…
Աստծո օրհնությամբ,
Հզոր հավատքով միշտ պատրաստեմ
Մարտի
Հանուն իմ, մեր ու համայն Հայաստանի ապագայի:
Երդվում եմ:
2016 թվականի ապրիլի 1-ին Վարդանը հերթական անգամ տվեց երդումը ու բարձրացավ դիրքեր: Նա չէր էլ մտածում, որ մի քանի ժամ անց սկսվելու էր ապրիլյան քառօրյա պատերազմը:
Մինչ ապրիլը.
Ավարտեցի Կոշի միջնակարգ դպրոցը ու մեծ երազանքներով, սպասումներով դիմեցի Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ:
Ունեի մասնագիտական նպատակներ, մեծ հույսեր, բայց գիտեի, որ այս ամենը մի փոքր պիտի սպասի: Ունեի սիրած աղջիկ ու բոլորի նման մտածում էի ՝ դե կգնամ, կծառայեմ, կգամ, կաշխատեմ ու կամուսնանամ:
Մինչ բանակը, դե ծառայող ընկերներ ունեի, ծրագրել էի. կգնամ նրանց նման սովորական կծառայեմ կգամ, բայց ճակատագիրն ինձ համար այլ բաներ պատրաստել:
Ապրիլ.
Ծառայությունս սկսվեց սպասվածի նման, կոփվում էինք, մտքով՝ հասունանում: Հասկանում էի՝ անցնում եմ մի շրջան, որը լիովին փոխում է իմ պատկերացումները կյանքի մասին: Լինում էին օրեր, երբ հիասթափվում էի ամեն ինչից, ցանկանում էի, որ այդ ամենը լիներ երազ. արթնանայի ու տեսնեի, որ իմ հայրական տանն եմ: Այդ դժվարությունները անցնելուց հետո հասկանում ես, որ պատրաստ ես մտնելու նոր կյանք, որը արդեն իր իրական պատկերով է ներկայանալու քեզ: Ես ծառայում էի Մատաղիսում, հակատանկային վաշտում: Ազատ ժամանակ գրքեր էինք կարդում, իրար հետ էինք շփվում: Ամենահետաքրքիրը այն է, որ գրեթե բոլորը պլաններ էին կազմում, թե ինչ պետք է անեն ծառայությունից հետո: Մեկը ցանկանում էր ամուսնանալ, մյուսը շարունակել ուսումը, գնալ արտերկիր, աշխատել: Տարբեր տղաներ, տարբեր ճակատագրեր, սակայն եղավ մի բան, որը խառնեց բոլորի պլանները, նրանց ճակատագրերը կապելով իրար: 2016 թվականի ապրիլին արդեն 1,5 տարվա ծառայող էի: Ապրլի 1-ին երդվեցինք ու ամեն անգամվա նման բարձրացանք դիրքեր:Արտառոցը միայն այն էր, որ մի օր առաջ Մատաղիսի մեր զորամասում կարելի էր նկատել թշնամու անօդաչու սարքերը: Ամեն ինչ հանդարտ էր: Գիշերը երկուսի կողմերը մեծ թափով ամեն ինչ սկսվեց: Իմ հանգստի ժամն էր. ընկերներս եկան արթնացրին ու ես էլ մտա կռվի մեջ: Անկանոն երկու կողմը կրակում էր: Սկսեցին Թալիշ գյուղից, որ մեր դիմաց էր, հետոը սկսեցին ռմբակոծել մեր Մատաղիսը: Դիրքերը դե կապ ունեն իրար հետ, ու սկսվեց ՝ զանգը զանգի հետևից ՝ էս դիրքը գրավեցին, էս մարդն էլ չկա:
Դժոխքն էր իջել, երբ զանգում ու ասում էին ՝ ընկերդ էլ չկա…
Ուզում եմ զգացածս փոխանցեմ, բայց շատ եմ դժվարանում, չգիտեմ:
Սկզբում խուճապի մեջ էինք, քիչ-քիչ հարմարվեցինք ու հրաման եկավ ՝ կրակեք, ինչ շարժվող բան տեսնում եք՝ վերացրեք:
Էտ մի քանի օրը ուտելու, խմելու բան չենք ունեցել. դիրքերը ռմբակոծվում էին, օգնության մեքենաները տեղ չէին հասնում: Մեզ պահում էինք ՝ իրար օգնելով: Մի պահ օղակի մեջ էինք, տեղ չկար գնալու, գիտեինք, որ էտ վերջնա: Ապրելու մասին չենք էլ մտածել: Դիրքեր կային, որ մի տասը կամ ավելի քիչ տղերքով հիսուն հոգու դեմ կռվել են, բայց դիրք չեն հանձնել:
Ապրլի 2-ին նորից եմ ծնվել: Դրսում էի, ռմբակոծումը շարունակվում էր, երբ փորձեցի ներս մտնեմ, պատի մյուս կողմից արկ տրաքեց, ու ալիքն ինձ ներս շպրտեց: Վրաս սաղ ապակի էր, մտացում էի արկի բեկորներն ա: Բախտս բերեց…
Մեզնից մի տասը կամ տասներեք դիրք գրավել էին: Մեզ տեղակայեցին էտ դիրքերի մոտ: Ամսի 2-ին տանկային վաշտն արդեն մարտի մեջ էր ու մի քանի տանկ թշնամին ոչնչացրել էր: Ովքեր ողջ էին մնացել, հոգեկան շեղումներով վերադարձան: Հենց էտ օրը հասկացա, որ կյանքում շատ ավելի կարևոր բաներ կան, քան դատարկ մտքերը:
Տանկիստ ընկերներիս դիակները ես ու զինակիցներս ենք իջացրել:
Շատ հերոսներից են խոսում, բայց շատերին են մոռանում: Հայկ Թորոյան, ինքը շատ բաներա արել, ու քչերը գիտեն իրա մասին: Դիրքեր բաձրանալուց առաջ միշտ հարդարում էր իրեն ու ասում ՝ հանկարծ գերի ընկնեմ, չասեն հայերը փնթի են: Թալիշից դուրս գալուց, երբ զենք պիտի հասցներ դիրքեր, իրեն ու վարորդին երեք ադրբեջացնի հայկական զինվորական համազգեստով սպանում են: Հայկին գլխատում են:
Մի բան, որ շատ լավ եմ հիշում: Ամսի 3-ին եկան կամավորները: Տարիքով մարդիկ էին: Մի ութսունն անց պապիկի հարցրի ՝ պապի ջան ի՞նչ ես էսքան ճամփա անցել, եկել: Բացեց պայուսակը ու մեջը սաղ արյուն: Ընկերոջ արյունն էր: Գալու ճանապարհին իրանց մեքենան ոչնչացրել էին, ընկերը տեղում մահացել էր: Պապին եկել էր վրեժի:
Շատ բաներ են եղել, հիմա չեմ հիշում: Մենք մահի աչքերի մեջ ենք նայել: Տղաներ կային, որ խաղաղ ժամանակ չէին շփվում իրար հետ, էտ օրերին մի բռունցք էին դառել: Գիտեին, որ դիմացինիցա կախված իրա կյանքը, ամեն վայրկյան մեկը կարա մյուսին փրկի ու կփրկի հաստատ:
Տանեցիների հետ վերմակի տակից էի խոսում, որ ձեն չգա: Սիրած աղջիկ ունեի…
Հիմա խոստովանում եմ՝ պատերազմում ինձ պահեց աղջիկն ու ընտանիքը ՝ իմ սրտում:
Չնայած հայրենիքս մնաց, բայց աղջիկը չսպասեց…
Ընկերներս բոլորը հերոսներ են, որ մթության մեջ գետնից շոշափելով փամփուշտ էին գտնում ու կրակում:
Պատերազմն ավարտվեց…
Մի քանի ամիս ուշքի չէի գալիս: Ծառայության առաջին պահերից սպասել եմ տուն գալու օրվան: Էտ օրն անցավ սովորականի նման: Մերոնք ուրախությունից լացում էին, որ իմ ոտքով մտա տուն:
Ապրլից հետո.
Բանակից հետո նպատակ ունեմ ՝ դառնալ լավ ծրագրավորող ու լավ աշխատանք ունենալ, այնուհետև մտածել անձնական կյանքս դասավորելու մասին: Այդ 2 տարին և պատերազմը շրջադարձային եղան ինձ համար: Կյանքս կարելի է բաժանել 2 մասի՝ մինչ ծառայությունը և ծառայությունից հետո: Բանակից հետո, պատերազմից հետո առավել ևս, շատ բան փոխվեց: Հիմա ամեն ինչին թեթև ու կատակով եմ նայում: Մենք դժոխք ենք տեսել Երկրի վրա ու մահ: Կուզեի չլինեին էտ օրերը, բայց շատ բան սովորեցի ՝ արժևորեցի կյանքը, հասկացա ՝ ինչ է ընկեր ասվածը: Ծառայության մեջ կյանքը երազ է, կյանքում ծառայությունը ՝ երազ:
Էլենիտա Սարգսյան
2-րդ կուրս