«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԸ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է, ԻՍԿ ԱՐՎԵՍՏԻՆԸ՝ ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ, ՀԻՄԱ ԵԹԵ ՎԱՐԵՆ ԱՆԿԵՂԾ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ,...

«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԸ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է, ԻՍԿ ԱՐՎԵՍՏԻՆԸ՝ ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ, ՀԻՄԱ ԵԹԵ ՎԱՐԵՆ ԱՆԿԵՂԾ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԿՍՏԱՑՎԻ ՎԱՏ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»․ ԸՆԾԱ

233

Թեյ ենք խմում ու զրուցում գեղանկարիչ, բեմադրիչ, քանդակագործ Գևորգ Ընծա Բաբախանյանի հետ։

-Ի վերջո ո՞րն է Ձեր հիմնական մասնագիտությունը։

-Մասնագիտությունը ինձ համար հագուստի նման բան է, երբ օրինակ հոգևոր կյանքից արվեստ տեղափոխվեցի, շատերը զարմանում էին, բայց ես ընդամենը հագուստս էի փոխել, նույն է, թե գինին տարբեր ամանների մեջ լցնենք, ձևը կփոխի, բայց իր էությունը գինի լինելն է։ Ես արարող եմ, կարարեմ թատրոնում, թե կտավներ կստեղծեմ, միևնույնն է, իմն արարելն է։ Հիմա եթե ասեմ նկարչություն, մեղք կգործեմ թատրոնի նկատմամբ, ու հակառակը․ ինձ համար  նկարչության մեջ թատրոն կա, իսկ թատրոնի մեջ նկարչություն։ 

-Ժամանակին հոգևոր սպասավոր եք եղել, ինչու՞ թողեցիք  ծառայությունը։

-Թողեցի, որովհետև ժամանակի ընթացքում հասկացա, որ կրոնն ու հավատքը տարբեր բաներ են, դա հասկանալու համար հասունանալ էր պետք, ու ես այդ ընթացքում հասունացա։ Կրոնը մարդու կողմից ստեղծված օրենքների հավաքածու է, իսկ Աստված օրենքից դուրս է, Աստված սեր է, ու ինչպե՞ս կարելի է սերը կանոնակարգել։ Հարգանքներս մեր եկեղեցուն, եթե եկեղեցին հանենք հայի պատմությունից, դժվարանում եմ ասել՝ ինչ կմնա, բայց երևի իմ անելիքն արվեստում ավելի շատ է։


«Արևածաղկի ոգին»

-Ինչու՞ Ընծա։

-Դա շատ պատահական էր, երբ մենք Երուսաղեմում ձեռնադրվում էինք, մեզ պատահականորեն տառեր էին բաժին հասնում, որոնցով մեզ անուններ էին տալիս, ու ինձ կոչեցին Ընծա, չնայած որ ես իմ անունը շատ էի սիրում։ Ընդհանուր առմամբ վատ չի, լավ չի միայն այն, որ և՛ անգլերենում, և՛ռուսերենում ը և ծ տառերը բացակայում են, ինչպես նաև արևմտահայության մեջ Ընծան կնոջ անուն է համարվում։

-Թվու՞մ է, թե՞ Ձեր նկարներն իրոք տխուր են։ 

-Զարմանում եմ. ինձ շատերն են ասում, որ իմ նկարները տխուր են,  իմ նկարները այնպիսին են, ինչպիսին ես եմ, չգիտեմ՝ ես տխու՞ր եմ։ Կարևորը ես գիտեմ՝ ինչ էլ նկարեմ, ես ինձ եմ նկարում։

-Այնուամենայնիվ սպասե՞լ մուսային, թե՞ անընդհատ ստեղծագործել։

-Մուսան ի՞նչ է, մի օր կգա, մի տարի չի գա, պետք է եզան պես աշխատել, տքնել։ Երբեմն ասում են՝ ես նկարել չգիտեմ, բոլորի մեջ էլ աստվածային շնորհը կա, պակասում է աշխատասիրությունը։ Դա Վինչին ասում էր՝ ընդամենը մի տոկոս տաղանդ, մնացածը աշխատասիրություն, ու հենց այդ աշխատասիրությամբ էր, որ ստեղծեց հոյակապ Ջոկոնդային, որին ուղիղ 4 ժամ ապշած նայում էի, նայում  ու զգում նկարի մեջ հենց իրեն՝ նկարչին․ հոյակապ մի բան էր։

«Ընտանիքը»

-Ո՞րն է արվեստի դերը հասարակությունում։

-Ինձ համար խելացի է այն կառավարությունը, որն արվեստին առաջնային տեղ է տալիս, արվեստով ապրող ազգն ուրիշ է, իսկ արվեստագետի գործը հասարակություն կրթելն է։ Օրհնվի այն ծնողը, որ իր երեխայի ձեռքը բռնում տանում է թատրոն, պատկերասրահ, թանգարան։ Արվեստով սնված մարդն ուրիշ է, աշխարհայացքն է այլ, հոգեվիճակն է այլ, մոտեցումները։ Ափսոս հիմա մարդիկ արվեստից շատ են հեռացել, այնինչ արվեստ սիրելը մարդու բնական վիճակ է, ու ստացվում է՝ հիմա բնականը դարձել է անբնական։


«Տեր, կեցո զհայս»

 -Հնարավո՞ր է, որ արվեստն ու քաղաքականությունը ընդհանուր եզրեր ունենան։

-Ամենևին, արվեստն ու քաղաքականությունը ոչ մի եզր չունեն, քաղաքականության հիմքը դիվանագիտությունն է, իսկ արվեստինը՝անկեղծությունը, հիմա եթե մարդիկ վարեն անկեղծ դիվանագիտություն, կստացվի վատ քաղաքականություն։ Քաղաքականությունը վատ չէ, ուղղակի արվեստի հետ համատեղելի չէ։

 -Չարենցը գտնում էր, որ ստեղծագործությունն ավելի բարձր է քան ստեղծագործական անհատը, Դուք ի՞նչ կասեք։

-Ինձ համար արարիչն ու արարածը հավասար են և անբաժանելի, մարդն այն է, ինչ ստեղծում է, չի կարող ոչ հայրենասեր մարդը գրել հայրենասիրության մասին։ Արարիչն ու արարածը միասին կազմում են կուռ ամբողջություն, և առանձին դիտարկել չի կարելի։ Օրինակ, երբ հեղինակին չճանաչելով իրենից մի գիրք ենք կարդում, հետո ծանոթանում գրողի կյանքի մանրամասներին, այդ ժամանակ է, որ սկսում ենք նորովի ընկալել գիրքը, ու շատ բաներ բացատրվում են, չստացվե՞ց որ դրանք անբաժան են։ 

-Եվ որպես ամփոփում, արվեստագետից մի խորհուրդ բոլորին։

-Մի՛ արեք այն, ինչ չեք սիրում, մի՛ դատապարտեք ձեզ։ Երբ ես առավոտյան սուրճ եմ խմում, մտածում եմ՝ ո՞նց է լինում, որ չեմ աշխատում, բայց ապրում եմ, վաստակում, ու հասկանում եմ, որ ես ընդամենը  իմ սիրած գործն անելով եմ աշխատում, ու ի վերջո երջանիկ է նա, ում հոբբին իր աշխատանքն է։

Հարցազրույցը՝ Ռիմա Գրիգորյանի

2-րդ կուրս

Կիսվել