Միշտ ժպտացող, կենսախինդ ու կյանքով լեցուն ուսուցիչներիցս մեկը Դավթյան Օլգան է։ Փոքրիկ, փայլող աչքերի խորության մեջ շատ բան կարելի է տեսնել, կարճլիկ ու նուրբ մատների մեջ՝ անսահման ուժ։
Անհատակ բարության ու խոր հայացքի տակ ՝ամենինչից շուտ ոգևորվող, փոքրիկ երեխայի անմեղությամբ մի կին է ապրում։ 53-ամյա Օլգան Վարդենիկում հայոց լեզվի ուսուցչուհի է՝ նվիրված աշխատանքին ու աշակերտներին։ Ժպիտը դեմքին ասում է, որ հազարավոր երեխաների մայր է, իսկ հարազատ երեխաների համար՝ թե՛ հայր, թե՛ մայր։ Ամուսինը վաղուց է մահացել, երեխաներին մեծացնելու ու լավ մարդ դարձնելու պարտականությունը իր ուսերին է։
Աշակերտների ավագ ընկերն է, իրենց տանը միշտ մարդաշատ է, աշակերտները հանգիստ չեն տալիս նույնիսկ շաբաթ-կիրակի օրերին։ Բանակից արձակուրդ եկած զինվորի երկրորդ տունը Դավթյանենց տունն է։ Ժամերով նստում են աշակերտները, հիշում են անցած օրերը ու խորհուրդներ հարցնում գալիք օրերի համար։ Անսահման բարի ուսուցչուհին երբեմն բարկանում է․ նախկին աշակերտներից մեկը պատմում է, որ մի անգամ փոքրիկ սխալի համար Դավթյանն այնպես է բարկացել, որ ամոթից երկու օր պարապմունքի չի գնացել։
Տարիներ առաջ «ամենաբարի» ածականի կողքին «ամենաուժեղ» ածականն էլ ավելացավ։ Դավթյանը հաղթահարել է բավականին ծանր հիվանդություն։ Երբ զրուցում էինք, փայլուն աչքերը արագ թարթելով ու ժպտալով ասաց. «Ես ո՞նց կարող էի «գնալ», բա քո հարսանիքին ո՞վ պիտի պարեր։ Ես ուսուցչուհի չեմ, ես ավագ ընկեր եմ ու ամեն մի երեխայից մեծ ուժ եմ ստանում»։
Նարեն՝ աղջիկը, արդեն ավարտել է համալսարանը, իր խոսքերով մայրը միակ իդեալն է, ում ձգտում է նմանվել։ Տղային բանակ ճանապարհելիս ամենաուրախն էր Օլգա Դավթյանը, ասում էր, թե երջանիկ է ու ոչ մի պատճառ չունի հուզվելու, չէ՞ որ զինվորի մայր է։
Իր խոսքերով՝ կյանքում ամենակարևորը լավ մարդ լինելն է, մարդկանց լավություն անելն ու ժպտալն է։ Փորձառու ուսուցչուհին ու ավագ ընկերը խորհուրդ է տալիս միշտ պայքարել ու արժևորել կյանքում ապրած ամեն մի օրը։
Գոհար Աբրոյան
2-րդ կուրս