ԱՆԿԱԽ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ՝ ՊԵՏՔ Է ՍՈՎՈՐԵԼ

ԱՆԿԱԽ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ՝ ՊԵՏՔ Է ՍՈՎՈՐԵԼ

1240

Անին սովորում է Երևանի Պետական Համալսարանում։ Նրա դասընկերներն այժմ 2-րդ կուրսի ուսանողներ են, իսկ ինքը դեռևս 1-ին կուրսում է սովորում։ 1 տարի ետ է ընկել իր տարիքակիցներից՝ ավելի առաջ գնալու նպատակով։
Այսօր բազմաթիվ երիտասարդներ դպրոցն ավարտելուց հետո նախընտրում են մեկնել արտասահման՝ ուսումը դրսում շարունակելու։ Ոմանք Հայաստանում են ավարտում ուսումը, հետո ավելի խորը մասնագիտական գիտելիքներ ստանում արտասահմանյան որևէ համալսարանում։ Ոմանք էլ, օգտվելով այսօր տրամադրվող բազում ծրագրերից, ինչ-որ ժամանակահատվածով են ուսանում դրսում, հետո վերադառնում և ուսում ստանում Հայաստանում։
Վերջիններիս թվին է պատկանում նաև Անին։ Flex ծրագրի շրջանակներում նա դպրոցն ավարտելուց անմիջապես հետո մեկնել է ԱՄՆ, 1 տարի ապրել և սովորել այնտեղ։

-Այս ծրագիրը մեծ հնարավորություններ է ընձեռել  բացահայտել և ամուր կապեր հաստատել ամերիկյան և այլ մշակույթների հետ, ձեռք բերել բազմաթիվ ընկերներ, զարգացնել աշխարհայացքը և վերադառնալով հայրենիք՝ մասնակցել բազում կամավորական աշխատանքների՝ ընդգրկելով մյուս երիտասարդներին։

Հայաստանյան և արտասահմանյան կրթությունների միջև տարբերությունները ահռելի են։ Հայաստանում ուսում ստանալն ավելի բարդ է։ Սակայն ըստ Անիի՝  դժվարությունները գալիս են հենց ուսուցման կարգից։ Հայաստանում լեզու սովորելու համար օգտագործում են գրքեր կամ բառարաններ, իսկ արտասահմանում ամեն դասաժամի ընթացքում դիտում են մուլտֆիլմեր, ֆիլմեր, հարցազրույցներ հայտնի մարդկանց հետ․

-Այս ամենն է, որ նպաստում է իսկապես  լեզու սովորելուն և որ ամենակարևորն է՝ չձանձրանալ․ չէ՞ որ լեզու սովորելու համար առանցքայինը հաղորդակցությունն է։

Հայաստանում ծանրաբեռնվածությունը ամենամեծ խնդիրն է։ Արտասահմանում ծանրաբեռնվածություն նշանակում է շահագործում աշակերտին։ Յուրաքանչյուր աշակերտ ունի հանգստի ժամը դպրոցի կամ համալսարանի հանգստի սենյակում կամ գրադարանում, որտեղ իրենք ավարտում են իրենց հանձնարարությունները, քանի որ դասերից հետո սկսվում են սպորտի պարապմունքները, որոնք նույնպես զարգացնում են միտքը։ Դե իսկ առարկաների ընտրության հարցում երիտասարդներն ազատ են․ չկա ոչ մի պարտադրում։
Տարբերություններից բացի կան նաև մի շարք թերի և բաց կողմեր Հայաստանում։ Ամերիկայում ուսուցիչ-աշակերտ հարաբերություններն ավելի ազատ են, ինչը մեծ դեր ունի ուսումնական համակարգում․

-Այն պակասը, որ ես զգում եմ, դա ոգեշնչված և գնահատված  լինելն է դասախոսի կամ ուսուցչի կողմից։ Յուրաքանչյուր աշխատանք արտասահմանում գնահատվում է։ Մեծ է նաև խոսքի ազատության դերը։ Յուրաքանչյուր անձ ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, ինչը երբեք չի քննադատվում։

Մի սկզբունք կա, որով Անին առաջնորվում է ՝ նախ սովորել խաղի կանոնները, հետո խաղալ ամենից լավը։ Ամեն ինչի հիմքը կրթությունն է, և հենց հայկական կրթությունն է, որ ճանապարհ է բացել իր առջև դեպի մեծ աշխարհ։ Ոչինչ ավելի լավը կամ վատը չի լինում․ լինում են տարբերություններ։ 
Կրթությունը և կրթվածությունը մեծ դեր ունեն անհատի կյանքում։ Անգամ ամենավատ պայմաններում , եթե կա նպատակ,  անշուշտ կարելի զարգանալ նույնիսկ ինքնակրթմամբ։ Եթե կա ձգտում, ապա առավելությունները, թերություններն ու տարբերությունները չեն կարող խոչընդոտ լինել։

Սյուզան Նավասարդյան

2-րդ կուրս

Կիսվել