Եթե վեր նայեք ու տեսնեք երկնագույն երկնքում թևածող ճերմակաբաշ ամպերի խաղը, նրանց փոխակերպումների մեջ կհայտնվի բոլոր այն օրհնյալների հետագիծը, որոնք մեկտեղվելով դառնում են զորախումբ՝ արդարության հաղթանակ բերող զորախումբ, որը շանթի որոտով փշրելու է անարդարության կարծր պատնեշը, որպեսզի ամենակարողի արարած ու կերտած մարդն իր երկրային կյանքն ապրի արարելու և ո՛չ կործանելու համար…
Գոհար Մարտիկյան
Մարտի 20-ին Երևանի պետական համալսարանի Եղիշե Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ ռադիոլրագրող, հրապարակախոս Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձև» պատմավավերագրական մատենաշարի 12-րդ հատորի շնորհանդեսը:
Հատորներից յուրաքանչյուրում հեղինակը ներկայացնում է Արցախյան ազատամարտում զոհաված քաջերի կյանքը և անդրադառնում է նրանցից յուրաքանչյուրի սխրանքներին:
Այս հատորում պատմվում է Արարատի մարզի 94 հերոսների մասին, ովքեր կռվեցին հանուն տեսակի պահպանման:
Գոհար Մարտիկյանի գրքի յուրաքանչյուր հատոր մի առանձին գիրք է:
Ինչպես նշեցին Գոհար Մարտիկյանի ընկերները, նա ստեղծել է մի զորք և ինքն է զորքի հրամանատարը: Այս բանաձևով ապրում է նա և ապրեցնում է այլ մայրերի:
Կես կատակ-կես լուրջ էլ նշում է Դավիթ Սարգսյանը. «Տիկին Մարտիկյանը ամեն անգամ ասում է, որ սա լինելու է վերջին հատորը, բայց ես վստահ եմ, որ էլի ենք հանդիպելու»:
Միջոցառմանը ներկա էին զոհված տղաների հարազատները, ում և Գոհար Մարտիկյանը նվիրեց գրքի օրինակներից:
Սվետլանա Դավթյան
1-ին կուրս