Նորագույն տեխնոլոգիաները ողջ հասարակության համար ստեղծել են նոր աշխարհ: Դրանք են թելադրում կյանքի ընթացքն ու ուղորդում ճանապարհը: Ներկա դարաշրջանում մարդ արարածը մուտք է գործել տեխնոլոգիաների նոր դարաշրջան, որն արագ տեմպերով փոփոխության է ենթարկել նրա հասարակական կյանքը: Քաղաքական, տնտեսական, գեղագիտական, հոգեբանական, բարոյական, կրթական, հասարակական տեսանկյունից տեղեկատվական տեխնոլոգիաների թողած ազդեցության հետևանքները խորն են այնքանով, որ մարդկային կյանքի և հոգու ոչ մի անկյունը զերծ չի մնացել այդ ազդեցությունից: Այսօր ակնհայտ է, որ քաղաքակրթության հետագա զարգացումը կախված է նրանից, թե ինչպես կկառուցվեն մեդիայի և մարդու, մեդիայի և մշակույթի, մեդիայի և կրթության հարաբերությունները: Միայն համատեղ ջանքերի շնորհիվ է հնարավոր լուծել այդ խնդիրները: Այս հոդվածում կփորձենք պարզել, թե արդի տեղեկատվական տեխնոլոգիանրը արդյո՞ք ազդում են մանկահասակ երեխաների հոգբանության վրա:
Հոգեբան Լենա Առաքելյանը ասում է, որ իսկական մանկությունը լի է ազնվությամբ, մաքրությամբ, պարզությամբ, միամտությամբ, հասարուկությամբ, անհոգ է, ուրախ, առանց պահանջների և կամակորությունների:
Եվ հենց մանուկներն ունեն աշխարհում ամենաթանկ բանը՝ մաքուր հոգի ու միտք: Նախկին բակային եւ մանկական խաղերին փոխարինելու են եկել հեռուստացույցը, համակարգիչը, բջջային հեռախոսը, պլանշետը, համացանցը… Այն հարցին, թե առաջին բացասական ազդակները որտեղից կարող է ստանալ երեխան, հոգեբանը պատասխանում է այսպես.
– Այսօր հոգեբանները եւ գիտնականները միաձայն պնդում են, որ հեռուստացույցը առաջին հերթին ազդում է երեխայի զարգացող նյարդային համակարգի վրա, որն էլ անդրադառնում է երեխայի առողջության եւ վարքի վրա։ Հեռուստացույցը ստեղծում է հիպնոտիկ մի դաշտ, որն էլ ստիպում է երեխաներին ժամերով գամվել էկրանին։ Երբ հեռուստացույցն անջատվում է, ուղեղի բետա ալիքները (արթնության ալիքները) իրենց տեղը զիջում են դանդաղ ալֆա ալիքներին (որոնք դիտվում են այն ժամանակ, երբ մարդը պատրաստվում է քնել)։ Դրա հետեւանքով ուշադրությունը դառնում է ցրված, տեսողությունը եւ լսողությունը բթանում են, իջնում է ճանաչողական գործընթացների արագությունը։ Այն բացասաբար է ազդում երևակայության, խոսքի ձևավորման, հենաշարժության, ընդունակությունների և այլ հատկանիշների վրա:
Որոշ հետազոտություններ պարզել են, որ օրական անգամ կես ժամ հեռուստացույցի դիմաց անցկացնելը կարող է բացասաբար ազդել երեխայի հոգեբանության վրա։ Որպեսզի ասվածը ավելի փաստարկված լինի, բերենք միջազգային օրինակ: Կանադայում մանկապարտեզ հաճախող երեխաների շրջանում անցկացված հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ միջինը օրական 72 րոպե կամ նույնիսկ մեկ ժամ հեռուստացույցի դիմաց անցկացնելը կարող է վատ անդրադառնալ երեխաների վրա: Այս մասին հրապարակել է «Science Daily» պարբերականը: Մոնրեալի համալսարանի պրոֆեսոր Լինդա Պագանին «Սուրբ Ժուստին» մանկական հիվանդանոցի հետ համատեղ անց է կացրել մի հետազոտություն, որի արդյունքում պարզ է դարձել, որ հեռուստացույցի առաջ ավել ժամանակ անցկացնելուց հետո երեխաների մոտ առաջացել են բառապաշարի, մաթեմատիկական կարողությունների հետ կապված խնդիրներ:
Պարզելու համար,
թե այն որքա՞ն է ազդում երեխայի քնի և դասպատրաստման արդյունավետության վրա, զրուցեցի
ֆիզկուլտուրայի ուսուցիչ Համլետ Հովհաննիսյանի հետ: Վերջինս ասաց, որ այն երեխաները, ովքեր չարաշահում են հեռուստացույց (համակարգիչ)
դիտելը, ավելի դժվար են քնում, գիշերները հաճախ են արթնանում, մղջավանջներ տեսնում։
Այս բոլոր բարդությունները շարունակվում են նաեւ ավելի մեծ տարիքում։
Երկար ժամանակ հեռուստացույցի առջեւ անշարժ գամված մնալով` երեխան աստիճանաբար սովորում
է նստակյաց կյանքի, ինչն էլ նպաստում է գիրանալուն։ Ամենաառաջին խանգարումը, որ դիտվում
է հեռուստացույցի չարաշահելու դեպքում, քնի խանգարումն է, որն էլ իր հերթին հանգեցնում
է ալարկոտության, ինչն էլ ազդում է դասապատրաստման պրոցեսի վրա: Ուսուցիչ Հովհաննիսյանը
փաստում է, որ ֆիզիկական առողջությունը նույնպես տուժում է, նստակյաց կենսակերպը բերում է բազմաթիվ հիվանդությունների զարգացման` այդ թվում շաքարախտի, սրտամկանի ինֆարկտի և քաղցկեղի:
ՏՏ մասնագետ Սամվել Մարտիրոսյանը փաստում է, որ կախվածության առաջին նշաները ի հայտ են գալիս այն բանից հետո, երբ ծնողները իրենց բազմազբաղությունը թոթափելու համար երեխային զբաղեցնում են հեռախոսով: Այն հարցին, թե հեռախոսը ինչպե՞ս է ազդում մանկահասակ երեխայի վրա, մասնագետը փաստում է.
– Հեռախոսներով օգտվողների շրջանում ուռուցքներով հիվանդանալու հավանականությունը մեծանում է 70%-ով: Մոտավորապես 3 անգամ մեծանում է լսողական նյարդի բարորակ ուռուցքով հիվանդանալու ռիսկը, հատկապես այն ականջի կողմում, որով սովորաբար խոսում են հեռախոսով:
Երկու ամյա Խաչատուրի մայրը՝ Հասմիկը ասում է, որ երեխան օրվա մեջ մոտ երկու ժամ անցկացնում է հեռախոսի հետ։ Գիտակցելով, որ այն կարող է կախվածություն առաջացնել՝ Հասմիկը փորձում է երեխայի համար ստեղծել ավելի ռեալ միջավայր՝ հեռու համակարգչից, հեռուստացույցից, համացանցից և այլ տեղեկատվական տեխնոլոգիաներից:
Մարիամ Ղազարյան
4-րդ կուրս