ՄԵԶ ՉԵՆ ՏԱՐԲԵՐՈՒՄ, ԲԱՅՑ ՄԵՆՔ ՏԱՐԲԵՐ ԵՆՔ

ՄԵԶ ՉԵՆ ՏԱՐԲԵՐՈՒՄ, ԲԱՅՑ ՄԵՆՔ ՏԱՐԲԵՐ ԵՆՔ

838

Շուտով կլրանա Ավիկի և Ալիկի 18-ամյակը։ Այս զույգ եղբայրներին քչերն են, որ կարողանում են տարբերել, սակայն բնավորությամբ, ցանկություններով և մտածելակերպով նրանք իրարից շատ են տարբերվում։

Այս բարի և չափից դուրս խելացի տղաների մոտ 2002 թվականից ախտորոշվել է մանկական ուղեղային կաթված։  Նրանք դժվարանում են ինքնուրույն տեղաշարժվել, սակայն դա ոչ մի կերպ չի խանգարում տղաներին երազել և նպատականեր դնել իրենց առջև։

Տղաներն ապրում են Վարդենիս քաղաքում, հաճախել են հանրակրթական դպրոց, որից հետո ընդունվել են Վարդենիսի պետական քոլեջ և այժմ սովորում են ծրագրավորում բաժնում։ Սակայն երազանքները եղբայրներին այլ կողմ են տանում. Ալիկը ցանկանում է դառնալ հեռուստալրագրող, իսկ Ավիկը` սպորտային մեկնաբան։ Այս տղաների մոտ լրագրող դառնալու ցանկությունը տարբեր կերպ է առաջացել։ Ալիկը փոքրուց շատ է սիրել հեռուստացույց դիտել։ Նա ասում է. «Երբ տեսնում էի, թե ինչպես է տաղավարում միանում լույսերն, ու հեռուստամեկնաբանը սկսում է ներկայացնել լուրերի թողարկումը, ամբողջ մտքով ինձ էի պատկերացնում նրա փոխարեն»։

 Մայրը նշում է, որ տղան միշտ հետևում էր լրատվական թողարկումներին. «Մինչև հիմա, երբ հանկարծ լսում է լրագրող բառը, կամ հեռուստատեսությանն առնչվող որևէ բառ՝ աչքերը փայլում են»։

Ավիկի մոտ լրագրող դառնալու ցանկությունը  առաջացել է ֆուտբոլից։ Տղան շատ է սիրում ֆուտբոլ,սակայն խաղալ չկարողանալու պատճառով հետ   չկանգնեց իր սիրած սպորտաձևին մոտ լինելու հնարավորությունից։ Ավիկն էլ տանից, երբ ֆուտբոլ է դիտում, սկսում է մեկնաբանել խաղը և պատկերացնում, որ իրեն լսում է բազմահազարանոց երկրպագուների բանակ։

Երկու եղբայրներն էլ չեն հերքում, որ շատ են վիճում։ Ալիկն ասում է, որ նրանք կարող են վիճել նույնիսկ ամենաանտրամաբանական հարցի շուրջ։ Ալիկը նույնիսկ խոստովանում է, որ եղբորը  հակառակվելու համար երկրպագում է Ավիկի սիրելի թիմի հակառակորդին՝ Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբին, չնայած որ ֆուտբոլ չի սիրում։ Չնայած իրենց անվերջանալի վեճերին՝ նրանք սոցիալական հարթակում վարում են նույն ֆեյսբուքյան էջը։

Տղաներն անկեղծանում են, որ իրենց դուր է գալիս երբ իրենց չեն տարբերում։ Նույնիսկ օրեր են լինում, երբ դիտավորյալ միանման են հագնվում։ Ավիկը խոստովանեց, որ իրենց նմանության շնորհիվ քոլեջ ընդունվելուց կարողացել են մեկը մյուսի փոխարեն պատասխանել ու ոչ ոք գլխի չի ընկել։

Տղաները երբեք ուշադրության պակաս չեն զգացել։ Նույնիսկ Վարդենիսից դուրս նրանց շատերն են ճանաչում։ Երևանը սիրում են  և միայն ափսոսանք են ապրում, որ Վարդենիսում չկան այն հնարավորությունները, որոնք կան Երևանում։

Այս զույգ եղբայրները դարձան Վարդենիսի «Աստղավարդ» հաշմանդամ երեխաներ հասարակական կազմակերպության բացման առիթը։ Եղբայրների տատիկի և հաշմանդամ երեխաներ ունեցող մի շարք ծնողների մեծ ջանքերով բացվեց այս կենտրոնը, քանի որ ոչ բոլորը ունեն հնարավորություն իրենց երեխաներին Երևան տանելու։ Իսկ այժմ կենտրոնը ունի բավարար պայմաններ հաշմանդամ երեխաների համար։ Մի քանի  բարերարների և դրամաշնորհների միջոցով կենտրոնը կարողացավ ձեռք բերել անհրաժեշտ գույք և ունենալ վերապատրաստված մասնագետներ, ովքեր կաշխատեն երեխաների հետ։

Ավիկն ու Ալիկը երկու տարուց կավարտեն քոլեջը։ Նրանց միակ ցանկությունն է ուսումը շարունակել Երևանի պետական համալսարանում և ստանալ իրենց երազած մասնագիտությունը։ Սակայն հեռավորության և ժամանակավոր բնակավայրի հարցը  իրենց համար մեծ խնդիր է, և մայրը չգիտի, թե տղաները ընդունվելուց հետո որտեղ պետք է ապրեն։

Այս տղաները յուրաքանչյուրիս համար օրինակ են ծառայում և իրենց երազանքներով ապացուցում, որ կյանքում ոչինչ չի կարող մարդուն հետ պահել իր երազանքներից։

Ադրինե Նիդելյան

4-րդ կուրս

Կիսվել