հեղինակային գիրքը ` «Ի լուր և ի տես», որում տեղ են գտել խմբագրի քառասուն տարվա աշխատանքները:

 

Վարսիկ Սահրադյան

2-րդ կուրս

Կիսվել